Ընտրություններին ընդառաջ այս վերջին շաբաթում նախագահական քարոզարշավը, կարծես, նման լինի դատավարության․․․ փոխադարձ մեղարանքներն անպակաս են ։
«Արդյո՞ք հիմա ավելի լավ վիճակում եք, քան չորս տարի առաջ»,- ասում է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ ու հանրապետական թեկնածուների այս շաբաթվա ելույթներն ընդունված է կոչել «եզրափակիչ փաստարկներ»։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի կենտրոնում՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում, ներկայացրեց իր ծրագիրը տնտեսության և ներգաղթի մասին:
«Քամալա Հարիսը կոտրել է մեր միջին խավի մեջքը: Օտար պետություններին օժանդակելուց, օտար սահմանները պաշտպանելուց հետո վերջապես պատրաստվում ենք կառուցել մեր երկիրը, պաշտպանել մեր սահմանները և պաշտպանել մեր քաղաքացիներին, և սա կոչվում է՝ «նախևառաջ Ամերիկան է»»,- հայտարարել է Թրամփը:
Your browser doesn’t support HTML5
20 հազար նստատեղ ունեցող հանրահավաքի վայրը լեփ-լեցուն էր։ Ոմանք սպասել են ողջ գիշեր՝ ներս մտնելու համար:
«Իրոք, հիանալի կլիներ օրինակելի ղեկավար ունենալը, բայց անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Թրամփը լավ աշխատանք կկատարի իր գլխավորած վարչակազմի հետ և արտաքին գործերի առնչությամբ»,- ասում է Թրամփի հանրահավաքի մասնակից Վիրջինիա Էյվերին:
«Նա անկեղծ է, և ինձ ոգեշնչում է»,- նշում է Թրամփի հանրահավաքի մեկ այլ մասնակից Նազիմ Քարիմը:
«Իսկապես, տեսնում եմ, որ Թրամփը պատրաստվում է մեզ տեղափոխել հաջորդ մակարդակ»,- ասում է Թրամփի հանրահավաքի հերթական մասնակիցը՝ Քերոլ Վասկեսը:
Իր ելույթի համար փոխնախագահ Քամալա Հարիսն ընտրել էր Վաշինգտոնում գտնվող հայտնի Էլիպսը՝ էլիպսաձև այգին, որից քիչ այն կողմ Սպիտակ տունն է:
«Ժամանակն է, որ Ամերիկան ղեկավարի նոր սերունդ»,- ասել է Հարիսը:
Հարիսը ներկայացրեց Ամերիկայի ապագայի վերաբերյալ իր տեսլականը՝ այն հակադրելով Թրամփին առաջարկածին:
«Ժամանակն է շրջել այս ողբերգության ու կոնֆլիկտի էջը: Պատմության մեջ առաջին անգամ դաշնային մակարդակով վերին շեմ եմ սահմանելու սնդդամթերքի ու ինսուլինի գների համար»,- ասել է Հարիսը:
Կրկին՝ ներկա էին տասնյակ հազարավոր մարդիկ։
«Առաջին կին նախագահը․․․ կցանկանայի տեսնել դա իմ կյանքի ընթացքում»,- ասում է Հարիսի հանրահավաքի մասնակից Անջելա Քոլմենը:
«Նույնասեռական եմ, և անձամբ ես ցանկանում եմ պահպանել իմ իրավունքները»,- նշում է Հարիսի հանրահավաքի մեկ այլ մասնակից Դևիդ Դեմատիան:
«Նա պաշտպանում է հղիության արհեստական ընդհատման իրավունքը, կնոջ ընտրության իրավունքը, և ես հավատում եմ, որ կապահովի, որ իր նախագահության օրոք չգործի աբորտներն արգելող դաշնային օրենք»,- ասում է Հարիսի հանրահավաքի մասնակից Ալիսիա Ռաուն:
Հաշվի առնելով մրացկից թեկնածուների վարկանիշների իրար մոտ լինելը՝ դիտորդների գնահատմամբ՝ այս ընտրությունները կարող են թեժ լինել: Որոշ նահանգներում արդեն դատական գործընթացներ են՝ քվեաթերթիկների հաշվարկի և ընտրողների իրավունքների առնչությամբ: