Կայացավ Հարիս - Թրամփ առաջին հեռուստաբանավեճը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը (R) սեղմում է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի ձեռքը։

Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատ ու հանրապետական թեկնածուների հեռուստաբանավեճը կարող է առանցքային նշանակություն ունենալ չկողմնորոշված ընտրողների համար։

Երեքշաբի երեկոյան ABC News-ի եթերում վերջապես հանդիպեցին ԱՄՆ նախագահի դեմոկրատ ու հանրապետական թեկնածուները Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը՝ միմյանցից մոտ երկու մետր հեռավորության վրա և առանց հանդիսատեսի սրահում։ Նրանց հեռուստաբանավեճը ուղիղ հեռարձակվում էր ամերիկյան նաև այլ հեռուստաընկերությունների եթերով ՝ թույլ տալով տասնյակ միլիոնավոր ամերիկացիների հասկանալ, թե ում օգտին են քվեարկելու այս նոյեմբերին։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ներկայացնելով իր դիրքորոշումները տարբեր հարցերի առնչությամբ և արձագանքելով Թրամփի թիրախավորումներին, կենտրոնացավ իր քաղաքականության ուղղությամբ, որը հաջորդելու է նախագահ Ջո Բայդենին վարչակազմի վարած գծին, սակայն լինելու է Հարիսինը՝ արտահայտելով նրա մոտեցումները։

«Ես Ջո Բայդենը չեմ և, իհարկե, Դոնալդ Թրամփը չեմ։ Եվ այն, ինչ առաջարկում եմ, մեր երկիրը առաջ տանող նոր սերունդն է: Նա, ով հավատում է [գործին]: Նա, ով լավատեսության զգացում է բերում, թե ինչ կարող ենք անել՝ ամերիկյան ժողովրդին շարունակաբար արհամարհելու փոխարեն»,- ասել է Հարիսը։

Հեռուստաբանավեճի ժամանակ Թրամփը մեղադրեց Հարիսին՝ նրան անվանելով մարքսիստ և պատասխանատու ԱՄՆ-ում անօրինական միգրանտների թվի աճի համար:

«Նրանք քանդել են մեր երկրի համակարգը։ Միլիոնավոր մարդկանց ներս են թողել»,- ասել է Թրամփը։

Առանց ապացույցներ ներկայացնելու՝ Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսին նաև մեղավոր կարգեց Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման և Գազայում շարունակվող արյունահեղության համար:

«Նա ատում է Իսրայելը։ Միևնույն ժամանակ, նա յուրովի ատում է արաբ բնակչությանը, որովհետև ամբողջ տարածաշրջանը պայթեցվելու է` արաբները, հրեաները, Իսրայելը․․․: Իսրայելը կվերանան»,- ասել է Թրամփը։

Նախագահական այս հեռուստաբանավեճը Թրամփի համար արդեն յոթերորդն էր, իսկ Հարիսի համար՝ առաջինը:

ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, թե երկրի ղեկավարի հանրապետականների ներկայիս թեկնածուն արժանի չէ վերադառնալ Սպիտակ տուն, և, ընդ որում, այս տեսակետի շուրջ փոխհամաձայնություն կա բազմաթիվ երկրների առաջնորդների միջև, բացառությամբ բռնապետերի, որոնցով Թրամփը հիանում է:

«Դուք պաշտում եք [այսպես կոչված] ուժեղ մարդկանց՝ ժողովրդավարության մասին հոգ տանելու փոխարեն»,- ասել է Հարիսը։

Հարակից սրահում բանավեճի ավարտին սպասող Թրամփի կողմնակիցները, օրինակ՝ Ֆլորիդայից ընտրված հանրապետական կոնգրեսական Բայրոն Դոնալդսը, համոզված էին, թե Հարիսն այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե ինչ պատրաստվում անել որպես նախագահ:

«Քամալա Հարիսը միայն կարողացավ հարձակումներ գործել Թրամփի վրա։ Չխոսեց քաղաքականության մասին։ Չոսեց իր և Բայդենի վարչակազմի միջև տարբերությունների մասին: Երբ Աֆղանստանի հարցը բարձրացվեց, ի՞նչ ասաց նա․․․ ոչինչ»,- ասել է Դոնալդսը։

Հեռուստաբանավեճին նախորդած սոցհարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների գրեթե մեկ երրորդը նշել է, թե քաջատեղյակ է Թրամփի դիրքորոշումների մասին, սակայն ցանկանում են ավելին իմանալ Հարիսի մոտեցումների վերաբերյալ:

Ըստ Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լիուի՝ բանավեճը ի ցույց դրեց երկու թեկնածուների միջև եղած տարբերությունը:

«Քամալա Հարիսի [պահվածքը] նախագահական էր: Դոնալդ Թրամփը տարօրինակ էր և անհամապատասխան []»,- ասել է Լիուն:

Ինչևէ, եթե Հարիսն ու Թրամփը սահմանափակվեն միայն այս հեռուստաբանավեճով, ապա, դիտորդների կարծիքով, երեկվա նրանց հանդիպումը, թերևս, լավագույն հնարավորությունն էր իրենց մոտեցումները ներկայացնելու ամերիկացի ընրողներին, հատկապես՝ տատանող յոթ նահանգների բնակիչներին, որոնց քվեն կարող է որոշիչ լինել նոյեմբերին: