1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեցին 15 անկախ պետություններ: Նորանկախ երկրների սահմանները ձևավորվեցին նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա, սակայն սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությունը անխուսափելի էր, և նորանկախ երկրները առերեսվեցին ոչ միայն իրավական, այլ նաև պատմա-քաղաքական խոչընդոտների:
Մինչ ԽՍՀՄ փլուզումը հանրապետությունների միջև սահմանները, ինչպես ասացինք, ունեին վարչական նշանակություն։ 1991 թվականին հետխորհրդային գրեթե բոլոր երկրների կողմից ընդունված Ալմաթիի հռչակագիրը հաստատեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ հանրապետությունների միջև առկա վարչական սահմանների պահպանման պարտավորությունը: Սա նշանակում էր, որ Խորհրդային Միությունում հաստատված սահմանները ճանաչվեցին որպես միջազգային սահմաններ՝ նորանկախ պետությունների միջև։
Սակայն սահմանազատումն ու սահմանագծումն ինքնին երկարատև գործընթացներ են, իսկ նորանկախ պետությունները սահմանային հարցերում կուտակել էին բազմաթիվ խնդիրներ:
Խորհրդային շրջանում հանրապետությունների միջև սահմանները խնամքով չէին գծագրվում և հաճախ անցնում էին այլ էթնիկ խմբերով բնակեցված տարածքներով, ուր առաջանում էր շահերի բախում: Անկախության ձեռք բերումից հետո յուրաքանչյուր հանրապետություն ձգտում էր իր պետական սահմանները համապատասխանեցնել սեփական շահերին ու պատմական պատկերացումներին, ինչն էլ հաճախ հանգեցնում էր հակամարտությունների ու սահմանային վեճերի։
Էթնիկ հակամարտությունները, տեղում՝ սահմանների հարցում անորոշությունն ու խորհրդային ժառանգությունը հետխորհրդային երկրների համար դարձան լուրջ խոչընդոտներ սահմանագծման ու սահմանազատման գործում: Որոշ դեպքերում այն ուղեկցվեց արյունալի բախումներով, տարածքների զավթմամբ, իսկ Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ամենախոշոր պատերազմին:
Your browser doesn’t support HTML5
« [Հետխորհրդային երկրների] ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմանները խորհրդային շրջանի վարչական սահմաններն են, որոնց շրջանակներում միջազգային հանրությունը ճանաչեց 15 պետությունների անկախությունը։ Այդ իսկ պատճառով, օրինակ, Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի պահանջատիրությունը չընդունվեց, քանի որ առկա էր կոնսենսուս այն մասին, որ Խորհրդային Միության վարչական սահմանները փաստացի անկախ պետությունների սահմաններն են»,-ասում է Սան Դիեգոյի համալսարանի դասախոս, միջազգայնագետ Ֆիլիպ Գամաղելյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
Այսպիսով, ավելի քան 30 տարի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանների հստակեցման հարցը շարունակում է մնալ արդիական: Այս գործընթացի հիմնական խնդիրների շարքում կարելի է առանձնացնել՝
1. խորհրդային իշխանությունների անփույթ քաղաքականությունը հանրապետությունների վարչական սահմանների հարցում, ուր սահմանները հաճախ չէին համապատասխանում էթնիկական, պատմական և տնտեսական իրողություններին:
2. Խորհրդային Միության ազգային քաղաքականությունը, ինչի հետևանքով տարբեր էթնիկ խմբերի ու հարևան հանրապետությունների միջև ծագում էին տարածքային վեճեր ու միջէթնիկ հակամարտություններ:
3. Թերի իրավական հիմքերը՝ կապված փաստաթղթերի բացակայության հետ. որոշ դեպքերում բացակայում էին ճշգրիտ սահմանագծերը հաստատող մանրամասն քարտեզներ և փաստաթղթեր: Դա բարդեցնում էր սահմանազատման և սահմանագծման առանց այն էլ խնրահարույց գործընթացը՝ առաջացնելով տարածքային պատկանելության շուրջ վեճեր։
4. Տնտեսական շահերին առնչվող հարցերը՝ կապված բնական ռեսուրսների՝ ջրի, նավթի, գազի հասանելիության հետ: Ռեսուրսների շուրջ վեճերը, ինչպես օրինակ Կասպից ծովում, հանգեցնում էին երկարատև բանակցությունների և շահերի բախման:
5. Աշխարհաքաղաքական գործոնները, որոնք ի հայտ եկան հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և հատկապես էթնիկ հակամարտությունների կարգավորման հարցում: Փորձագիտական շրջանակներն, օրինակ, բազմիցս ընդգծել են Ռուսաստանի երկակի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ուր չնայած իր ներգրավվածությանը՝ որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, Մոսկվան շահագրգրված չէր հակամարտության կարգավորմամբ՝ ձգտելով պահպանել իր ազդեցության լծակները Երևանի ու Բաքվի նկատմամբ:
Հարավային Կովկաս
Հարավային Կովկասի ամենավիճելի սահմաններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղն ու շրջակա յոթ շրջանները գրեթե ամբողջությամբ հայտնվեցին հայկական կողմի վերահսկողության ներքո, սակայն 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից ու 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո, Լեռնային Ղարաբաղն ու շրջակա բոլոր տարածներն անցան Բաքվին, իսկ ավելի քան հարյուր հազար հայեր տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից Հայաստան, ինչ առաջացրեց մարդասիարկան լուրջ ճգնաժամ:
«Ներկայումս Հայաստանը շատ թույլ դիրքերից է հանդես գալիս և բանակցում: Իմ կարծիքով, դա ավելի շատ նման է հանձնվելու, քան խաղաղության համաձայնագրի, ինչպես էլ որ այն կոչվի: Այն կարելի է անվանել խաղաղության համաձայնագիր, բայց, ըստ էության, սա համաձայնություն է պատերազմում պարտությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, որ [Հայաստանի ]կառավարությունը գործում է շատ դժվար պայմաններում, թույլ դիրքերից և շատ քիչ ռեսուրսներով» ,-ասում է Ֆիլիպ Գամաղելյանը:
2022 թվականին Պրահայում Բրյուսելի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Մաքրոնն ու Եվրոխորհրդի նախագահ Միշելը, ԵՄ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ուր փաստեց, որ կողմերը համաձայնության են եկել տարածքային փոխադարձ ճանաչման հարցում՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի հիման վրա:
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմաթիիի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար...»,- հայտարարեց ԵՄ-ը Միշել-Մաքրոն-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո:
Այսպիսով, Երևանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծեցին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով՝ երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ, որը պետք է զբաղվեր սահմանների ճշգրտման հարցով:
«Կարծում եմ, որ այստեղ մենք գործ ունենք ավելի շատ լայնածավալ բռնության հնարավորությունը նվազագույնի հասցնելու հնարավորության, այլ ոչ թե համապարփակ խաղաղության հաստատման հետ»,- պնդում է Գամաղելյանը:
Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով փորձագետ Զաուր Շիրիեւը, «GEOpolitics» հանդեսում վերջերս հրապարակած հոդվածում, որը վերահրապարակել էր «Ալիք մեդիան» գրում է. «Կողմերը հասկանում են, որ սահմանագծումը երկար ժամանակ կպահանջի։ Հետեւաբար, համատեղ սահմանային հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերից ավելի հաճախ է հանդիպել։ Այս ջանքերը հուշում են, որ, չնայած բարդ խնդիրների առկայությանը` փոխադարձ ընդունելի լուծում գտնելն այնուամենայնիվ հնարավոր է։»
Չնայած այս զարգացումներին՝ Երևանի ու Բաքվի միջև սահմանային լարվածությունը պահպանվում է, ինչը, բնականաբար, խաթարում է խաղաղ գործընթացը: Նախորդ մի քանի տարիներին երկու երկրների միջև արձանագրվեցին սահմանային բախումներ, որոնցից ամենարյունալին 2022 թվականի սեպտեմբերին էր: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին՝ Հայաստանի Հանրապետոթյան տարածքներ ներխուժելու և այնտեղ ռազմական ուժեր պահելու մեջ:
«Երեւանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ապահովի սահմանային գոտուց երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը: Բաքուն էլ պնդում է, որ 2021 եւ 2022 թվականներին սահմանային բախումների ժամանակ որոշ ռազմավարական բարձունքներ է գրավել Հայաստանի ներսում, սակայն հերքում է հայկական տարածք գրավելը եւ դեմ է արտահայտվում ուժերի որոշակի հեռավորությամբ հետ քաշվելու մոտեցմանը՝ պնդելով, որ ցանկացած պահանջ եւ հակընդդեմ առաջարկ պետք է լուծվի սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- գրում է Զաուր Շիրիեւը:
Փաստորեն, խորհրդային քարտեզների ընտրութան հարցում անորոշությունը, կողմերի միջև անկլավների ու էքսկլավների խնդիրը, ինչպես նաև ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում են խոչընդոտել սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
«Երեւանը կողմ է 1974-1976 թվականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզին եւ ցանկանում է, որպեսզի երրորդ կողմի միջնորդությամբ լուծվեն բոլոր այն վեճերը, որոնք կողմերը միայնակ չեն կարողանում լուծել: Իր հերթին Բաքուն գտնում է, որ մեկ քարտեզի վրա հիմնվելը (ինչն ըստ Ալիեւի ձեռնտու է Հայաստանին) անհիմն է։ Ադրբեջանը կողմ է արտահայտվում խորհրդային ժամանակների բոլոր համապատասխան քարտեզները եւ տեխնիկական փաստաթղթերը հաշվի առնելուն եւ դեմ է վեճերի լուծման համար երրորդ կողմի ներգրավմանը: «Անկլավային եւ էքսկլավային գյուղերը», որոնք խորհրդային վարչարարների կողմից մոռացության են մատնվել հակառակ կողմում ավելի կանոնակարգված սահման ունենալու համար, խորացնում են խնդիրները»,- պնդում է Շիրիեւը:
Այս տարվա ապրիլին, սակայն, կողմերը համաձայնության եկան Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս հատվածներում սահմանազատում իրականացնելու շուրջ՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Երևանի ու Բաքվի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ի նիստում նախնական համաձայնեցվեցին սահմանի առանձին հատվածներ: Արդյունքում, Ադրբեջանին վերադարձվեցին չորս գյուղերի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ էին 1990-ականների սկզբից, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում հայտնվեցին մի քանի տասնյակ սահմանային սյուներ:
«Այսպես թե այնպես կլինեն որոշակի անհարմարություններ և տարածքների կորուստ այս կամ այն կողմից, բայց սկզբունքային համաձայնությունն ավելի կարևոր է, և այդ առումով, կարծես թե, հայկական կողմն ընտրել է [Ալմաթայի հռչակագիրը] որպես հիմք բանակցելու համար: Թվում է, թե այն ուժեղ հակազդեցություն չունի նաև Ադրբեջանի կողմից։ Այնպես որ, լավ կլինի, որ ինչ-որ պաշտոնական փաստաթղթի շուրջ կողմերի միջև լինի պայմանավորվածություն»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Ֆիլիպ Գամաղելյանը:
ԱՄՆ-ը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման համաձայնության վերաբերյալ հայտարարությունը: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին հարցին, ընդգծել է. «Ինչպես պետքարտուղարն արդեն նշել է՝ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման համաձայնության վերաբերյալ հայտարարությունը: Սա կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված կարևոր քայլ է»:
Բայց այս գործընթացը Հայաստանում՝ հանրության որոշ հատվածների մոտ բողոքի ալիք բարձրացրեց: Ընդդիմությունը քննադատեց համաձայնությունն՝ այն որակելով միակողմանի զիջում Երևանի կողմից: Սկսվեցին բողոքի ակցիաներ, երթեր և հանրահավաքներ, որոնք առաջնորդում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Շարժումը պահանջում է գործող կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, նոր ընտրությոնների անցկացում:
Հայաստան-Վրաստան
Վրաստանի և Հայաստանի միջև գործող սահմանը մեծամասամբ գծվել է խորհրդային տարիներին։ Հայ-վրացական սահմանի երկարությունը 225 կիլոմետր է։ Այն ռազմականացված չէ՝ հաշվի առնելով Թբիլիսիի ու Երևանի բարեկամական հարաբերությւոնները: Յուրաքանչյուրր օր հազարավոր քաղաքացիներ հատում են երկու երկրների սահմանային անցակետերը:
Սակայն, այս պահի դրությամբ Վրաստանի և Հայաստանի միջև սահմանագծումը ամբողջական չէ։ Երկու երկրներն այս հարցի շուրջ աշխատում են դեռևս 1990-ականներից՝ ձևավորելով համապատասխան հանձնաժողով: Թեև սահմանի զգալի մասը սահմանազատված է, մի քանի հատվածներ տակավին պահանջում են փոխհամաձայնություն և ֆիզիկական սահմանազատում տեղում:
«Երբեք քաղաքական մեծ ճնշում չի եղել [հայ-վրացական] սահմանն արագ սահմանազատելու համար, բայց հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխությունը, հավանաբար, ճիշտ կլինի այս պահին ինչ-որ չափով արագացնել այդ գործընթացը և իրականացնել հստակ սահմանազատում, քանի որ դեռևս պահպանվում է Վրաստանի քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության փոքր հավանականություն» ,-կարծում է միջազգայնագետ Ֆիլիպ Գամաղելյանը:
Այս տարվա ապրիլին Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին սահմանազատման աշխատանքները վերսկսելու մասին, որոնք բավական տևական ժամանակ դադարեցված էին։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այս գործընթացի հիմքում ևս դիտարկում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը։
Ադրբեջան-Վրաստան սահման
Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը նույնպես երկարատև գործընթաց է։ Այս պահի դրությամբ 480 կիլոմետրանոց սահմանի մոտավորապես 320 կիլոմետրը համաձայնեցված է և պաշտոնապես հաստատված: Այդուհանդերձ, մնացած հատվածներում առկա են վիճելի և չկարգավորված հարցեր, որոնց շուրջ բանակցությունները չնայած խաղաղ պայմաններում են, սակայն ժամանակն առ ժամանակ լարվածություն են առաջացնում կողմերի միջև:
Վրաց-ադրբեջանական սահմանի ամենավիճելի հատվածը 6-րդ դարի Դավիթ Գարեջի վանական համալրի տարածքն է, որին հավակնում է թե՛ Բաքուն և թե՛ Թբիլիսին։
Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը իր 30 հուլիսի, 2019 թ.-ի հոդվածում այս առնչությամբ գրում է. «Վեճն ինքնին նոր չէ. համալիրը բաժանվել էր երկու հանրապետությունների միջև դեռևս խորհրդային տարիներին, իսկ սահմանային հարցերը նշանակալի դարձան 1991 թվականին անկախ Ադրբեջանի և Վրաստանի ի հայտ գալուց հետո։»
Այս պահին վանական համալիրը փաստորեն կիսված է Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Վերջին տարիներին Ադրբեջանը մեծացրել է այդ հատվածում սահմանապահների թիվը, ինչպես նաև սկսել է ճանապարհ կառուցել դեպի վանական համալիր, ինչը դժգոհություն առաջացրեց Վրաստանում՝ հատկապես եկեղեցական շրջանակներում։
Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ վերջին միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին, որն ուղեկցվեց վրացի ակտիվիստների և ադրբեջանցի սահմանապահների միջև բախումով։ Վրացի ակտիվիստները և ուղղափառ ծխականները փորձել են սրբապատկերները վերադարձնել վիճելի տարածքում գտնվող վանքի քարանձավները, ինչն էլ բախման պատճառ դարձավ։ Արդյունքում, Ադրբեջանը ժամանակավորապես փակեց մուտքը դեպի վանք վրացի ուխտավորների և զբոսաշրջիկների համար:
Միջադեպը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Վրաստանում՝ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիաներ էին: Երկու երկրների իշխանությունները հետագայում հայտարարեցին, թե համատեղ կհետաքննեն միջադեպը և կշարունակեն աշխատանքը սահմանազատման ուղղությամբ:
Արտաքին քաղաքականության հետազոտութան ինստիտուտի եվրասիական հարցերով վերլուծաբան Միրո Փոփխադզեն իր 14 հունիսի, 2019թ.-ի հոդվածում կարծիք է հայտնում. «Նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղերը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, և դրանից ստացվող շահույթները կայուն, ռազմավարական գործընկերություն են հաստատել Բաքվի և Թբիլիսիի միջև, որը հանգեցրել է նրան, որ սահմանային հարցերը դարձել են պակաս կարևոր, սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում երբեմն-երբեմն լարվածությունն աճում է:»
Ռուսաստան- Ադրբեջան սահման
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմագծման և սահմանազատման գործընթացը մեծ առաջընթաց է ապրել 2010 թվականին: Նույն տարվա օգոստոսին ստորագրված պայմանագրով հաստատվել է սահմանագիծը և Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու պահպանությունը։ Չնայած դրան, սակայն, սահմանի որոշ հատվածներ առայսօր վերջնականապես հստակեցված չեն:
«Վրաստանի ու Ադրբեջանի սահմանը և նույնիսկ ռուս-ադրբեջանական սահմանը դեռևս ամբողջությամբ սահմանազատված և սահմանագծված չէ։
Բազմաթիվ նմանատիպ խնդիրներ են առկա աշխարհի տարբեր մասերում՝ Հնդկաստանն ու Պակիստանը, օրինակ, կամ, նույնիսկ, Հնդկաստանը և Չինաստանը դեռևս շատ տարաձայնություններ ունեն իրենց սահմանների վերաբերյալ: Եվ դա ընդամենը մի քանի երկրներ են, որոնք ես նշեցի: Այսպիսով, ստանձնելով սահմանների փոփոխություն, պետք է պատրաստ լինել տասնամյակների տարաձայնություններին ու հակամարտություններին՝ դրանք կարգավորելու համար»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Ֆիլիպ Գամաղելյանը:
Ռուսաստան-Վրաստան սահման
Ռուս-վրացական սահմանազատումն ու սահմագծումը բարդ խնդիր է՝ զուգորդված հակամարտությամբ, կողմերի միջև բարդ հարաբերություններով և անվտանգային մարտահրավերներով, բնականաբար՝ Թբիլիսիի համար: Թեև Վրաստանի անկախության ձեռքբերումից հետո այս ուղղությամբ որոշ ջանքեր գործադրվում էին, սակայն Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների շուրջ հակամարտություններն ու 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը խոչընդոտեցին երկու երկրների սահմանների ճշգրտման գործընթացը:
Ավելի քան 890 կիլոմետր երկարություն ունեցող վրաց-ռուսական ցամաքային սահմանի շուրջ 86 տոկոսը, ըստ վրացական կողմի, համաձայնեցված էր նախքան երկու երկրների միջև 2008 թվականի պատերազմը: 1990-ականների սկզբերին Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությյունների հետևանքով Թբիլիսին կորցրեց վերահսկողությունն իր այդ տարածքների նկատմամբ, որոնք Մոսկվայի աջակցությամբ անկախություն հռչակեցին: Այդ տարածքներում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, բանակցային գործընթացը անցավ անարդյունք:
2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը՝ փաստացի օկուպացնելով Վրաստանի այդ շրջանները: Թբիլիսին խստորեն դատապարտեց այդ քայլը՝ չճանաչելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը և դրանք հռչակելով օկուպացված: Վաշինգտոնը ևս ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և պահանջում Ռուսաստանից դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից:
Վերլուծաբան Նատիա Սեսկուրիան, այս առնչությամբ CSIS-ի 21 սեպտեմբերի, 2021 թ.-ի զեկույցում գրել է. «Ռուսաստանի կողմից Աբխազիայի և, այսպես կոչված, Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց ի վեր, Կրեմլը փորձել է դրանք ներկայացնել որպես անկախ պետություններ, չնայած այն հանգամանքին, որ դրանք գտնվում են Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս փորձը հիմնականում ձախողվել է միջազգային հանրության կողմից օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությանը միջազգային հանրության աջակցության, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման պատճառով: ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ Ռուսաստանը «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում երկու երկրամասերի նկատմամբ։»
Փաստորեն, վրացական այդ երկու շրջանների բռնազավթումն անհնար է դարձնում վրաց-ռուսական միջպետական սահմանի ճշգրտման հետագա գործընթացը: Բացի այդ, Ռուսաստանի վարած ապօրինի քաղաքականությունը շփման գծի երկայնքով, հայտնի որպես «բորդարացում» եզր, ևս զրոյացնում են սահմանազատման ուղղությամբ երկու երկրների միջև հնարավոր երկխոսությունը:
«Չնայած միջազգային աջակցություն ստանալու ձախողմանը, Կրեմլը արդյունավետորեն օգտագործում է օկուպացիան որպես լծակ Վրաստանի դեմ՝ իրականացնելով «սահմանների հիմնման» (borderization) քաղաքականություն: «Սահմանների հիմնման» քաղաքականությունը», որը համեմատաբար նոր երևույթ է Ռուսաստանի քաղաքականության զինանոցում, գործողությունների շարք է, որով Ռուսաստանը ոտնձգություն է կատարում վրացական տարածքների նկատմամբ։ Այն իրենից ներկայացնում է լուռ պատերազմ Թբիլիսիի դեմ և ներառում այնպիսի գործողություններ, ինչպիսիք են փշալարերի տեղադրում, սահմանային գծանշումներ, անօրինական ցանկապատերի տեղադում և, ամենակարևորը, վրացական հողերի զավթում»,- զեկույցում ընդգծել է Նատիա Սեսկուրիան:
Այսպիսով, Մոսկվայի կիրառած «սահմանների հիմնման քաղաքականությունը կամ «borderization-ը» միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը զգալի չափով ազդում է տեղական համայնքների վրա: Այն սահմանափակում է բնակչության տեղաշարժը՝ առաջացնելով տնտեսական խնդիրներ և հոգեբանական ճնշվածություն տեղի բնակչության շրջանում: Ավելին, Ռուսաստանն օգտագործում է այս ռազմավարությունը որպես հիբրիդային պատերազմի ձև՝ նպատակ ունենալով խաթարել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Your browser doesn’t support HTML5
Կենտրոնական Ասիա
Խորհրդային Միության փլուզումից հետո Կենտրոնական Ասիայում ստեղծվեցին հինգ անկախ պետություններ, որոնց սահմանները գծվել էին խորհրդային ժամանակաշրջանում՝ տեղի էթնիկ և մշակութային առանձնահատկությունների անտեսմամբ։
Ամենից թեժ իրավիճակը Ֆերգանայի հովիտի շուրջ է, որն ընկած է տարածաշրջանի երեք երկրների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև: Լարվածությունը պահպանվում է ոչ միայն էթնիկ պատկանելության, այլ նաև ռեսուրսների նկատմամբ վերահսկողության պատճառով: Վիճելի հարցերից է նաև ջրային պաշարների նատմամբ տիրապետությունը, քանի որ տարածաշրջանի պետությունների համար կենսական է տեղի գետերից և ջրանցքներից օգտվելը: Իրավիճակը բարդացնում են երեք պետություններում գոյություն ունեցող անկլավները:
Ղազախստան-Ռուսաստան
Ղազախստանի ու Ռուսաստանի միջև սահմանը աշխարհի ամենաերկար՝ չընդհատվող ցամաքային սահմանն է՝ մոտ 7600 կիլոմետր։ Սահմանազատման գործընթացը շարունակվում է առայսօր։ Սահմանի մոտ 300 կիլոմետրը՝ հիմնականում Արևելյան Ղազախստանի հատվածում, բարդ է, քանզի գործ ուեննք լեռնային տեղանքի հետ, և այդ պատճառով սահմանազատման աշխատանքներն այստեղ դյուրին չեն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկու երկրների միջև տարածքային վեճեր չկան, և որ սահմանները սահմանազատված և մասամբ սահմանագծված են, իսկ համապատասխան պայմանագրերը՝ վավերացված երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար հնչող և Ղազախստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող սադրիչ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում կենտրոնաասիական այդ երկրում՝ հաշվի առնելով Մոսկվայի ագրեսիան իր մեկ այլ հարևանի՝ Ուկրաինայի դեմ:
Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան
Ղազախստանն ու Ուզբեկստանը ավարտուն տեսքի են բերել սահմանազատման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 19 տարվա աշխատանքներից հետո: Թուրքմենստանին և Ուզբեկստանին ևս հաջողվել է համեմատաբար անխնդիր սահմանազատում իրականացնել:
Ուզբեկստան-Ղրղզստան-Տաջիկստան (Ֆերգանայի «հանգույց»)
Ինչպես նշեցինք, միանգամայն այլ բարդ իրավիճակ է Ֆերգանայի հովտում, ուր հանդիպում են Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանները։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը մասնատեց Ֆերգանայի հովիտը։ Հարևան երեք պետությունները իրենց հավակնություններն ներկայացրեցին միմյանց տարածքների նկատմամբ: Սահմանազատման և սահմանագծման գործընթացի խոչընդոտներից են խորհրդային ժամանակների՝ 1920-ական, 1950-ական և 1980-ական թվականների միմյանց հակասող քարտեզները, ուր ներկայացված են Ֆերգանայի հովտի սահմանները: Երկրների միջև բացակայում է համաձայնությունը միասնական քարտեզի հարցում:
Սա Կենտրոնական Ասիայում ամենաբարդ և վիճելի հատվածն է: Այստեղ առկա բազմաթիվ անկլավներն ու էքսկլավները ազգամիջյան լարվածության աղբյուր են, որը հաճախ բերում է արյունալի բախումների։ Դրան է գումարվում նաև ահաբեկչության և ծայրահեղականության հետ կապված սպառնալիքը՝ ելնելով տարածաշրջանի անկայունությունից, աղքատության մակարդակից և հարևան երկրներից եկող ազդեցությունից:
Վերլուծաբան Ջուլիանո Բիֆոլչին SpecialEurasia նախագծի՝ 2024թ.-ի մայիսի 8-ին այս թեմայի առնչությամբ հրապարակած իր զեկույցում գրում է. «Ֆերգանայում Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների վերջին հանդիպումը ընդգծեց երկրների ցանկությունը՝ համագործակցել տարածաշրջանային անվտանգության ոլորտում՝ դիմակայելու սահմանների երկայնքով առկա մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը և ծայրահեղականությունը: Թեև այս երկրներն առաջընթաց են գրանցել սահմանների սահմանագծման հարցում, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև վերջին բախումները և ահաբեկչության մշտական սպառնալիքը ընդգծում են, թե ինչպես է Ֆերգանա հովիտն իր էությամբ անկայուն՝ էթնիկական լարվածության, արմատականացման, ջիհադիստական քարոզչության, ռեսուրսների մրցակցության և թալիբների ներքո հարևան Աֆղանստանի ռեժիմի ազդեցության պատճառով։»
Վերջին, սակայն փոքր միջադեպը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին արձանագրվեց 2024 թվականի մայիսին։ Փոխհրաձգություն տեղի ունեցավ Ղրղզստանի հարավային՝ Բատկեն շրջանում, որը սահմանակից է Տաջիկստանին։
Նախորդ խոշոր բախումներից է 2022 թվականին Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև սահմանային արյունալի ընդհարումը: Սեպտեմբերի կեսերին երկու երկրների ռազմուժերը միմյանց հարվածեցին տանկերի, ծանր հրետանու և այլ զինատեսակների կիրառմամբ՝ իրար մեղադրելով հարձակման և հրադադարի մասին պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Ղրղզստանի իշխանությունները հաղորդել են բազմաթիվ տեղահանվածների մասին՝ դեպի Օշ և Բատկեն շրջաններ:
Հաջորդ տարի՝ 2023 թվականին, Ղրղզստանը և Տաջիկստանը ստորագրեցին համաձայնագիր՝ իրենց ընդհանուր սահմանի մեծ մասի սահմանազատման մասին, որը նշանակալի քայլ էր տասնամյակներ տևող սահմանային վեճի կարգավորման ուղղությամբ: Այնդուհանդերձ, չնայած առաջընթացին, միջադեպերը շարունակվում են, որոնք հիշեցնում են խնդրի մասին:
«Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացների շուրջ տարաձայնությունները կարող են նորից առաջ գալ՝ հանգեցնելով լարվածության աճի: Երկու կողմերի քաղաքական առաջնորդների ազգայնական ելույթները կարող են բորբոքել սահմանամերձ շրջաններում հասարակության անհանգստությունը: Սոցիալական լրատվամիջոցները, որոնք լի են ապատեղեկատվությամբ և ասեկոսեներով, կարող են էլ ավելի սրել իրավիճակը՝ հրահրելով բռնության նոր ալիք և անվտանգության ուժերի միջև բախումներ»,- գրում է Բիֆոլչին:
Ընդհանուր առմամաբ Կենտրոնական Ասիայում, հատկապես՝ Ֆերգանայի հովտում ջրային սակավ ռեսուրսերն ու խորհրդային ժառանգությունը՝ էքսկլավներն ու անկլավները, լուրջ խոչընդոտ են միջպետական սահմանների վերջնական ճշգրտման գործընթացում:
Այդպիսի էքսկլավներից է Սոխը՝ Ղրղզստանի Բատկեն շրջանի էթնիկ տաջիկներով բնակեցված ուզբեկական տարածքը, որտեղ տարիներ շարունակ բախումները սովորական երևույթ են:
2013 թվականին Սոխի տարածքով սահմանային անցումները փակվեցին մի քանի շաբաթով այն բանից հետո, երբ Սոխի բնակիչները բախվեցին ղրղըզ սահմանապահների հետ՝ կապված Ղրղզստանի նոր սահմանային կետի էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հետ: Հաղորդվել է, որ Սոխի հինգ բնակիչներ վիրավորվել են ղրղզ սահմանապահների կողմից, իսկ առնվազն 30 Ղրղզստանի քաղաքացիներ հետագայում պատանդ են վերցվել:
Ջուլիանո Բիֆոլչին այս առիթով նշել է. «Ֆերգանա հովիտը առերեսվում է անվտանգության բարդ մարտահրավերների հետ՝ չնայած տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ գործադրվող ջանքերին: Սահմանային չլուծված վեճերը, ջրային ռեսուրսների համար մրցակցությունը և սոցիալական և տնտեսական դժվարությունների հետևանքով առաջացած ծայրահեղական ներուժը զգալի ռիսկեր են պարունակում: Այս ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է կայուն տարածաշրջանային համագործակցություն, սահմանների արդյունավետ կառավարում և սոցիալական խռովության հիմնական պատճառների վերացում:»
Կողմերի միջև վիճելի տարածքները շարունակում են մնալ հակամարտության աղբյուր։ Թեև երկրները ձգտում են խաղաղ լուծում տալ խնդրին, սակայն վերջնական հանգուցալուծման մասին վաղ է խոսել:
«Թեև սահմանի երկայնքով ղրղզական և տաջիկ համայնքների միջև հակամարտությունները մինչ այդ պարբերաբար տեղի էին ունենում, երբեմն նույնիսկ զինվորների մասնակցությամբ, դրանք հիմնականում կրում էին տեղական բնույթ: Սակայն 2021-ի և 2022-ի «պատերազմները», ընդհակառակը, երկու կողմից գրանցեցին բազմաթիվ զոհեր, ավերածություններ ամբողջ գյուղերում և երկու անգամ էլ ընդլայնեցին հակամարտության գոտին»,- նշել է Քրիս Ռիքելթոնը 19 դեկտեմբերի, 2023 թ.-ի RFE/RL-ի իր հրապարակման մեջ:
Դիտորդների կարծիքով` հակամարտության ընդլայնման և ավելի արյունալի բնույթի պատճառներից է «վերջին երկու հակամարտություններում գործարկվող ավելի մահացու զենքերը՝ [Ղրղզստանի և Տաջիկստանի միջև] մինի սպառազինությունների մրցավազքի ֆոնին», որի հետևանքով Ղրղզստանը իր զինված ուժերը համալրեց թուրքական «Բայրաքթար» անօդաչուներով, իսկ Տաջիկստանը՝ դրա համարժեք զինատեսակը ստացավ Իրանից:
Միջազգային իրավապաշտպան կառույցների վկայությամբ՝ երկու կողմերի սահմանային գոտիներում բնակվող բնակչությունը հոգնել է հակամարտություններից և ցանկանում է, որ արագորեն հաստատվի խաղաղություն։
Ռուսաստանն ու իր հարևանները
Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է՝ ժառանգելով խորհդային կայսրության դիրքը միջազգային ասպարեզում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ԽՍՀՄ կազմաքանդումից հետո, Մոսկվան պարտավորվել է հարգել հետխորհրդային հանրապետությունների միջազգային սահմաններն ու տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը ամրագրված է հետխորհդային երկրների ստորագրած մի շարք փաստաթղթերում, ներառյալ՝ 1991 թվականի Ռուսաստանի, Բելառուսի ու Ուկրաինայի ստորագրած Բելովեժյան համաձայնագրում ու հետխորհդային բոլոր երկրների, բացառությամբ մերձբալթյան հանրապետությունների ու Վրաստանի, կողմից ընդունված Ալմաթիի հռչակագրում:
Ռուսասատն-Ուկրաինա
Բացի վերոհիշյալ փաստաթղթերից, որի մաս են կազմում ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը առանձին ամրագրվեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի միջև 1994 թվականի դեկտեմբերին ստորագրված Բուդապեշտյան հուշագրում: Այն երաշխավորում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ Կիևի կողմից Ուկրաինայի տարածքում մնացած խորհրդային միջուկային զինանոցից հրաժարվելու դիմաց:
Ռուսաստանի կողմից 2014 թվականին Ղրիմի բռնակցումն ու Դոնբասում հակամարտության հրահրումը, այնուհետև՝ 2022 թվականի փետրվարին լայնածավալ ներխուժումը Ուկրաինա վերոհիշյալ բոլոր փաստաթղթերի, ներառյալ՝ Բուդապեշտյան հուշագրի կոպիտ խախտում է:
Ուկրաինա ռուսական ներխուժումից օրեր անց 2022թ.-ի մարտի 1-ին «Amnesty International» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Քալամարին հայտարարել է. «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ծանր է, դաժան և բնորոշվում է միայն մեկ կեերպ՝ ագրեսիա։ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինայի սիրտը` ձգտելով հեռացնել իշխանությունից իր օրինական ընտրված կառավարությանը` իրական և պոտենցիալ զանգվածային ազդեցություն ունենալով քաղաքացիական անձանց կյանքի, անվտանգության և բարեկեցության վրա: Այս գործողությունները հեռակա կարգով չեն կարող արդարացվել Ռուսաստանի առաջարկած որևէ հիմքով: Փաստացի, այս ամենը իրականացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը...Ռուսաստանն ակնհայտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները։ Նրա գործողությունները բացահայտորեն հակասում են այն կանոններին և սկզբունքներին, որոնց վրա հիմնվել է Միավորված ազգերի կազմակերպությունը»:
Ռուսասատնը շարունակում է իր հարևան երկրի դեմ բռնություն կիրառել՝ զավթելով ոչ միայն Ղրիմի թերակղզին, մասամբ՝ Դոնբասը, այլ նաև տարածքներ ուկրաինական Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ դրանք «ներառելով» իր կազմում: ԱՄՆ-ն ու միջազգային հանրության զգալի մասը խստորեն դատապարտել են Կրեմլի ագրեսիան՝ պատժամիջոցներ կիրառելով Մոսվայի դեմ և ռազմական օգնություն ցուցաբերելով Կիևին՝ ռուսական հարձակումը հետ մղելու համար:
«Ուկրաինայի խիզախ ժողովուրդը շարունակում է իր անխոնարհ պայքարը՝ սեփական ազատությունն ու ապագան պաշտպանելու վճռականությամբ: ՆԱՏՕ-ն ավելի զորեղ է, ավելի մեծ և ավելի միասնական, քան երբևէ։ Իսկ Ուկրաինային աջակցող աննախադեպ 50 երկրներից բաղկացած գլոբալ կոալիցիան՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, հավատարիմ է մնում Ուկրաինային կարևոր օգնություն ցուցաբերելուն և Ռուսաստանին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելուն»,- ընթացիք տարվա փետրվարի 23-ին ռուսական ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Այսօր Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող դեր խաղալ նաև Մոլդովայում՝ մերձդնեստրյան հակամարտության հարցում՝ աջակցելով տեղի անջատողականներին: Մերձդնեստրյան հակամարտությունը ծագել է 1990-աանների սկզբին, և այսօր սառեցված է, Մերձդնեստրի կարգավիճակի բացակայության պայմաններում: Այս հակամարտությունը բարդացնում է Մոլդովայի ու Ուկրաինայի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, իսկ այստեղ տեղակայված ռուս խաղաղապահները դիտարկվում են որպես սպառնալիք Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ հատկապես Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Մոսկվայի ու Քիշնևի միջև բարդ հարաբերությունների ֆոնին:
Եզրափակում
Այսպիսով, հետխորհրդային տարածքում սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը բարդ, երկարատև և բազմաշերտ գործընթաց է, որի կարգավորման համար ակնհայտորեն անհրաժեշտ է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունն ու ուշադրությունը։ Այս խնդիրների լուծումը պահանջում է համալիր մոտեցում, որը հաշվի կառնի պատմական, էթնիկ, տնտեսական և քաղաքական առանձնահատկությունները:
Սակայն միջազգային համապատասխան մեխանիզմների բացակայությունն ու միջազգային հանրության անուշադրությունը այս տարածքներում հաճախ հանգեցնում է լարվածության մեծացման ու ռազմական գործողությունների:
Հստակ է, որ բացառապես կառուցողական երկխոսության և համագործակցության միջոցով է հնարավոր հասնել վիճելի հարցերի լուծմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը։ Նշվածը, ցավոք, դեռ հեռու է թվում: Հետխորհրդային երկրների միջև վիճելի հարցերը հաճախ կարգավորվում են ռազմական ուժի, տնտեսական լծակների ու քաղաքական ճնշումների կիրառմամբ։ Մյուս կողմից, Ռուսասատնի շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ խորացնում է հակասությունները հետխորհդային տարածքում՝ այն վերածելով շահերի բախման ու անկայունության գոտու:
«Աշխարհաքաղաքական իրադրության առումով, այսօր աշխարհում այլևս չկա կոնսենսուս սահմանների անձեռնմխելիության հարցում։ Չկա կոնսենսուս, որն արգելում է ներխուժել հարևան երկրի տարածք։ Այսպիսով, դա շատ լուրջ ռիսկեր է պարունակում»,- պնդում է Ֆիլիպ Գամաղելյանը:
Ռուսաստանի ագրեսիան խաթարել է վստահությունը հետխորհրդային երկրների միջև՝ ստեղծելով նախադեպ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման հարցում, ինչը բարդացնում է հետխորհրդային մյուս պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները՝ օրինաչափ դարձնելով ագրեսիվ քաղաքականությունը վիճելի տարածքների հարցում:
Ռազմական գործողությունները Ուկրաինայում հանգեցրել են հետխորհրդային տարածքի ռազմականացմանը՝ մեծացնելով գայթակղությունը կարգավորել վիճելի խնդիրները ուժի միջոցով։ Սա ավելի է սրում սահմանային հարցերի շուրջ բանակցությունները՝ ստիպելով հետխորհրդային պետություններին ուժեղացնել իրենց պաշտպանական կարողությունները՝ նկատի ունենալով հնարավոր ռազմական առճակատումը: