Վիսկոնսինի «Ուայթուոթերի» համալսարանի պրոֆեսոր, համայնքի հնաբնակներից Ռաս Քեշյանը նշում է՝ եթե, օրինակ, 1932 թվականին ԱՄՆ 37-րդ նախագահի ընտրության ժամանակ տեղի բոլոր հայերը միաձայն դեմոկրատ Ֆրանկլին Ռուզվելտին էին սատարում, ապա այսօր համայնքում տարակարծությունները շատ են։
«Այնուամենայնիվ, եղել են դեպքեր, երբ հայերը միավորվել են՝ մի թեկնածուի աջակցելու համար: Շատ տարիներ առաջ էր, պապս Ֆրանկլին Ռուզվելտի մեծ աջակիցն էր։ Նա ինձ պատմում էր այդ մասին։ Հիմա հայերն այստեղ ակտիվ են, բայց ներկայացնում են բոլոր կողմերը»,- ասում է Քեշիշյանը։
Վիսկոնսինը նահանգ է հռչակվել 1848 թվականի մայիսին: Մինչև 1928 թվականը հիմնականում հանրապետական ՝ «կարմիր» նահանգ համարվող Վինսկոսինը երկրի մեծ մասի նման բռնեց դեմոկրատների կողմը և «կապույտ» նահանգ դարձավ Մեծ դեպրեսիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 1940-ականների կեսերից մինչև 1984 թվականը Վիսկոնսինը հաճախ քվեարկում էր հանրապետականների օգտին, բայց 1988-ից 2012 թվականներին՝ յոթ անընդմեջ ընտրություններում հաղթեցին դեմոկրատները, ընդ որում 2000 և 2004 թվականների արդյունքները բավականի մոտ էին: 2016 թվականին նահանգում Դոնալդ Թրամփը 0,7% տոկոսային կետով հաղթեց Հիլարի Քլինթոնին։ 2020 թվականին Վիսկոնսինը «վերադարձավ» դեմոկրատներին, և Ջո Բայդենը նվազագույն տարբերությամբ պարտության մատնեց Թրամփին:
Տեղի հայ համայնքը հիմնականում ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո։ Պրոֆեսոր Քեշյանի կարծիքով՝ հայերը, երբ դեռ նոր էին եկել Վիսկոնսին, հիմնականում հարում էին դեմոկրատներին: Ժամանակի ընթացքում ավելի շատ ինտեգրվեցին ամերիկյան մշակույթին, դարձան ավելի «ամերիկացի»։ Ինքն անձամբ կողմ է ազատ շուկայական տնտեսությանը։
Your browser doesn’t support HTML5
«Նրանք բոլորը միասին չեն քայլում նույն ուղղությամբ, ինչը ավելի օգտակար է, որովհետև բոլոր թեկնածուները պետք է պայքարեն հայերի ձայների համար, նրանց դիտարկեն որպես անհատներ»,- կարծում է Քեշյանը:
Հայերի թիվը Վիսկոնսինում այնքան է, որ միասնաբար քվերակելու դեպքում կարող են ազդել նահանգի ընտրությունունների արդյունքների վրա։ Բայց ինչպես Միլուոկիում ծնված, մեծացած ու թոշակի անցած ուսուցչուհի Ռոլին Քալաջյանն է ասում, ամեն ձայնը կարևոր է։ Նրա ընտանիքը մշտապես քվեարկել է դեմոկրատների օգտին, նույնիսկ եթե տվյալ թեկնածուին չի համակրել։
«Որպես մանկավարժ, որպես հանրային ծառայող, ով աշխատել է ցածր եկամուտ ունեցող մարդկանց հետ, նախորդ ութ տարիներին շատ ակտիվ եմ եղել Միլուոկի քաղաքի անօթևաններին օգնելու ծրագրերում։ Զգում եմ, որ Դեմոկրատական կուսակցությունն ավելի շատ բան ունի առաջարկելու։ Չեմ ասում, թե հանրապետականները վատն են։ Ո՛չ: Բայց կարծում եմ՝ Դեմոկրատական կուսակցության մոտցումները հասցեագրված են ինձ և այն մարդկանց, ում ես ծառայում եմ»,- ասում է նա:
Այդուհանդերձ, Ռոլին Քալաջյանը, չի տեսնում այնպիսի թեկնածուի, որը հետաքրքրված է հայկական խնդիրներով։ Միլուակիի հայ համայնքի ավագ անդամը առանձնապես չի սիրում խոսել քաղաքականությունից․ «Մարդիկ գիտեն իմ կարծիքը, բայց չեմ բանավիճում, հակված չեմ տարաձայնությունների մեջ մտնել: Իմ համոզմունքն է՝ եկեք համաձայնվենք չհամաձայնվել»:
Համայնքի կյանքին ակտիվ ներգրավված բիզնեսի գծով պրոֆեսոր, ձեռներեց Արմեն Հաջինյանի ուշադրության կենտրոնում ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ թեկնածուների պատկերացումներն են. « Դժվարն այս պահին այն է, որ չի խոսվում, թե ինչպես ենք գործ ունենալու միջազգային անվտանգության [հարցերի] հետ, կամ ինչպես ենք վարվելու Ռուսաստանի նկատմամբ, աշխատելու Չինաստանին հետ: Եվ, ցավոք, երբ խոսում եմ իմ ոչ հայ ընկերների, ուսանողների հետ, աշխարհագրության մասին նրանց պատկերացումները սարսափելի են»։
Երկրի ներսում խնդիրները, անշուշտ, շատ են, լուծումները դյուրին չեն, բայց, ըստ Հաջինյանի, պետք է նախևառաջ կանգնեցնել պատերազմները. «Ինձ թվում է, թե Դեմոկրատական կուսակցությունը պատերազմ է ուզում: Նրանք շատ տազմատենչ են: Մինչդեռ Հանրապետական կուսակցությունում ոմանք են այդպիսին։ Դոնալդ Թրամփն ասում է, որ ցանկանում է վերջ տալ Ուկրաինայի խնդրին: Ես չգիտեմ, թե դա ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար, բայց կցանկանայի տեսնել պատերազմի մարում»:
Համայնքի տարեցներից է Հայ յեղափոխական դաշնակցության անդամ, կենսաքիմիայի դոկտոր Լևոն Սարյանը: Ծնողները Ցեղասպանության փրկվածներից են, ինքը ծնվել է Դելավերում, աշխատանքի բերումով բնակվել Վիսկոնսինում։ ԱՄՆ նախագահի ընտության հարցում Սարյանն ասում է, թե առաջնորդվելու է Հայաստանի ու հայության շահերով։
«Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները ակտիվ դերակատարություն կունենա և կաջակցի Հայաստանին, քանի որ այն զարգանում է և դառնում աճող ժողովրդավարական երկիր, որը պետք է տնտեսապես ավելի բարգավաճի: Կարծում եմ՝ սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են, և այստեղ ապրող հայերից շատերը պնդում են, որ Միացյալ Նահանգների կառավարության կողմից պետք է ավելի շատ աջակցություն լինի Հայաստանին»,- ասում է նա:
Արդեն, այսպես ասած, ավանդական ամերիկահայ սփյուռիք կողքին Միլուակիում բնակություն են հաստատել նաև առաջին սերնդի հայ ներգաղթյալները։ Բժշկական ծառայությունների վաճառքով զբաղվող, ծագումով Լեռնային Ղարաբաղից, բայց Թուրքմենստանում ծնված Ինեսա Պետրոսյանը գտնում է, որ դեմոկրատներն ավելի հաճախ են հանդես գալիս ի նպաստ հայերի։ Սակայն ժամանակի վայրիվերումներին դիմանալու լավագույն միջոցը հայապահպան կրթությունն է.
«Որպես ներգաղթյալ, որպես հայկական սփյուռքի մաս, պետք է ավելի շատ կենտրոնանանք մեր երեխաներին կրթելու և նրանց հայ համայնքի ու հայության մեջ ներգրավելու ուղղությամբ: Քաղաքականությունը փոխվելու է։ Մենք ապրում ենք անընդհատ փոփոխվող աշխարհում»,- ասում է Պետրոսյանը։
19-ամյա Լիո Դադյանը, ով Հայաստան կատարած իր առաջին այցի մասին էր պատմում համայնքին, այս նոյեմբերին առաջին անգամ կմասնակցի ընտրություններին։ Քաղաքականությամբ շատ չի հետաքրքվում, բայց հակված է հանրապետականների կողմը։ Առաջիկա ծրագրում է կրկին այցելելն է Հայաստան. «Ուզում եմ ընտանիքիս տանել Հայաստան։ Այս անգամ ես իրենց գիդը կլինեմ, ցույց կտամ նրանց Երևանը, մարզերը»։