Սպասվում է, որ «Միլթոն» փոթորկի հարվածը ավելի հուժկու է լինելու, քան շաբաթներ առաջ ամերիկյան նահանգներով անցած «Հելենինն» էր։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ «մահացու և աղետաբեր» փոթորիկը հարվածելու է Ֆլորիդա նահանգին՝ իր հետ բերելով ուժեղ քամիներ և ջրհեղեղներ:
Սպիտակ տան ղեկավարը «Միլթոնին» կոչել է «դարի փոթորիկ»:
Քլիրուոթեր քաղաքի բնակիչները ընդամենը շաբաթներ առաջ էին տուժել «Հելեն» փոթորիկից:
Քրիստոֆեր Ռիվաս դե Հիսուսը դեռ չի վերականգնվել «Հելենի» հարվածից:
Մեկ այլ բնակիչ՝ Մայքլ Ինգրահեմը կարողացել էր փրկել է նաև իր երկու շներին. «Իհարկե, առանց նրանց չէի հեռանա։ Հնարավոր չէր»:
Տեղի պաշտոնյաները բնակիչներին շարունակաբար կոչ են անում հետևել տարհանման մասին հրահանգներին:
Պինելաս շրջանի պատասխանատու Արելիս Էսկալերան ասում է․ «Խնդրում ենք, մի՛ մնացեք տանը, եթե տարհանման ենթակա գոտում եք»։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը նույնպես հորդորել է տարհանվել, քանի դեռ ժամանակ կա:
Նման լարված իրավիճակը, սակայն, իր արձագանքն է գտել ամերիկյան ներքաղաքական պայքարում։ Մի քանի շաբաթից նախագահական ընտրություններ են, և դեմոկրատները մեղադրում են հանրապետականներին փոթորկից տուժածներին ԱՄՆ կառավարության ցուցաբերած օգնության մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
«Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է ղեկավարել է ստի այդ հարձակումը։ Հայտարարություններ են հնչել, թե իբր մարդկանց գույքն առգրավվում է։ Ճիշտ չէ: Նրանք ասում են, որ այս փոթորիկներից տուժածները կստանան միայն 750 դոլար: Նույնպես ճիշտ չէ։ Նրանք ասում են, որ այս ճգնաժամերի համար անհրաժեշտ գումարները ուղղվում են միգրանտներին: Ինչի՞ մասին է խոսք։ Դադարեցրե՛ք: Վրդովեցուցիչ է։ Կեղծիք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: