Երեքշաբթի օրը Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեման կլինի աջակցությունն Ուկրաինային։
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները վերջնական տեսքի կբերեն առանձին երկրների ջանքերը՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, որպեսզի պատրաստվի ուկրաինական զորքերի մատակարարման ՆԱՏՕ-ի կողմից համակարգված ծրագիր:
Այս օգնությունը կընդլայնվի՝ ներառելով սպառազինության, հակաօդային պաշտպանության սարքավորումների և այլ օժանդակության նոր մատակարարումներ։
Գագաթնաժողովում կքննարկվի նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին։
Երեքշաբթի օրակարգում կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ կլոր սեղանն է, որը վարում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության ղեկավարների և պաշտոնյաների հանդիպմանը, որը կներառի ուկրաինական պատերազմի ֆոնին պաշտպանական արտադրության ծավալների ավելացման քննարկումները:
Զենքի և զինամթերքի արտադրության և համալրման մեծացումն արդեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուշադրության կենտրոնում է, որոնք ձգտում են ինչպես աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, այնպես էլ դաշինքին ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է սեփական պաշտպանության համար:
Երեքշաբթի երեկոյան նախագահ Ջո Բայդենը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված երեկոյին:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ ու Բայդենի մրցակից Դոնալդ Թրամփն այս տարվա նախագահական ընտրություններում քննադատել է ՆԱՏՕ-ին և կոչ արել կրճատել այդ կազմակերպությանը տրամադրվող ամերիկյան աջակցությունը։