ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը կավելանա 400 միլիարդ դոլարով․ Կոնգրեսի բյուջետային գրասենյակ

Կոնգրեսի բյուջետային գրասենյակ

Պատճառներից մեկը լրացուցիչ ծախսերն են՝ կապված Ուկրաինայի և Իսրայելի հետ։

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը կանխատեսել է, որ երկրի դաշնային բյուջեի պակասուրդն այս տարի կաճի 400 միլիարդ դոլարով:

Այս թիվը փետրվարին հրապարակված նախնական գնահատականից 27%-ով ավելի է:

Պատճառներից մեկը ծախսերի ավելացումն էր՝ այս ապրիլին արտաքին աջակցության լրացուցիչ փաթեթի ընդունման հետևանքով, որն օժանդակություն է նախատեսում Ուկրաինային և Իսրայելին։

Պակասուրդի ավելացմանը նաև նպաստեց ԱՄՆ-ում ուսանողական վարկերի մարմանն ու առողջապահական ծրագրին՝ Medicare-ին ուղղված պետական միջոցների աճը:

Բացի այդ, Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) դեռ չի կատարել այն վճարումները, որոնք պետք է աներ 2023-2024 թվականների բանկային ճգնաժամից հետո:

Ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի զեկույցի, ԱՄՆ պետական պարտքը 2024 թվականի ավարտին կկազմի երկրի ՀՆԱ-ի 99%-ը, 2034 թվականի վերջին կհասնի ՀՆԱ-ի 124%-ին, ինչը ԱՄՆ պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր մակարդակն է:

«Այնուհետև այն կշարունակի աճել»,- ասված է զեկույցում:

Ակնհայտ է, որ առաջիկա տարիներին ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը մարտահրավեր է դառնալու երկրի համար՝ պետպարտքի սպասարկման բեռի և բնակչության ծերացման հետ մեկտեղ:

Զեկույցը հերքում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե իր վարչակազմին հաջողվել է կրճատել պակասուրդը, քանզի անցած տարի պետական փոխառություններն աճել են, որոնց միջոցով էլ «կրճատվել» է պետբյուջեի պակասուրդը։ Ակնկալվում է, որ այս տարի պետական փոխառությունները կշարունակեն աճել:

Այս մարտին հրապարակված ԱՄՆ պետբյուջեի՝ Սպիտակ տան նախագծում առաջարկվում էր առաջիկա տասը տարում պակասուրդը կրճատել մոտ 3 տրիլիոն դոլարով և նույն ժամանակահատվածում ավելացնել հարկային եկամուտները 4,9 տրիլիոնով:

Զեկույցի հրապարակումից հետո Սպիտակ տան խոսնակ Քըրին Ժան-Պիեռը հայտարարել է, թե «[ԱՄՆ] նախագահը հավատարիմ է [հանձնառությանը]՝ անել հնարավորը, որպեսզի պակասուրդը նվազի»։ Ժան-Պիեռը ընդգծել է, թե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «չի ստորագրել որևէ օրինագիծ, որն ուղղված կլիներ պակասուրդի նվազեցմանը»։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսն, իր հերթին, ասել է, որ պետբյուջեի պակասուրդը պայմանավորված է Թրամփի վարչակազմի օրոք հարկերի կրճատմամբ, որը, ըստ նրա, «վնասում է ամերիկացի ժողովրդին՝ ավելացնելով պակասուրդը»:

Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ, Թրամփի օրոք ուժի մեջ մտած իրավական նորմերով պայմավորված ծախսերը կազմել են մոտ 8․4 տրիլիոն դոլար:

Փիթեր Պետերսոնի անվան հիմնադրամի ղեկավար Մայքլ Պետերսոնի խոսքով, Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կանխատեսումները վկայում են, որ ԱՄՆ հսկայական պետպարտքի մարման հեռանկարները վատթարանում են: