Հաջորդ տարի Ռուսաստանը կրկին ավելացնելու է ռազմական կարիքների համար իր ծախսերը՝ այս տարվա համեմատ 27%-ով։
Այս մասին տեղեկացրած Bloomberg-ը՝ հղում է կատարել 2025-2027 թվականների համար նախատեսված Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծին։
Եվ այսպես, գալիք տարի պաշտպանության ոլորտի ծախսերը կհասնեն 13,2 տրիլիոն ռուբլու` այս տարվա 10,4 տրիլիոնի համեմատ։ Ռազմական ուղղությամբ նման ծախսերը կկազմեն Ռուսաստանի ՀՆԱ-ի 6,2%-ը, ինչը հիշեցնում է, օրինակ, աֆրիկյան որոշ բռնապետական երկրների։
Նշենք` ՆԱՏՕ-ի անդամ երկրները նախատեսում են իրենց պաշտպանության համար ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի։
Ընդհանուր առմամբ, Կրեմլը մտադիր է 2025 թվականի երկրի պետբյուջեի մոտ 40%-ը ծախսել պաշտպանության և ներքին անվտանգության վրա, ինչը գերազանցում է կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության համար նախատեսված ծախսերը:
Անմիջապես բանակի վրա ծախսվող մասնաբաժինը կազմում է մոտ 30%։ Նման բան չի եղել Խորհրդային Միության ժամանակներից։
Ավելին, ըստ տեղեկությունների` գոյություն ունի նաև բյուջեի գաղտնի մաս, որը հասնում է 12,9 տրիլիոն ռուբլու։
Your browser doesn’t support HTML5
Հաջորդ տարվա պեըբյուջեի նախագիծը լավատեսության հիմքեր չի տալիս բնակչության կենսամակարդակի բարձրացման կամ տնտեսության առաջընթացի հարցում, որն արդեն իսկ գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո` ասում է տնտեսական մեկնաբան, հրապարակախոս Մաքսիմ Բլանտը։
«Ակնհայտ է, որ գնաճային ճնշումը երկրում կշարունակվի, տնտեսության մեջ ռազմարդյունաբերական հատվածի տեսակարար կշիռը կաճի։ Կնվազի Ռուսաստանի տնտեսության դիմակայուության աստիճանը»,- ասել է Բլանտը։
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով, դժվար թե Կրեմլը կամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաշվետվություն ներկայացնեն երկրի ֆինանսների նախարարությանը։
Հիշեցնենք Ռուսաստանի նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագիրը, ըստ որի երկրի զինված ուժերի ընդհանուր թիվը կկազմի 2,389,130 մարդ, իսկ բանակի թվաքանակը կհասնի մոտ մեկուկես միլիոն:
Մաքսիմ Բլանտի ներկայացմամբ` թեև Ռուսաստանի ՀՆԱ-ն ռուբլով կավելանա, սակայն երկրի քաղաքացիների կյանքն միայն կվատանա։
«Ռազմարդյունաբերական համալիրն այլեւս չի կարողանա ապահովել ՀՆԱ-ի իրական աճ. Քաղաքացիական հատվածն ավելի արագ կփլուզվի, մինչդեռ գները կշարունակեն աճել»,- ասում է Բլանտը։
Ըստ մեր զրուցակցի` 2000-ականներին կառուցված քիչ թե շատ դիմակայուն համակարգը մահացել է, Ռուսաստանի տնտեսությունն դադարել է աճել, իսկ գնաճն անվերահսկելի է դարձել, և եթե այդ միտումները շարունակվեն, ապա բացասական գործոնները շատ ավելի էական կլինեն։
Բլանտը ընդգծում է` որքան Ռուսաստանի իշխանությունը «առատաձեռնություն» դրսևորի ռազմարդյունաբերական համալիրի, բազմազավակ ընտանիքների, ցածր եկամուտ ունեցող մարդկանց նկատմամբ, այնքան փող տպելը ավելի մեծ թափ կստանա` նպաստելով գնաճին։
Իրականում, Ռուսաստանի 2025 թվականի պետբյուջեի նախագծում որևէ նորություն չկա, և Կրեմլը նախապատրաստվում է տևական պատերազմի` իր հերթին ասում է տնտեսական վերլուծաբան Սերգեյ Շելինը։
«Հիմա, եթե կառավարությունը հանկարծ կրճատի ռազմական ծախսերը, նման քայլը լրիվ անակնկալ կլինի»,- ասում է Շիլինը։
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով` Ռուսասատնի պետյուջեի նոր նախագիծը նշանակում է, որ մոտավորապես նույն տնտեսական քաղաքականությունն է վարելու Կրեմլը տեսանելի հեռանկարում։
«Արդյունքում, կվատանա բնակչության կյանքը, որը ոչ մի օգուտ չունի այս պատերազմից։ Այսինքն՝ խոսքը նրանց մասին է, որոնք զինվորականների ընտանիքների անդամ չեն, կապված չեն ռազմական արդյունաբերության, ռազմական շինարարության հետ»,- եզրափակեց Սերգեյ Շելինը։
Նշենք, որ Ռուսաստանում միջին կենսաթոշակը ամենացածրերից մեկն է աշխարհում և այս ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 20,941 ռուբլի (մոտ 220 դոլար), աշխատող թոշակառուների համար այն նույնիսկ ավելի քիչ է` 17,484 ռուբլի: Լրատվամիջոցների հաղորդմամբ` ուկրաինական պատերազմն ռուսաստանցի հարկատուներին արդեն իսկ արժեցել է ավելի քան 22 տրիլիոն ռուբլի։