«Հելեն» փոթորիկը վնասներ է հասցրել ԱՄՆ հարավ-արևելյան՝ Ջորջիա, Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներին:
Նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսն այցելել են տուժած շրջաններ՝ կանգ առնելով Հարավային և Հյուսիսային Կարոլինայում, Հարիսը՝ նաև Ջորջիայում: Բայդենը հայտարարել է, թե կարգադրել է մոտ հազար զինծառայող գործուղել տուժած շրջաններ՝ վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար։
«Այս պահին մի կողմ ենք դրել քաղաքականությունը։ Այստեղ չկան դեմոկրատներ կամ հանրապետականներ, կան միայն ամերիկացիներ: Մեր գործն է՝ օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց, որքան կարող ենք արագ կերպով և որքան հնարավոր է մանրակրկիտ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ջորջիայում Հարիսն այցելել է շտապ օգնության կենտրոն՝ շնորհակալություն հայտնելով աշխատողներին:
«Այստեղ եմ՝ ձեզ շնորհակալություն հայտնելու: Գիտեմ, որ դժվար օրեր են ձեզ համար: Գիտեմ, որ մարդիկ նայում են ձեր աչքերին, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ լավ է լինելու: Վստահ եք և մարդկանց վստահություն եք ներշնչում, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց մասին և աշխատում են շուրջօրյա, որպեսզի իրենք լավ լինեն»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:
Տեղի բնակիչների և աջակցություն ցուցաբերող խմբերի ներկայացմամբ՝ իրավիճակը ծանր է: Ջորջիա նահանգի Քուք շրջանի բնակիչները լուրջ վնասներ են կրել:
«Փոթորիկն ուղղակի ցնցեց մեր համայնքը: Շատ մարդիկ զրկվել են հոսանքից։ Մարդիկ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն»,- ասում է բազամթիվ տուժածներից մեկը՝ Թրավա Գիրը:
Էրին Դերհամը և Մեթ Վան Սվոլը ապրում են Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքի արվարձանում՝ իրենց երեք երեխաների հետ
«Մենք ուղղակի պատրաստ չէինք։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը լիովին պատկերացնում էր վնասի չափերը: Ոչ ոք, իրոք, չէր պատրաստվել»,- ասում է Մեթ Վան Սվոլը:
Նախագահ Ջո Բայդենի հավաստիացրել է՝ ԱՄՆ կառավարությունը բնակիչների կողքին է լինելու։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ փոթորկի պատճառած վնասը կարող է հասնել միլիարդավոր դոլարների, ինչը նշանակում է, որ վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի: