Վրաստանում հայտնի Դավիթ Կացարավան, ով բազմիցս է մասնակցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաներին և կալանվորվել է, ասում է, որ անազատության մեջ հինգ անգամ դաժան ծեծի է ենթարկվել, վնասվածքներ ստացել: Ավելի ուշ նա ազատ է արձակվել և նրան որևէ մեղադրանք չի ներկայացվել:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կացարավան պնդեց՝ բողոքի ակցիաները պետք է շարունակվեն․ «Պետք է շարունակենք պայքարը։ Վրաստանը փոխել է իր ուղղությունը դեպի Ռուսաստան: Պետք է պայքարենք մինչև վերջ, քանզի հակառակ դեպքում, կգա ազատ Վրաստանի վերջը»:
Նոր օրենքը պահանջում է, որ արտասահմանից 20%-ից ավելի ֆինանսավորում ստացող վրաստանյան ցանկացած կազմակերպություն գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ»: Կառավարության այս նախաձեռնության քննադատներն այն համարում են Ռուսաստանում գործող նույնատիպ օրենքի կրկնօրինակը:
Օրենքի ընդունմանը կողմ քվեարկած վրացի պատգամավոր Ֆրիդոն Ինջիան ասում է․ «Օտարերկրյա աղբյուրներից ցանկացած ֆինանսավորում պետք է լինի թափանցիկ»:
Your browser doesn’t support HTML5
Եվրամիությունը զգուշացրել է, որ օրենքը անհամատեղելի է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ձգտումների հետ։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել վրացի որոշ պատգամավորների նկատմամբ։ Օրենքը գործում է, բայց պայքարի դուրս եկած մարդիկ ասում են, որ տեղի ուենցածը ընդամենը առաջին ճակատամարտն էր:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան նշում է․ «Բողոքի ակցիաները կշարունակվեն մինչ հոկտեմբերին կայանալիք ընտրություններ: Մեր նպատակն է, ինչպես 30 տարի առաջ, հասնել հիմնարար փոփոխության։ Այս իշխանությունը, որը մեր թշնամու դաշնակիցն է և երկրի ներսում մեր ազատության հակառակորդը, պետք է հեռացվի»։
Ցուցարարները վճռական են՝ շարունակել պայքարը։ Էլենե Ռամիշվիլին նրանցից մեկն է. «Չնայած օրենքն արդեն գործում է, շարունակելու ենք բողոքել։ Ուզում ենք, որ Եվրոպան տեսնի մեր մոտեցումը և աջակցի մեզ»:
Բողոքի ակցիաների մեկ այլ մասնակից Գիորգի Ջափիաշվիլիի հավելում է․ «Մեծ հավանականություն կա, որ նրանք կփորձեն կեղծել ընտրությունները, և պետք է պատրաստ լինենք գործողության, եթե դա տեղի ունենա»։
Մինչ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը, սոցհարցումները ցույց էին տալիս, որ վրացիների մոտ 80%-ը կողմ է Եվրամիությանը անդամակցելուն: