Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն աշխարհում սիրված է իր կատարումներով, և երկրպագուներից շատերը ողջունեցին նրա քայլը՝ ԱՄՆ գալիք ընտրություններում սատարել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին։
Սեպտեմբերի 10-ին Սվիֆթը Instagram-ի իր էջի միջոցով աջակցություն հայտնեց Հարիսին՝ նրան նկարագրելով նրան որպես «հաստատակամ և տաղանդավոր առաջնորդ»:
Երգչուհու երկրպագու Ջասլին Կաուրը, ով Վիսկոնսինի Մարքեթ համալսարանի դեմոկրատներին հարող ուսանողների ակումբի նախագահն է, ասում է, թե Թեյլոր Սվիֆթի քայլը ողջունելի է:
Your browser doesn’t support HTML5
«Չեմ կարծում, թե [Սվիֆթի այդ քայլը] կփոխի ընտրողների կարծիքը, բայց կարծում եմ, որ այն դրդելու է երիտասարդ ընտրողներին գնալ և քվեարկել, ու քվեարկել դեմոկրատների օգտին»,- ասում է Կաուրը:
Լեգենդար երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը վերջերս սոցհարթակներից մեկում հրապարակեց տեսանյութ՝ նույնպես իր աջակցությունը հայտնելով Քամալա Հարիսին:
«Քամալա Հարիսը և Թիմ Ուոլցը հավատարիմ են այս երկրի այն տեսլականին, որը հարգում և ներգրավում է բոլորին՝ անկախ սոցիալական դասից, կրոնից, ռասայից, քաղաքական հայացքներից կամ սեռական ինքնությունից»,- ասել է Սփրինգսթինը:
Պակաս չէ նաև հանրապետականներին աջակցող հայտնիների թիվը։ Այս հուլիսին տեղի ունեցած հանրապետականների համերկրային համագումարին ըմբշամարտի լեգենդ Հալք Հոգանը պատռեց իր շապիկը՝ ի նշան աջակցության Դոնալդ Թրամփին:
«Թո՛ղ թրամփականությունը դեն նետի կապանքները։ Եղբա՛յր։ Թո՛ղ թրամփականությունը կրկին իշխի։ Թո՛ղ թրամփականությունը կրկին Ամերիկան դարձնի մեծ»,- հայտարարեց Հոգանը:
Մեկ այլ հայտնի դեմք՝ քանթրի ոճի երաժիշտ Քիդ Ռոքը, ով նույնպես այդ համագումարին էր, իր հրապարակավ աջակցությունը հայտնեց Թրամփին:
«Աստված օրհնի Դոնալդ Թրամփին և Աստված օրհնի Ամերիկան»,- ասաց Ռոքը:
Ինչևէ, չնայած հայտնիների նման աջակցությանը, իրականում պարզ չէ, թե նման քայլերը ինչ ազդեցություն կթողնեն ամերիկացի ընտրողների վրա, և այս հարցում դժվարանում են կանխատեսում անել նաև վերլուծաբանները։
«Կարևոր հարց է՝ արդյո՞ք ընտրողները կգրանցվեն քվեարկելու այն վայրերում, որոնք նշանակություն ունեն [ընտրությունների ելքի վրա], և արդյո՞ք այդ գրանցումները ընտրողներին կբերեն ընտրատեղամաս»,- ասում է Հեմլայնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Շուլցը:
Պրոֆեսորը վստահ է՝ ամեն դեպքում, վճռական պահին հայտնիների աջակցությունները, ամենայն հավանականությամբ, քիչ դեր կխաղա:
«Այն պահից, երբ Բայդենին փորինեց Հարիսը, հանրային տրմադարություններում փոքր տեղաշարժերի ականատես ենք լինում։ Կարծում եմ՝ հասարակությունը մեծամասամբ արդեն կայացրել է իր որոշումը»,- նշում է Շուլցը:
Այդուհանդերձ, ըստ պրոֆեսորի, լիովին անտեսել հայտնիների գործոնը սխալ կլինի և այն կարող է որոշակի դեր խաղալ հատկապես դեռ չկողմնորոշված ընտրողների շրջանում: