ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների, անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերով զբաղվող ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն օրերս հրապարակել է «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ» վերնագրով զեկույցը, ուր անդրադարձել է արվել նաև Հարավային Կովկասի երկրներին, այստեղ Ռուսաստանի ազդեցության և ԱՄՆ քաղաքականության հարցերին։
Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ՝ նման եզրակացության է հանգել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում պատրաստված և օրերս լույս տեսած զեկույցը՝ «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ», որն առանձին գլխով անդրադառնում է Հարավային Կովկասին։
Your browser doesn’t support HTML5
Բացի Հարավային Կովկասից, զեկույցն անդրադարձել է նաև Ռուսաստանի ազդեցությանը բազմաթիվ այլ տարածաշրջաններում՝ ընդգծելով՝ «Ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, որոնք ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, Միացյալ Նահանգները պետք է իրականացնի համապարփակ ռազմավարություն՝ Ռուսաստանին դիմակայելու համար»:
Զեկույցի համաձայն՝ «Հարավային Կովկասը ներկայում վերապրում է խորը քաղաքական և ռազմավարական փոփոխությունների մի շրջան, որը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության փոփոխվող դինամիկայով: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում կլանել է նրա ռեսուրսները և էապես թուլացրել նրա ռազմավարական դիրքը Եվրոպայում և Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»:
Ըստ զեկույցի՝ «Հայաստանը, որը ավանդաբար Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, արագորեն հեռանում է Մոսկվայից, մինչդեռ Ադրբեջանը որդեգրել է համագործակցային մոտեցում Ռուսաստանի հետ՝ հավասարակշռելով իր երկարատև կապերը Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Միևնույն ժամանակ, Վրաստանի «Վրացական երազանք» կառավարությունը վերջերս որդեգրել է ավելի բացահայտ ոչ լիբերալ և ռուսամետ դիրքորոշում, որը հակասում է իր բնակչության հիմնականում արևմտամետ տրամադրություններին»:
Անդրադառնալով Հայաստանին՝ Հենսինկյան հանձնաժողովի զեկույցը արձանագրում է, որ Ռուսաստանի ազդեցության նվազումը հատկապես տեսանելի է Հայաստանում: «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հաղթանակ տարավ, Հայաստանն ավելի հեռացավ Մոսկվայից: Հետագա հարցումներում հայերը լայնորեն այն մտքին էին, որ Ռուսաստանը լքել է իրենց հակամարտության ժամանակ և չի կատարել իր պարտավորությունները որպես անվտանգության երաշխավոր»,- նշում են հանձնաժողովում:
Հրապարական հեղինակների ներկայացմամբ՝ վերլուծական շրջանակներում այն տեսակետն է, թե Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական ռազմական գործողություններին՝ ուղղված Հայաստանի և այժմ արդեն բնակչությունից զրկված Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ներառյալ Բաքվին զենքի գաղտնի մատակարարումներով Կրեմլի արբանյակը հանդիսացող ռեժիմի՝ Բելառուսի միջոցով: Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն քննադատել է Ռուսաստանի աջակցության պակասը և ձեռնարկել քայլեր՝ նվազեցնելու Հայաստանի կախվածությունը ռուսական ռազմական և տնտեսական կառույցներից: Սա ներառում է Հայաստանի անդամակցության փաստացի կասեցումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) և Արևմուտքի հետ սերտ կապեր հաստատելու ցանկության հստակ ցուցաբերումը:
Միևնույն ժամանակ, Հայաստանը ակտիվորեն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և ձգտում է սերտ կապեր հաստատել Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների հետ: Այս քայլերը վկայում են Հայաստանի՝ Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ կապերի խզման մասին, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ տարածաշրջանային կայունության վրա՝ արձանագրում է զեկույցը:
Վրաստանի մասին զեկույցում նշված է․ «Վրաստանում իրավիճակը ևս բարդ է: Տարիներ շարունակ Վրաստանը դիտարկվում էր որպես Հարավային Կովկասում արևմտամետ դիրքորոշման առաջատար, որն ունի Եվրամիություն ու ՆԱՏՕ անդամակցելու ձգտումներ: Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Վրաստանի կառավարությունը, որը գլխավորում է «Վրացական երազանք» կուսակցությունը, որդեգրել է ավելի բացահայտ հակաարևմտյան և ոչ ազատական դիրքորոշում: Այս փոփոխությունը նշանավորվում է ընդդիմադիր գործիչների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների դեմ ճնշումներով, ինչպես նաև Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի հաստատմամբ: Չնայած կառավարության այս քայլերին, Վրաստանի բնակչության մեծ մասը մնում է եվրոպամետ և ՆԱՏՕ-ամետ, ինչը ստեղծում է սուր հակասություն կառավարության և բնակչության միջև»։
Զեկույցի համաձայն՝ վերոհիշյալը հստակ արտահայտվեց 2024 թվականի գարնանը տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում՝ ընդդեմ ռուսական ոճով կազմված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, որի ընդունումը նախաձեռնել էր «Վրացական երազանքի» կառավարությունը, սակայն մոտ 300 հազար վրացիներ դուրս եկան փողոցներ՝ դրա դեմ բողոքելու համար: Ըստ զեկույցի՝ նման իրավիճակը ստեղծում է հիմնարար անկայունություն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը շարունակում է պահել իր զորքերը, որոնց թիվը, սակայն, նվազել է Ուկրաինայի պատերազմի հետևանքով:
Խոսելով Ադրբեջանի մասին՝ զեկույցն արձանագրում է, որ Բաքուն, որի արտաքին քաղաքականությունը վաղուց է հիմնված գործարքային և պրագմատիկ մոտեցումների վրա, թուլացրել է իր հարաբերությունները Արևմուտքի հետ, որն ուղղված էր տարածաշրջանում ռազմական գերակայության հասելուն: Չնայած Բաքուն սերտ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, այն նաև պահպանում է «դաշնակցային» հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ադրբեջանի որոշումը դաշնակցային կարգավիճակ հաստատել Ռուսաստանի հետ հարաբերություններում 2022 թվականին՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժումից ընդամենը ժամեր առաջ, թերևս, արտացոլված է այն գործարքում, ըստ որի Ադրբեջանը հրաժարվեց իր արևմտյան կապերից՝ Ռուսաստանի աջակցությունն ապահովելու համար՝ Հայաստանին ճնշելու և տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով:
Ըստ Հելսինկյան հանձնաժողովի, սակայն, այս մոտեցումն ունի իր մարտահրավերներ: Չնայած Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդիսանում են ավտորիտար ռեժիմներ, Մոսկվայի հետ կապերը Բաքվին ավելի կախված են դարձնում ռուսական տարածաշրջանային գերիշխանությունից: Մոսկվան վճռական է տրամադրված պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ դիվանագիտական, ռազմական և տնտեսական ռազմավարությունների համադրությամբ՝ ասված է զեկույցում:
Հրապարակմամբ Հելսինկյան հանձնաժողովը անդրադառնում է նաև Միացյալ Նահանգների քաղաքականությանը Հարավային Կովկասում՝ արձանագրելով, որ տարածաշրջանի երկրների քաղաքական կողմնորոշումների նկատմամբ ԱՄՆ ավանդական պատկերացումները հնացել են: Զեկույցում նշված է, որ տասնամյակներ ի վեր Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնված էր համեմատաբար պարզ պատկերացումների վրա. «Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի հավատարիմ դաշնակից, Վրաստանը՝ որպես արևմտամետ գործընկեր, իսկ Ադրբեջանը՝ բազմակողմանի մոտեցում որդեգրած պետություն, որը հավասարակշռում է իր հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Սակայն վերջին զարգացումները փոխել են այս պատկերացումները՝ բացահայտելով ավելի բարդ և դինամիկ աշխարհաքաղաքական մի լանդշաֆտ»:
Փաստաթուղթն ընդգծում է, որ այսօր Ռուսաստանի երբեմնի սերտ դաշնակից Հայաստանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր ներկայանում է որպես ԱՄՆ համար հնարավոր ժողովրդավարական գործընկեր և Արևմուտքի հետ խորը համագործակցություն ունեցող թեկնածու-երկիր:
«Վարչապետ Փաշինյանի օրոք Հայաստանը փորձել է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և ավելի սերտ կապեր հաստատել արևմտյան կառույցների հետ: Այս փոփոխությունը ԱՄՆ համար եզակի հնարավորություն է՝ ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ: Դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով և ընդլայնելով տնտեսական ու անվտանգության ոլորտներում օժանդակությունը՝ ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին հաղթահարել իր վտանգավոր անվտանգային իրավիճակը, դիմակայել արտաքին ճնշումներին և զարգացնել ավելի ուժեղ ժողովրդավարական հաստատություններ»,- ասված է զեկույցում:
Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, Վրաստանի քաղաքական փոփոխությունը նկատելի մարտահրավեր է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության համար: Վրաց կառավարության ռուսամետ ընթացքը և նրա աճող ոչ ազատական ներքին քաղաքականությունը մտահոգություններ են առաջացրել Վաշինգտոնում և արևմտյան այլ մայրաքաղաքներում: «Սակայն վրացական հասարակությունում առկա ուժեղ արևմտամետ տրամադրությունները ենթադրում են, որ դեռևս առկա է ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերականգնման հնարավորություն: Միացյալ Նահանգները պետք է որդեգրի երկկողմանի ռազմավարություն, որը ներառում է վրացական կառավարությանը ժողովրդավարությունից հետ կանգնելու համար պատասխանատվության ենթարկելը և արևմտյան կառույցների հետ ավելի խորը ինտեգրման մեխանիզմների ստեղծումը՝ պայմանավորված ժողովրդավարական կառավարման ձևի վերականգնմամբ»,- պնդում են զեկույցի հեղինակները՝ որպես օրինակ առաջ քաշելով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնի երկկուսակցական MEGOBARI ակտը, որը ամերիկյան աջակցությունը կապում է ժողովրդավարական բարեփոխումների հետ:
Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դիրքերին՝ զեկույցը արձանագևում է, որ Ադրբեջանի պարագայում առկա են այլ մարտահրավերներ և հնարավորություններ: «Չնայած Բաքուն ձևավորել է ամուր համագործակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, այն որոշ առումներով դեռ կարող է հանդես գալ ԱՄՆ կառուցողական գործընկեր»,- գտնում են հանձնաժողովում՝ հավելելով, սակայն, որ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները և երկրում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները սրել են Բաքվի հարաբերությունները Արևմուտքի հետ:
«Այս մարտահրավերներին դիմակայելու համար ԱՄՆ-ն պետք է որդեգրի մի մոտեցում, որը համադրում է դիվանագիտական ճնշումը տնտեսական և քաղաքական լծակների կիրառման հետ: Վաշինգտոնը պետք է հստակեցնի, որ Արևմուտքի հետ բարելավված հարաբերությունները, և դրանցից բխող տնտեսական և անվտանգային կոնկրետ առավելությունները, կախված են Ադրբեջանի հանձնառությունից՝ Հայաստանի հետ հասնել կայուն և արդար խաղաղության, հեռու մնալ Կրեմլի կայսերապաշտական օրակարգից և բարելավել երկրում մարդու իրավունքների վիճակը: Այս սկզբունքները պետք է լինեն ոչ բանակցելի և հստակ կիրառելի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի պարագայում: Միաժամանակ, ԱՄՆ-ն կարող է առաջարկել ավելի սերտ համագործակցության ուղի՝ ցույց տալով, թե ինչպես Արևմուտքի հետ ավելի սերտ գործընկերությունը կարող է ավելի մեծ կայունություն և բարգավաճում բերել Ադրբեջանին և ընդհանրապես տարածաշրջանին»,- նշված է զեկույցում:
Հրապարակման մեջ ընդգծված է, թե որքան կարևոր է Ուկրաինայում հակամարտության ելքը Հարավային Կովկասի ապագայի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ կայսերապաշտական նկրտումները: «Ուկրաինայի հաղթանակը կենսական է ոչ միայն Ուկրաինայի ինքնիշխանության, այլև Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազեցման համար: Ուկրաինայի հաղթանակը նշանակալի հարված կհասցնի Ռուսաստանի՝ իր այսպես կոչված «մոտիկ արտասահմանում» ազդեցությունը պահպանելու կարողությանը, ներառյալ Հարավային Կովկասում»,- պնդում են Հելսինկյան հանձնաժողովի զեկույցի հեղինակները:
Փաստաթուղթը ընդգծում է՝ «Ուկրաինայի պատերազմի արդյունքում Ռուսաստանի ռազմական ուժի սահմանները բացահայտվել են և նվազեցրել են Մոսկվայի հեղինակությունը որպես իր դաշնակիցների անվտանգության երաշխավոր: Ուկրաինայի վճռական հաղթանակը էլ ավելի կթուլացնի Ռուսաստանի ազդեցության տարածման կարողությունը տարածաշրջանում՝ նվազեցնելով նրա կարողությունը տարածաշրջանային քաղաքականությունը մանիպուլացնելու և Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում իր դիրքերը պահպանելու համար:
Զեկույցը գտնում է, որ Ռուսաստանի ազդեցության կրճատմանը զուգահեռ Արևմուտքի համար հնարավորություն է առաջանում ավելի ակտիվ դեր խաղալ Հարավային Կովկասի ապագայի ձևավորման գործում: Ըստ հրապարակման՝ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պետք է աշխատեն փոխել տարածաշրջանում ուժի կենտրոնը՝ այն Մոսկվայից տեղափոխելով դեպի ավելի արևմտյան և տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը պետք է նշանակի Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային կարևոր դերակատարի ավելի մեծ ինտեգրում: Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանային այս մոտեցումը կսահմանափակի Ռուսաստանի ազդեցությունը՝ ուժեղացնելով տեղական դերակատարներին, որը օգտակար է Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունության համար:
Զեկույցում ներկայացված են առաջարկություններ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ: Հայաստանի պարագայում՝ հանձնաժողովը գտնում է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ ճանաչելով այն որպես ժողովրդավարական գործընկեր՝ խորը համագործակցության ներուժով: Դա կարող է ներառել ԱՄՆ համար Հայաստանի կարգավիճակի փոփոխում՝ հենվելով այս տարվա սկզբին ձեռք բերված երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին պայմանավորվածության վրա: Բացի այդ, ըստ զեկույցի, Միացյալ Նահանգները պետք է ավելի կայուն և էական դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Հայաստանի ջանքերին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, Ադրբեջանի հետ ամուր խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային մեկուսացումը նվազեցնելու և անվտանգության ու տնտեսական գործընկերությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Վրաստանի դեպքում զեկույցն առաջարկում է, որ ԱՄՆ-ն որդեգրի մի ռազմավարություն, որը պետք է ճնշում գործադրի կառավարության վրա՝ միաժամանակ աջակցելով ժողովրդավարական ուժերին և քաղաքացիական հասարակությանը: Ըստ հանձնաժողովի՝ այս մոտեցումը պետք է հստակեցնի, որ ԱՄՆ աջակցությունը կախված է ժողովրդավարական բարեփոխումներից և արևմտամետ ուղղվածությունից: Միաժամանակ, հանձնաժողովի համաձայն, Միացյալ Նահանգները պետք է աշխատի ամրապնդել իր հարաբերությունները վրաց ժողովրդի հետ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նրա ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին: Նման ռազմավարությունը կարող է նպաստել վրաց կառավարության և բնակչության միջև բացի հաղթահարմանը՝ խթանելով ավելի կայուն և կառուցողական հարաբերությունների ստեղծում:
Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը առաջարկում է Միացյալ Նահանգներին հավասարակշռել դիվանագիտությունն ու ճնշումը՝ համադրելով Բաքվում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակին առնչվող քննադատությունը և համագործակցության խթանները: «Վաշինգտոնը պետք է հստակեցնի, որ Արևմուտքի հետ ավելի սերտ կապերը, ներառյալ տնտեսական և անվտանգային ոլորտներում, հնարավոր են, եթե Ադրբեջանը բարեփոխումների հանձնառություն ցուցաբերի: Այս հավասարակշռված մոտեցումը թույլ կտա Միացյալ Նահանգներին պահպանել իր ազդեցությունը Բաքվում՝ միաժամանակ խրախուսելով դրական փոփոխություններ, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանը»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի պատրաստած զեկույցում: