Ինչպե՞ս է Ճապոնիայի նոր ղեկավարը դիմակայելու անվտանգության սպառնալիքներին. վերլուծաբաններ

Ճապոնիա

Ճապոնիայի հեռացող վարչապետ Ֆումիո Կիսիդան փորձում էր ավելացնել Ճապոնիայի պաշտպանական ծախսերը՝ հանդիպելով, սակայն, հանրության դժկամությանը, քանի որ Ծագող արևի երկրի քաղաքացիները դեմ են հարկերի ավելացմանը։

Ճապոնիայի հեռացող վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 15-ին ներկա էր Երկրորդ աշխարհամարտում ավարտին նվիրված միջոցառմանը։ 79 տարի առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց, որ վայր է դնում զենքը, թեև կապիտուլյացիայի մասին պաշտոնական փաստաթուղթը ստորագրվեց օրեր անց՝ սեպտեմբերի 2-ին։

Կիսիդան ընդգծել է, որ Ճապոնիան «այլևս չպետք է բախվի պատերազմի ավերածություններին»:

Այդուհանդերձ՝ Ծագող արևի երկրի կառավարության ղեկավարը հավելել է․ «Ճապոնիան կանի առավելագույնը՝ աշխարհի առջև ծառացած տարբեր մարտահրավերները լուծելու համար»:

Հայտնի է, որ Կիսիդան ձգտում է ամրապնդել Ճապոնիայի պաշտպանական կարողությունները՝ զգուշացնելով, թե «վաղը Արևելյան Ասիայում կարող է առաջանալ նոր Ուկրաինա»։ Ֆումիո Կիսիդան սերտ կապեր է հաստատել Կիևի հետ՝ այցելելով Ուկրաինա 2023 թվականին, որից հետո Հիրոսիմայում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում հյուրընկալեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:

Կիսիդայի ծրագիրը ներառում է պաշտպանական ծախսերի կրկնապատկում մինչև 2027 թվականը, ավելի սերտ տարածաշրջանային դաշինքների ձևավորում և Ճապոնիայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնում:

Վերլուծաբան Տոմոհիկո Տանիգուչիի խոսքով՝ Ճապոնիայի հաջորդ վարչապետը, հավանաբար, կշարունակի Կիսիդայի գիծը. «Ճապոնիայի հարևաններն են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը՝ միջուկային ռումբերով զինված երկրներ, որոնցից ոչ մեկը ժողովրդավար չէ: Այդ երկրները թշնամանք և ատելություն են սերմանում Ճապոնիայի ու ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի նկատմամբ»:

Հաջողություն է համարվում Կիսիդայի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը համաձայնությունը՝ հաղթահարել երկու երկրների միջև առկա պատմական հակասությունները և դաշինք ստեղծել:

Կիրակի համատեղ հայտարարությամբ Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան վերահաստատեցին տարածաշրջանային մարտահրավերներին համատեղ դիմակայելու իրենց դիրքորոշումը, որն առաջին անգամ հրապարակայնացվել էր մեկ տարի առաջ՝ Քեմփ Դեյվիդի հանդիպմանը:

Սակայն, ըստ Տանիգուչիի, դեռ անորոշություններ կան։

Տոկիոյի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Յի Կուանգ Հենը ասում է․ «Հանրությունը սկզբունքորեն աջակցում է Ճապոնիայի պաշտպանական բյուջեի ավելացմանը, բայց չի ցանկանում վճարել ավելի բարձր հարկեր»:

Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռահմ Էմանուելը X-ում գրել է, թե Կիսիդան «օգնել է ստեղծել անվտանգության դաշինքների և գործընկերության ցանց Հնդկակական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը կդիմանա ժամանակի փորձությանը»:

Արձագանք է հնչել նաև Պեկինից, թե Կիսիդայի իրավահաջորդի հետ Չինաստանը կաշխատի կառուցողական և կայուն չին-ճապոնական հարաբերություններ կառուցել ուղղությամբ: