ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ֆոնին՝ Վաշինգտոնում գործող Cato Institute-ը հրավիրել է համաժողով՝ նվիրված Հյուսիսատլանտյան դաշինքի 75-ամյակին։
1977 թվականին Սան Ֆրանցիսկոյում իր հիմնադրումից ի վեր Cato Institute-ը ձեռք է բերել ազատականության հենսյան համբավ՝ պաշտպանելով պետական իշխանության սահմանափակման, շուկայական տնտեսության և անհատի ազատության ընդլայնման սկզբունքները: Ինստիտուտը կրում է հին հռոմեական քաղաքական գործիչ, հանրապետությանը նվիրված գաղափարների կողմնակից Կատոն-կրտսերի անունը։
Համաժողովի օրակարգի հիմնական կետերից էին ՆԱՏՕ-ի ֆինանսավորմանը, ապագային վերաբերող ու Ուկրաինային ցուցաբերվող օգնության մասին հարցերը։
Your browser doesn’t support HTML5
Սրբազան կով, թե՞ մահվան համբույր
Բացելով քննարկումը՝ Cato Institute-ի պաշտպանության և արտաքին քաղաքականության գծով տնօրեն Ջասթին Լոգանը ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի ֆինանսավորման բեռի հավասար բաշխումը պետք է առաջնահերթություն լինի դաշինքի ապագայի շուրջ քննարկումներում:
«Չգիտես ինչու, Եվրոպայի խնդիրներից հեռու մնալու գաղափարը դեռ համարվում է արմատական և մարգինալ։ Շատ տարիներ առաջ գրող Ռոնալդ Սթիլը նկարագրել է ՆԱՏՕ-ն որպես մի տոկուն նավ, որը միայնակ նավարկում է համաշխարհային քաղաքականության փոթորկոտ ջրերում»,- ասել է Լոգանը:
Լոգանը հիշեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերի՝ 1951 թվականի խոսքերը, երբ նա դեռ ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարն էր, թե տասը տարի հետո Եվրոպայում ամերիկացի զինվոր չպետք է մնա։
«Այսօր նման հայտարարությունը նրան անմիջապես կդասեր արմատականների շարքին»,- նշել է Լոգանը:
The American Conservative ամսագրի գործադիր տնօրեն և համաժողովի համակազմակերպիչ Քերթ Միլսը անդրադարձել է, իր խոսքերով, դաշինքի շուրջ ներկայում ստեղծված «անսովոր իրավիճակին»։
«Այս տարօրինակ կազմակերպությունը նշում է իր 75-ամյակը, որը կարելի է նախանձելի երկարակեցություն համարել կամ՝ մահվան համբույր: [ԱՄՆ-ում] տարբեր կարծիքներ են հնչում, որոնց հիմքում կուսակցական մոտեցումներն են։ Հանրապետականներից շատերը կարծում են, որ ՆԱՏՕ-ն իրեն սպառել է 1990-ականներին։ Մինչդեռ, դեմոկրատները գտնում են, որ այն հավերժ կապրի։ Եթե լուրջ խոսենք, ապա դաշինքի վերակազմավորումը կարող է դառնալ ապագա [ամերիկյան] վարչակազմի արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրը՝ Իրաքի պատերազմից ի վեր»,- ասել է Միլսը:
Բլիթ ու մտրակ
Մայամիի համալսարանի պրոֆեսոր Բրայան Բլենքենշիփի խոսքով, Ամերիկայի համար ավելի դյուրին գործ է դաշինքի եվրոպացի անդամներին ստիպել մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը, երբ արտաքին լուրջ վտանգի առջև են, քանի որ գործ ունեն ռուսական ագրեսիայի հետ։ Հակառակ պարագայում ՆԱՏՕ- անդամ-երկրները ամեն կերպ խուսափում են ռազմական բյուջեների ընդլայնումից։
Դեռ 2006 թվականին դաշինքի անդամ-պետությունները պայմանավորվել էին իրենց պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 2%-ին։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անգամ այս չափը համարում է «ցածր նշաձող», բայց ալյանսի ոչ բոլոր անդամներն են հասել նպատակային այդ թվին։
«Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում իր դաշնակիցների վրա, որպեսզի վճարեն, և դա անում է՝ նպատակ ունենալով պահպանել սեփական ռեսուրսները և պահպանել ազդեցությունը եվրոպացիների վրա: ԱՄՆ-ն կիրառում է բլիթի ու մտրակի մարտավարություն»,- ասել է Բլենքենշիփը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քաղաքագետ Լինդե Դեսմաելը մի փոքր պատմություն է պատմել․ «Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները դրդում էր իր եվրոպացի դաշնակիցներին ավելի արագ զինվել ու արդիականացնել սպառազինությունը։ Բայց երբ նրանցից մեկը կտրուկ արագացնում էր այդ գործընթացը և ամրապնդում սեփական պաշտպանունակությունը, օվկիանոսից այն կողմ՝ [ԱՄՆ-ում] գրեթե խուճապ էր սկսվում: Լորդ Ռոբերթսոնը՝ 21-րդ դարի սկզբի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, նման մոտեցումն անվանել էր «շիզոֆրենիա», թե մի կողմից, ամերիկացիները մեզ ասում են՝ պետք է ավելացնեք պաշտպանության ծախսերը, և երբ եվրոպացիներն ասում են՝ լավ, կավելացնենք, ամերիկացիները անմիջապես արձագանքում են, թե՝ մեզ ասում եք գնանք տո՞ւն՝ [Ամերիկա՞]»:
Դեսմաելը շարունակել է, թե զուգահեռաբար ԱՄՆ-ն հակված է ցավագին արձագանքել անվտանգության ոլորտում անկախանալու եվրոպական որևէ նախաձեռնության, և հիմնական պատճառներն երեքն են։ Նախ, Վաշինգտոնում կարծում են, որ իրենց ռազմավարական առաջնորդությունը ռազմական ոլորտում անսասան է՝ նաև ՆԱՏՕ-ում: Երկրորդ, ԱՄՆ-ն նպատակաուղղված լոբբինգ է անում հօգուտ ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրի, և [ՆԱՏՕ-ից ստացվող ռազմական պատվերների մի զգալի մասը] ուղղվում են ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիր։ Վերջապես, ԱՄՆ-ում կարող են խանդ առաջացնել Եվրամիության [անկախ] տեխնոլոգիական նախագծերը, ինչպես, օրինակ, Galileo արբանյակային նավիգացիոն համակարգն է։
Կարմիր գծեր
American Ideas Institute պահպանողական, շահույթ չհետապնդող կազմակերպության ներկայացուցիչ Սումանտրա Մայտրան իր կարծիքն է ներկայացրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների մասին․ «Հարաբերությունները տատանվել են կեղծ բարեկամությունից մինչև բացահայտ թշնամանք: Ռուսաստանը փորձել է սահմանել տարբեր կարմիր գծեր, որոնք պետք է զսպեին ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ 2007 թվականին Մյունխենում Պուտինը ելույթ ունեցավ և ներկայացրեց իր առաջնահերթությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Քննադատեց «միաբևեռ աշխարհակարգը», և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը համարեց «լուրջ սադրիչ գործոն»։ Կրեմլը սկսեց իրականացնել իր նոր՝ ագրեսիվ քաղաքականությունը Վրաստանում և Ուկրաինայում։ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան արձագանք ստացավ, և ՆԱՏՕ-ն համալրվեց նոր անդամներով՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք հրաժարվեցին ռազմական չեզոքությունից: Պատկերացում չունեմ, թե ինչ կլինի հետո...»:
Քննարկման առաջին կեսը ամփոփեց Ջոշուա Շիֆրինսոնը՝ Cato Institute-ի ներկայացուցիչը, թե դաշինքը մեծ ճանապարհ է անցել․ օրինակ, 1949 թվականին՝ իր մեկնարկի ժամանակ ալյանսն ուներ 12 անդամ-երկիր, ներկայում՝ անդամակցում են 32 պետություններ: Դաշինքի հայեցակարգը նույնպես ենթարկվել է լուրջ փոփոխությունների:
Ուղենիշի փոփոխություն
Համաժողովի երկրորդ մասում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քաղաքագիտության պրոֆեսոր Բարի Պոզենը անդրադարձել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմատեխնիկական կարողություններին՝ նշելով, թե կողմերի ՀՆԱ-ների, զինված ուժերի մարդկային ու ռազմատեխնիկական կարողությունների համեմատությունը ցույց է տալիս ալյանսի անվիճելի առավելությունը։
«Ռուսաստանը կարող է պարծենալ իր կասկածելի հզորությամբ, սակայն փաստերը ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն ունի բոլոր հնարավորությունները հաղթանակի հասնելու ռազմական հակամարտության դեպքում: Այսօր ակնհայտ է, որ եվրոպացիները միանգամայն ունակ են իրենց վրա վերցնել դաշինքի ծախսերի մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ապագա գլխավոր հրամանատարը պետք է լինի եվրոպացի։ Սա ոչ մի կերպ չի խանգարի Միացյալ Նահանգներին շարունակել կիրառել միջուկային զսպումը, և համակարգել պատասխան գործողությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի դեմ Ռուսաստանի ուղղակի հարձակման դեպքում, ինչը երաշխավորված է: դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածով»,- ասել է Պոզենը։
Արդյո՞ք պետք է փակել միջուկային հովանոցը
Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մարկ Տրախտենբերգը անդրադարձել է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին․ «Ամերիկայում քչերը գիտեն, թե ինչ նշանակություն է ունեցել այս հոդվածը ԱՄՆ նախորդ նախագահների համար։ Թյուր կարծիք կա, որ նրանք բոլորը հարգանքով են վերաբերվել այդ հոդվածին, որ եթե թշնամին հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, Ամերիկան ողջ ուժով հանդես կգա դաշնակցի օգտին։ Բայց դա այդպես չէ»։
Տրախտենբերգը հիշեցրել է՝ 1949 թվականին ՆԱՏՕ-ն հռչակվեց որպես Եվրոպայի հովանոց և ժողովրդավարության պաշտպան, սակայն այդ ժամանակ Ամերիկան մտադիր չէր Հին աշխարհում ընդմիշտ պահել իր զորքերը։
«Վաշինգտոնում կարծում էին, որ սա ժամանակավոր է, և երբ ժողովրդավարական Եվրոպան կուժեղանա ու ոտքի կկանգնի, ամերկացիները կգնան տուն: Բայց դա տեղի չունեցավ։ Այսօր մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն որպես նախագիծ իրեն չի արդարացնում։ Եթե նախկինում հանրապետականների ճնշող մեծամասնությունը վստահում և հավատում էր դաշինքին, ապա այսօր՝ բևեռացված Ամերիկայում, դեմոկրատներն են դարձել են ալյանսի կողմնակիցները, իսկ հանրապետականները՝ հակառակորդ։ Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի կառուցվածքային փոփոխությունները վաղ թե ուշ վրա կհասնեն, որոնց մասին խոսել եմն իմ՝ «Կա՞ ապագա ՆԱՏՕ-ից հետո» հրապարակման մեջ»: