Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուկրաինական պատերազմը «կործանարար ազդեցություն է ունեցել երկրի 7,5 միլիոն երեխաների համար»։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս մայիսի դրությամբ զոհվել կամ վիրավորվել էր մոտ 2 հազար երեխա։
Ուկրաինացի երեխաները նաև բռնի արտաքսվում են Ռուսաստան, որտեղ նրանց «վերադաստիարակում» են, ինչը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, արտացոլում է Կրեմլի «համակարգված ջանքերը՝ ճնշել ուկրաինական ինքնությունը, պատմությունն ու մշակույթը»։
Ուկրաինայի գնահատականով՝ այս հուլիսի 26-ի դրությամբ Ռուսաստան են հարկադրաբար տեղափոխել է մոտ 20 հազար ուկրաինացի երեխաների։
2023 թվականի հուլիսին Ռուսաստանում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան ասել էր, թե 2022 թվականի փետրվարից՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր մոտ 700 հազար ուկրաինացի երեխաներ են մուտք գործել Ռուսաստան։
Your browser doesn’t support HTML5
Միջազգային քրեական դատարանը Լվովա-Բելովային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու մեջ՝ այն որակելով որպես ռազմական հանցագործություն։
Մոսկվան հերքում է այս մեղադրանքը՝ իր հերթին մեղադրելով ուկրաինական կողմին, թե Ուկրաինայի իշխանություններն ու զինված ուժերը ուկրաինացի երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերում։
Այս հուլիսի 24-ին ռուսական РИА Новости պետական լրատվական գործակալությունը հարցազրույց է հրապարակել անհայտ տղամարդու հետ, որը ներկայացվել է որպես Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության ներքո գտնվող տարածքից տարհանված։
Տղամարդը պատմել է, որ եղել են դեպքեր, երբ մարզից երեխաներին տարել են «սպիտակ հրեշտակները»՝ Ուկրաինայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնք օգնում են մարդկանց տարհանվել առաջնագծից։ Վկայակոչելով հարևաններին՝ տղամարդը կարծիք է հայտնել, թե ուկրաինացի զինվորականներն ու «սպիտակ հրեշտակները» երեխաներին տարել են «նրանց օրգանները հանելու» կամ «մանկապիղծներին հանձնելու» համար։
Ո՛չ տեսանյութում պատկերված տղամարդը, ո՛չ РИА Новости-ին այդ մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չեն ներկայացրել և զոհերի անուններ չեն նշել։
Նման պատմությունները Կրեմլի ջանքերի շարքում են՝ շեղել ուշադրությունը ուկրաինացի երեխաների առևանգման հետ կապված Պուտինին և Լվովա-Բելովային ներկայացված մեղադրանքներից։
Ռուսաստանի խորհրդարանի փոխխոսնակ Աննա Կուզնեցովան, որը համանախագահում է «Կիևի ռեժիմի կողմից անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովը», կարևոր դեր է խաղում նման քարոզչական աշխատանքում։
Անցած տարի Կուզնեցովան մեղադրել էր Ուկրաինայի իշխանություններին և «սպիտակ հրեշտակներին» երեխաներին սեռական ստրկության վաճառելու կամ նրանց օրգանների հավաքմանը նպաստելու մեջ։
Կուզնեցովան «սպիտակ հրեշտակներին» անվանել էր «պրոֆեսիոնալ առևանգողներ», թեև, ինչպես հայտնի է, ստորաբաժանումը չի ստիպում մարդկանց հեռանալ իրենց կամքին հակառակ։
Առանց որևէ ապացույցի Կուզնեցովան անգամ հայտարարել էր, թե մանկական օրգանների վաճառքը կազմում է Ուկրաինայի տնտեսության 7%-ը։
Ռուսաստանցի պաշտոնյան իր մեղադրանքները ներկայացրել է 2023 թվականի հունիսի զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդերներ իջեցնելուց մոտ երեք ամիս անց։
Ուկրաինացի երեխաների մասին նման կեղծ պնդումներ Մոսկվան սկսեց տարածել 2014 թվականից, երբ ռուսական օկուպացիոն զորքերն առաջին անգամ հատեցին Ուկրաինայի պետական սահմանը։
2019 թվականին ռուսական լրատվամիջոցները պնդում էին, որ «հատուկ բժշկական խումբը» Դոնեցկում զինվորների օրգաններ է հավաքում Եվրոպա արտահանելու համար։
«Ամերիկայի ձայնը» պարզել է, որ ռուսական կողմի նշած ու իբր Կրամատորսկ և Սևերոդոնեցկ քաղաքներում գտնվող «բժշկական կենտրոնները», որտեղ, ռուսաստանյան լրատվամիջոցների պնդմամբ, մարդու օրգաններ են հավաքվել, իրականում, գոյություն չեն ունեցել։
2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանը կրկին վեր հանեց նշված հին մեղադրանքները՝ այս անգամ դրանք ուղղելով նաև ուկրաինական Կարմիր խաչի դեմ։
Այնինչ փաստն այն է, որ զոհված ուկրաինացի զինծառայողների ընտանիքները հայտնել են, թե Ռուսաստանի կողմից վերադարձված զինծառայողների մարմիններից օրգաններ են հանված եղել կամ մարմինների վրա խոշտանգման հետքեր են հայտնաբերվել։
Անկախ փորձագիտական հաստատման դեպքում նման գործունեությունը կհամարվի ռազմական հանցագործություն։
Երբ 2014 թվականին Ռուսաստանը առաջին անգամ ներխուժեց Ուկրաինա, Մոսկվան փորձում էր իրեն ներկայացնել որպես ուկրաինացի երեխաների պաշտպան և կեղծ պնդումներ անում, թե ուկրաինական զինված ուժերը թիրախավորում են իրենց երեխաներին, շահագործում նրանց։
Վառ օրինակ է Ռուսաստանի պետական լրատվամիջոցների կողմից տարածված և հերքված պատմությունը, ըստ որի՝ ուկրաինական զինվորականները 2014 թվականին արևելաուկրաինական Սլավյանսկ քաղաքում հրապարակավ խաչել էին 3-ամյա մի տղայի։
Մոսկվայում նաև չեն խորշում մեղադրել ռուսական զորքերի հարվածներից տուժած խաղաղ ուկրաինացիներին, օրինակ՝ հայտնի հղի կնոջը, որը վիրավորվել էր 2022 թվականին Մարիուպոլի ծննդատանը հասցված ռուսական ավիահարվածի հետևանքով։
Եվ ներկայացվածն ապացույցների ֆոնին է, թե Ռուսաստանն ինչպես է օգտագործել դերասանների՝ Ուկրաինայի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։