Օգոստոսի 19-ին Բայդենը ելույթ կունենա Դեմոկրատների ազգային համաժողովի բացմանը

Նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները զեկույց են հրապարակել, ըստ որի՝ Սպիտակ տան ղեկավարը իմփիչմենթի ենթակա հանցագործություններ է կատարել:

Նախագահ Ջո Բայդենը, ով մոտ մեկ ամիս առաջ թողեց ընտրապայքարը, ելույթ է ունենալու երկուշաբթի Չիկագոյում մեկնարկող դեմոկրատների համերկրային համագումարի բացմանը՝ իր աջակցությունն հայտնելով ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, ով, ինչպես հայտնի է, երկրի նախագահի՝ դեմոկրատների փաստացի թեկնածուն է:

Սպասվում է, որ խոսքում Բայդենը կանգ կառնի իր գլխավորած վարչակազմի ձեռքբերումների՝ ամերիկյան տնտեսության վերականգնման, միջազգային դաշինքների ամրապնդման վրա, կոչ անելով ամերիկացիները ձայնը տալ Հարիսին:

59-ամյա Հարիսը, հավանաբար, բեմ կբաորձրանա նախագահ Ջո Բայդենի հետ։ Մինչ այդ՝ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը, կարծես, փորձարկեցին համատեղ հանդես գալը՝ անցած հինգշաբթի նախընտրական միջոցառմանը ելույթ ունենալով դեղերի գները իջեցնելու շուրջ։ Աջակիցները վանկարկում էին՝ «Շնորհակալությո՛ւն, Ջո»:

Սպասվում է, որ երկուշաբթի երեկոյան՝ դեմոկրատների համերկրային համագումարին հանդես կգա նաև Հիլարի Քլինթոնը՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։ ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման ելույթ կունենա երեքշաբթի, իսկ Բիլ Քլինթոնը՝ չորեքշաբթի։

Դիտորդները սպասում են, որ իր ելույթի մի զգալի մասը Բայդենը կնվիրի Հարիսի գործունեությանը, կխոսի նաև Թրամփի մասին՝ հիշատակելով վերջինիս կողմնակիցների հրահրած անկարգությունները 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում:

Դեմոկրատների համագումարին ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը առաջարկել է Բայդենին օգտագործել համագումարում իր հանդես գալը և հայտարարել ընտրապայքար վերադառնալու մասին:

«Նա զգում է, որ պատմական, ողբերգական սխալ է թույլ տվել։ Հեղաշրջման միջոցով ԱՄՆ նախագահական իշխանութունը հանձնելով այն մարդկանց, որոնց ամենաշատն է ատում աշխարհում, և այժմ ցանկանում է հետ վերցնել այն»,- նշել է Դոնալդ Թրամփը:

Զուգահեռաբար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները երկուշաբթի զեկույց են հրապարակել, ըստ որի՝ նախագահ Ջո Բայդենը իմփիչմենթի ենթակա հանցագործություններ է կատարել: Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք նրանք կփորձեն քվեարկություն անցկացնել իմփիչմենթի հարցով:

Ներկայացուցիչների տան պալատի երեք հանձնաժողովների պատրաստած 291 էջանոց զեկույցում ասված է, որ 2014 թվականից, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահն էր, նա օգտագործել է իր ազդեցությունը՝ հօգուտ որդու՝ Հանթեր Բայդենի բիզնես գործունեության, որն առնչվում է Ուկրաինային, Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին:

Ինչևէ, անգամ եթե հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների տունը քվեարկի հօգուտ Բայդենի պաշտոնանկության, գրեթե բացառված է, որ նման որոշման գա Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, ուր մեծամասնությունը դեմոկրատներն են։

Սպիտակ տունը հերքում է նախագահ Ջո Բայդենի հասցեին հնչող հանրապետականների մեղադրանքները։

Բայդենի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունվարի 20-ին, երբ ԱՄՆ հաջորդ նախագահը երդմնակալությամբ կստանձնի իր լիազորությունները։