ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի հանդիպել էմերձավորարևելյան հակամարտության հիմնական բանակցողների հետ Քաթարում՝ հրադադարի հարցը քննարկելու համար: Կողմերը ամիսներ շարունակ փորձում են միջնորդել Գազայում և Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման և Գազայում պահվող մոտ 100 պատանդների վերադարձի շուրջ
ԱՄՆ-ի պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում է՝ նախագահ Ջո Բայդենի բարդ հանձնարարականով, որի նպատակն է վերսկսել Գազայի հրադադարի, մոտ 100 պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները և մարդասիրական օգնությոն ցեուցաբերել պաղեստինցիներին, որոնք տուժել են ավերիչ պատերազմի հետևանքով։
Your browser doesn’t support HTML5
Պետքարտուղար Բլինքենը հինգշաբթի հայտարարեց պաղեստինցի քաղաքացիական անձանց համար լրացուցիչ 135 միլիոն դոլարի ամերիկյան օգնության մասին: Նա նաև նշեց, որ վարչակազմը կարծում է, որ Իսրայելն «իրագործել է իր ռազմավարական նպատակները»՝ անցյալ շաբաթ «Համասի» ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից հետո։
«Այժմ, երբ դա իրագործված է, այս պահը անհրաժեշտ է օգտագործել պատերազմը դադարեցնելու, բոլոր պատանդների վերադարձնելու և Գազայի բնակչության համար ավելի լավ ապագա կառուցելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քաթարի առաջնորդը հինգշաբթի օրը հայտարարեց, որ իր երկրի բանակցողները նորից կապ են հաստատել «Համասի» հետ, բայց ապագայի վերաբերյալ անորոշ պատկեր է ներկայացրել։
«Վերջին մի քանի օրերին հանդիպումներ ենք ունեցել նրանց հետ: Կարծում եմ՝ առայժմ հստակություն չկա, թե որն է լինելու ճանապարհը կամ հստակ դիրքորոշումը»,- ասել է Քաթարի վարչապետ Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
Վերլուծաբանները լավատես չեն, որ կրակը հնարավոր կլինի զսպել, հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը սպանեց «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Լիբանանում։ ԱՄՆ-ը ճանաչում է «Հեզբոլլահը» և «Համասը» ահաբեկչական կազմակերպություններ։
«Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Թոնի Բլինքենը կրկին մեկնում տարածաշրջան։ Չկա որևէ հստակ հեռանկար, որ նա այնտեղ ինչ-որ նոր կամ տարբերվող բան կկարողանա իրագործել, ինչը անհնարին էր իր նախորդ տասը այցերի ժամանակ»,- պնդում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Ջերալդ Ֆայերշթայնը։
Ամերիկացի մահմեդականների իրավունքները պաշտպանող խոշորագույն կազմակերպություններից մեկն իր հերթին ասում է, որ համաձայնագրի հասնելու երկու խոչընդոտ կա՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա ամենահզոր աջակիցը՝ Բայդենը։
«Պարոն Նեթանյահուն քաղաքական և գաղափարական պատճառներով շահագրգռված չէ համաձայնության գալ մշտական հրադադարի շուրջ, որը կազատի բոլոր պատանդներին, դուրս կբերի բոլոր իսրայելական զորքերը Գազայից և վերջնականապես կդադարեցնի պատերազմը։ Միակ միջոցը, որով կարելի է ստիպել նրան դա անել, նրան զինամթերքից զրկելն է։ Այսպիսով՝ ես չեմ ակնկալում, որ պարոն Բլինքենի այցը հաջողություն կունենա առանց այդ կարևոր բաղադրիչի»,- ասում է Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի փոխտնօրեն Էդվարդ Ահմեդ Միթչելը։
Այս դիվանագիտական զարգացումները իրագործվում են այն մարդկանց համար, ովքեր երկու կողմերից էլ ստիպված են անցնել այս ամենի միջով, և ում կյանքի անբաժան մաս է դարձել պատերազմը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։