Վաշինգտոնում փորձում են հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում ամերիկյան քաղաքականությունում նախագահ Ջո Բայդենի կիրակնօրյա որոշումից հետո՝ թողնել ընտրապայքարը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ում թեկնածությունը՝ որպես ԱՄՆ հաջորդ նախագահի, պաշտպանել է Բայդենը, երկուշաբթի առաջին անգամ ելույթ ունեցավ, փաստորեն, նոր կարգավիճակում:
Հարիսը նախ տեղեկացրեց, թե Բայդենը «արագ է ապաքինվում» քովիդից և Դելավերի իր տանն է:
«Ջո Բայդենի ձեռքբերումները նախորդ երեք տարիներին բացառիկ են ժամանակակից պատմության ընթացքում: Այո՛, կարող եք ծափահարել նրան։ [Պաշտոնավարման] մեկ ժամկետում նրա [արածը] գերազանցել է նախագահների մեծամասնության թողած ժառանգությանը, ովքեր նախագահել են երկու ժամկետ»,- ասել է Հարիսը:
Սակայն հանրապետականները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք Բայդենը պետք է նախագահի մինչև ընտրությունները:
Your browser doesn’t support HTML5
«Եթե բոլորն ընդունում են, որ նա ի վիճակի չէ նախընտրական քարոզարշավ վարել, նա ակնհայտորեն ի վիճակի չէ նաև ղեկավարել երկիրը»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը:
Վերադառնանք Հարիսին, ում թիկունքին ազդեցիկ դեմոկրատներն են:
«Լիովին վստահ եմ, որ Հարիսը կարող է հաղթել Դոնալդ Թրամփին: Շատ ոգևորված եմ, թե որքան արագ են մարդիկ հավաքվում՝ նրան պաշտպանելու համար»,- ասել է Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը։
Անդրադառնալով ամերիկյան քաղաքական անցուդարձին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի դոցենտ Փիթեր Լոջը ասել է․ «Հետազոտությունները վկայում են, որ քաղաքական փորձագետներն ավելի վատ են կանխատեսում քաղաքական գործընթացները, քան անգամ կապիկները»:
Դիտորդները քիչ հավանական են համարում, որ իրադարձությունների նման շրջադարձը կարող է անկայունություն առաջացնել երկրում:
«Կարծում եմ, Սպիտակ տունը գործում է որպես մի մեծ մեխանիզմ, և ամեն ինչ կախված չէ նախագահի անձից։ Փաստորեն, Բայդենը կարող է դառնալ անարդյունավետ գործող նախագահ: Նախկինում ունեցել ենք նման նախագահներ, ինչը վտանգավոր չէ»,-ասել է Վանդերբիլտի համալսարանի պատմության պրոֆեսոր Թոմաս Շվարցը։
Բրուքինգզի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ուիլյամ Գալստոնն էլ նշում է․ «Պատասխանատվությունների բաշխում է լինելու։ Բայդենը կլինի նախագահ, Հարիսը կլինի թեկնածուն, և դա ինչ-որ կերպ կհեշտացնի նրանց երկուսի աշխատանքը»:
Ինչևէ, քիչ մնաց պարզելու, թե ի վերջո ով է ապրելու Սպիտակ տանն առաջիկա չորս տարիներին։