Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության հետ հանդիպմանը հերթական անգամ հանդես է եկել հակասեմական հայտարարությամբ։
Բելառուսի Վիտեբսկի մարզի տեսուչ, գյուղատնտեսության և պարենի նախկին նախարար Իգոր Բրիլոն ներքաշված է կոռուպցիոն սկանդալի մեջ, և այդ փաստը նշելով՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ այս գործում ներգրավված է ևս 30 մարդ՝ հավելելով․ «Կներեք, ես հակասեմիտ չեմ, բայց [այս քրեական գործով անցնողներից] կեսից ավելին հրեաներ են։ Սա ի՞նչ է․․․, հատո՞ւկ, արտոնյա/լ դիրք են զբաղեցնում, գողանում են ու չե՞ն մտածում իրենց ապագայի մասին... ։ Օրենքի առջև բոլորը հավասար են՝ և՛ հրեաները, և՛ բելառուսները, և՛ ուկրաինացիները, ռուսները, և՛ լեհերը»:
Նույն օրը երեկոյան Լուկաշենկոյի խոսքերը հեռարձակեց «Беларусь-1» պետական հեռուստաալիքը։
Նման պոռթկումը Լուկաշենկոյի պարագայում արտառոց չէ։ Charter97.org լրատվական կայքը ներկայացրել է վեց ամիս առաջ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Լուկաշենկոյի խոսքերը․ «Մի կարծեք, որ հայերը հիմար մարդիկ են։ Հայերը խելացի են։ Այնտեղ ոչ մի հրեա չկա։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև հայերն ամենախելացի ժողովուրդն են»։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում դիտորդները ևս մի քանի օրինակներ են բերել, թե ինչպես է Լուկաշենկոն իրեն թույլ տալիս վիրավորել մի ողջ ազգի՝ հրեաներին։
Լուկաշենկոն երկիրը հանձնել է Պուտինի «ռուսական աշխարհին»
Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Էմանուելիս Զինգերիսի խոսքով, բելառուս ժողովրդին երբեք բնորոշել չի եղել այլատյացությունը, այդ թվում՝ հակասեմականությունը․ «Չնայած [Երկրորդ աշխարհամարտի ժամանակ] գերմանացիներն ու նրանց տեղի համախոհները կոտորել են այդտեղ բնակվող հրեաների գրեթե 90%-ին, որոնց կոչում էին լիտվակ, սակայն Կաունասի և Վիլնյուսի հրեական գետտոներում մարդիկ ասում էին՝ «Եթե հասնեք բելառուսական անտառներ, գուցե, գոյատևեք»: Իսկ հիմա Լուկաշենկոն որոշել է ողջ աշխարհին ապացուցել, որ Բելառուսը ռասիստների և ավազակների երկիր է։ Որոշել է մեկ խոսքով զրոյացնել այն ամենը, ինչ բելառուս ժողովուրդն ինքն է արել, երբ հազարավոր մտավորականներ, պարզապես բարի մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը երկրի փոքր քաղաքների բնակչության կեսի ոչնչացման հետ կապված, մի բնակչության, որի հետ ապրել են նախորդ 700 տարիներին, Լուկաշենկոն որոշել է միանալ գերմանական ծայրահեղ աջերին և դառնալ նեոնացիստների ընդհատակյա խմբի անդամ»։
Զինգերիսը շարունակեց, թե Լուկաշենկոն չի սահմանափակվում սոսկ խոսքով, այլ հետևողականորեն փորձում է ոչնչացնել Բլառուսում ապրող ժողովուրդների մշակութային ինքնությունը՝ օրինակ, փակելով բելառուսական, լեհական և լիտվական դպրոցները ու խրախուսելով ռուսերենը․ «Նա լայն բացել է երկրի դարպասները Պուտինի «ռուսական աշխարհի» առջև, ներս թողել ռուսական բանակը և երկրում տեղակայել ռուսական մարտավարական միջուկային զենքը՝ հնարավորություն ստեղծելով Կրեմլի համար հարվածել Կիևին։ Եվ հիմա այս չընտրված «նախագահը» փորձում է հրեաներին դարձնել «քավության նոխազ»՝ մեղադրելով նրանց բոլոր մեղքերի մեջ և վերակենդանացնելով հակասեմականությունը»։
«Լուկաշենկոյի նման հայտարարությունները հանրային աջակցություն չունեն»
Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաջնորդի՝ Սվետլանա Տիխանովսկայայի ավագ խորհրդական Ֆրանակ Վյաչորկան հիշեցրել է, որ Լուկաշենկոն բազմիցս է դիմել հակասեմականության․ «Նա հակասական հայտարարություններ է արել նաև Իսրայելի վերաբերյալ։ Այստեղ նորություն չկա։ Նա մեղադրել է հրեաներին «պատմական անարդարության» մեջ, իսկ այժմ արդարացնում է իր անհաջողություններն ու պետական կառավարման բացահայտ ձախողումները՝ կոռուպցիոն գործերում հրեաների ներգրավածությամբ։ Նրա համար՝ որպես «խորհրդային մարդու», հակասեմականությունը, կարծես, նորմա է։ Ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում»։
Վյաչորկան Իսրայելի արձագանքն անբավարար է համարում․ «Չգիտես ինչու, Լուկաշենկոյին ամեն ինչ ներվում է։ Ակնկալում ենք ավելին տեսնել, քան դատապարտող խոսքերն են: Իսրայելը պետք է տեր կանգնի Բելառուսի հրեական համայնքին, քանզի այժմ այն գտնվում է Լուկաշենկոյի ռեժիմի ճնշման տակ»։
Տիխանովսկայայի ավագ խորհրդականի ներկայացմամբ, բելառուսների շրջանում հակասեմականությունը երբեք ակնառու չի եղել․ «Բելառուսները, հրեաները և այլ ազգություններ միշտ ապրել են կողք կողքի, ապրել խաղաղ։ Հրեական համայնքը հսկայական ներդրում է ունեցել բելառուսական մշակույթի, պատմության և քաղաքների կյանքում: Մեր ժողովուրդը հպարտանում է այն հայտնի հրեա քաղաքական և մշակութային գործիչներով, ովքեր ծնվել են բելառուսական հողում՝ Իսրայելի վեց վարչապետներն ու նախագահները, հոլիվուդյան աստղեր, հայտնի արվեստագետներ Մարկ Շագալը և Խայիմ Սուտինը»։
Ֆրանակ Վյաչորկան ամփոփեց․ «Լուկաշենկոյի նման հայտարարությունները հանրային աջակցություն չունեն։ Այդ խոսքերը միջնադարյան տեսլականն են աշխարհի մասին, որը ներկայացրել է Լուկաշենկոն, և որն ապրում է իր երևակայական մոլորակում: Թե ինչու է այդ անում, միայն Աստծուն է հայտնի, բայց Լուկաշենկոյի հակասեմականության դեմ պետք է պայքարել, ինչպես նաև նրա ռեժիմի դեմ»։
«Լուկաշենկոն վաղուց է իրեն անամոթի պես պահում»
Ежедневный журнал-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը կարծում է, որ Իսրայելում, իրականում, բավականին կոշտ են արձագանքել Լուկաշենկոյի հակասեմական հայտարարությանը։ Ռիկլինը մեջբերում է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին, ով Լուկաշենկոյի խոսքերը հրեաների մասին անվանել է անընդունելի, վրդովեցուցիչ և հակասեմականության դրսևորում՝ ավելացնելով. «Դրա հետ անհնար է վիճել»:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ալեքսանդր Ռիկլինը ընդգծել է․ «Սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն իրեն թույլ է տալիս հակասեմական հայտարարություններ։ Նման բան տեղի է ունեցել յոթ տարի առաջ և մինչ այդ էլ: Մի օր նա Մինսկի շրջանի ղեկավարին կոչ արեց «վերահսկել իր հրեաներին»։ Մեկ անգամ չէ, որ նման բաներ է ասել։ Իհարկե, սա հակասեմականություն է»։
Ըստ Ежедневный журнал-ի գլխավոր խմբագրի, Իսրայելի արտգործնախարարություն է կանչվել հրեական պետությունում Բելառուսի դեսպան Եվգենի Վորոբյովը, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել․ «Բայց իրականում Իսրայելում քչերին է հետաքրքրում, թե Լուկաշենկոն ինչ է ասում, թեև, իհարկե, այստեղ հետևում ենք նման հայտարարություններին, բայց ներկայում հակասեմականության այնպիսի ալիք կա, որ Լուկաշենկոյի խոսքերը քիչ բան են ավելացնում այդ «բորշչին»:
«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը հիշեցնում է՝ այսօր Լուկաշենկոն Պուտինի ամենահավատարիմ դաշնակիցն է․ «Չնայած Բելառուսը պատերազմի մեջ չէ, հասկանում ենք, որ Ռուսաստանը օգտագործում է այդ երկիրը՝ որպես հարթակ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ վարելու համար։ [Լուկաշենկոյի] հակասեմական հայտարարությունները պարզապես ի ցույց են դնում այդ մարդու էությունը, բայց չեմ կարծում, որ նման հանձնարարություն նրան Պուտինն է տվել»։
«Լուկաշենկոն շատ հաճախ ասում է բաներ, որոնց համար իր պաշտոնյաները պետք է ներողություն խնդրեն».
Բելառուս լրագրող և քաղաքական վերլուծաբան Արտյոմ Շրայբմանը հիշեցնում է Լուկաշեկոյի նմանատիպ նախկին հայտարարությունները․ «Հայտարարեց, թե Բոբրույսկը հրեական քաղաք է, և որ այն կեղտոտ է, քանզի այնտեղ հրեաներ են ապրում։ Հանձնարարեց իր պաշտոնյաներից մեկին «հետևել» երկրի բոլոր հրեաներին։ Լուկաշենկոն նաև հաճախ է «հումորներ» անում հրեաների վերաբերյալ»։
Բելառուսի բռնապետի նման վարվելաձևը Շրայբմանը բացատրում է Լուկաշենկոյի աշխարհայացքում առկա հակասեմականության որոշակի չափաբաժնով․ «Սա նրան բնորոշող գլխավոր գիծը չէ, բայց նա երբեմն «սայթաքում» է, և, հասկանալի պատճառներով, նման հայտարարությունները վերածվում են սկանդալի»։
Արտյոմ Շրայբմանը չի հավատում, որ Բելառուսի բռնապետը նպատակ ունի միտումնավոր սրել հարաբերությունները Իսրայելի հետ․ «Լուկաշենկոն շատ հաճախ ասում է բաներ, որոնց համար իր պաշտոնյաները պետք է ներողություն խնդրեն, ինչպես որ եղավ Բոբրույսկի մասին հայտարարության դեպքում, երբ վարչապետը գնաց Իսրայել՝ ներողություն խնդրելու։ Նա ժամանակ առ ժամանակ նման բաներ է ասում, քանի որ իմպուլսիվ անձնավորություն է՝ առանց որևէ պատճառի կամ որևէ մեկի հետ վիճելու ցանկության»։