ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայում շարունակվող պատերազմի, Գազայում հրադադարի հասնելու ջանքերի դադարեցման և Իսրայելի և Լիբանանի Հեզբոլլահի միջև մարտերի ֆոնին:
Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Բայդենը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին հարգել կազմակերպության կանոնադրությունը, այլ ոչ թե լռել:
«Ես կոչ եմ անում բոլորին ուս ուսի կանգնել Ուկրաինայի կողքին։ Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ», - ասել է ԱՄՆ նախագահը։ «Նա փորձեց թուլացնել ՆԱՏՕ-ն, բայց ՆԱՏՕ-ն այսօր ավելի միասնական է, քան երբևէ»:
Բայդենը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային՝ «այն ազատ պահելու համար»։
«Մենք չենք կարող անտեսել և թուլացնել մեր աջակցությունը Ուկրաինային։ (Մենք պետք է ամեն ինչ անենք), որպեսզի այն հասնի կայուն խաղաղության՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»,- ասել է նախագահը։
Իր ելույթի ժամանակ Բայդենը Իսրայելին և «Համասին» կոչ է արել վերջնական տեսքի բերել հրադադարի առաջարկը, որը ներկայացված էր մի քանի ամիս առաջ։
«Այժմ ժամանակն է, որ կողմերը վերջնականացնեն դրա պայմանները»,- ասել է նա՝ անդրադառնալով ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությանը:
Համաձայնագիրը «պատանդներին տուն կվերադարձնի, Իսրայելին կպահի անվտանգ և կազատի Գազան «Համասից», ինչպես նաև կթեթևացնի Գազայի բնակիչների տառապանքը և կավարտի պատերազմը», - ասել է Բայդենը:
Իր նախագահության ընթացքում Բայդենը ստիպված է եղել դիմակայել արտաքին քաղաքականության կարևորագույն մարտահրավերներին՝ սկսած 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից մինչև «Համասի» հարձակումը հարավային Իսրայելում և անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին պատանդների հետ ապված ճգնաժամը, որին հաջորդել է իսրայելական ռազմական գործողությունը Գազայում:
Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից մեկը եղել է Չինաստանին, ինչպես նաև Իրանին հակազդելը. վերջինս աջակցում է «Համասին» և «Հեզբոլլահին»։
Ինչպես ավելի վաղ պարզաբանել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը Բայդենին հնարավորություն է տալիս խոսել իր նախագահության ընթացքում իր հիմնական ձեռքբերումների մասին և ընդգծել Ուկրաինային միջազգային աջակցության և Մերձավոր Արևելքի հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախագահի ելույթից առաջ ասել է, որ Բայդենը կանդրադառնա այսօր աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին, որոնց հաղթահարումը, ըստ Սալիվանի, ավելի ուժեղ է դարձնում ԱՄՆ-ին:
Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիերը Նյու Յորք մեկնելիս լրագրողներին ասել է, որ Բայդենը կներկայացնի իր տեսլականը, թե ինչպես պաշտպանել հիմնարար սկզբունքները, ինչպիսին է հանդիսանոմ ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Վաշինգտոնում Բայդենի հետ հանդիպմանը կներկայացնի խաղաղության նոր ծրագիր։
Բայդենի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ լրացուցիչ աջակցությունը Ուկրաինային ձմռան ամիսներին, երեքշաբթի ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Նախագահ Զելենսկին կարող է վստահ լինել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել իրեն»,- ասել է Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում։
Բայդենի ելույթը ՄԱԿ-ում եղել է Նյու Յորք կատարած նրա երկօրյա այցի առանցքը, որը ներառում է նաև երեքշաբթի օրը կլիմայական հարցերով ելույթը և չորեքշաբթի օրը Վիետնամի նախագահ Թո Լամի հետ հանդիպումը: