Անցած օրերին իսրայելական ռազմուժի հարվածները մեծացնում են հակամարտության տարածման հավանականությունը

Իսրայելը երկուշաբթի օրը լայնածավալ նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, ներառյալ մայրաքաղաք Բեյրութը

Իսրայելը երկուշաբթի նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին։ Զոհվել է ավելի քան 560 հոգի, վիրավորվել՝ մոտ 1600-ը՝ հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Նման զարգացումը մեծացնում է հավանականությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանում։

Իսրայելը երկուշաբթի հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող ավելի քան 800 թիրախների, ներառյալ՝ մայրաքաղաք Բեյրութին: Միևնույն ժամանակ, իսրայելական հակաօդային պաշտպանությունը նույն օրը երեկոյան ստիպված էր գործի անցնել՝ որսալու Լիբանանից հրեական պետության դեմ ուղղված հրթիռները։

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկման հավանականությունը աստիճանաբար մեծանում է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է տարածաշրջանում իր գործընկերների հետ՝ խաղաղության վերականգման ուղղությամբ:

«Աշխատում ենք լարվածության թուլացման ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան ապահով վերադառնալ իրենց տները»,- ասել է Բայդենը:

Your browser doesn’t support HTML5

Գազայում հրադադարի հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է դառնում. տեսակետ

Անցած շաբաթը նշանավորվեց Իսրայելի ձեռնարկած հայտնի հատուկ գործողությամբ, որի ժամանակ փեյջերներում ու ռացիաներում տեղակայված պայթուցիկները գործի գցելու հետևանքով սպանվեցին ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Հեզբոլլահի» մի շարք անդամներ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է կանգ չառնել։

«Չենք սպասում, որ սպառնալիքն իրականություն կդառնա։ Մենք այն կանխատեսում ենք [և գործում]՝ ցանկացած վայրում, ցանկացած ասպարեզում, ցանկացած ժամանակ: Վերացնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների, վերացնում ենք ահաբեկիչների, ոչնչացնում ենք հրթիռներ։ Դեռ շատ բան է սպասվում [առջևում]»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի բանակի խոսնակ Դենիել Հագարին երկուշաբթի զգուշացրել է լիբանանցիներին հեռու մնալ ռազմական պահեստներից։

««Հեզբոլլահը» մտադիր է այդ զենքերը ուղղել Իսրայելի դեմ։ Մենք թույլ չենք տա: Հեռո՛ւ մնացեք նրանցից՝ ձեր իսկ անվտաննգության համար»,- ասել է Հագարին:

Օդային հարվածներից հետո Լիբանանի կառավարության արտակարգ նիստ է հրավիրել: Արձագանքել է ՄԱԿ-ը։

«Այն, ինչին ականտես եղանք նախորդ շաբաթվա ընթացքում, ողբերգական էր, իսկ հետևանքները խաղաղ բնակչության համար հսկայական էին»,- ասել է Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգողի տեղակալ Իմրան Ռիզան:

Մինչ Սպիտակ տունը երկուշաբթի հայտարարեց, թե շարունակում է դիվանագիտական ջանքերը մերձավորարևելյան խաղաղության համար՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերլուծաբաններից մեկը կարծիք հայտնեց, որ Իսրայելի և «Համասի» միջև գրեթե մեկ տարի շարունակվող ռազմական գործողությունների ավարտն ավելի մշուշոտ է դառնում:

«Գազայում զինադադարն ուղղակի անիրական է։ Պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ դիվանագիտական ջանքերին»,- նշում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Նիմրոդ Գորենը:

Հիշեցնենք՝ Մերձավոր Արևելքի այդ հատվածում արյունահեղությունը սկսվեց անցած տարվա հոկտեմբերի 7-ին, երբ ԱՄՆ ու բազմաթիվ այլ պետությունների կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինյաները արյունալի գրոհ ձեռնարկեցին Իսրայելի դեմ, ինչի հետևանքով սպանվեց 1200 մարդ, պատանդ տարվեցին մոտ 250-ը: Ցայսօր շարունակվող իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվն ացել է 41 հազարը։