Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմաններին և շաունակում է սպառնալ միջուկային զենքով՝ զորավարժություններ անցկացնելով, որոնց սցենարը մարտավարական միջուկային զենքի կիրառումն է եվրոպական երկրների սահմաններին մոտ:
Ուկրաինայում ունենալով մոտավորապես կես միլիոն զինվոր՝ ըստ հետախուզական տվյալների, Կրեմը զենքի է կանչում ևս շուրջ 300 հազարի՝ ամառային հարձակումների համար:
Ուկրաինայի կարևոր նշանակության ենթակառուցվածքների համակարգված ոչնչացմանը զուգընթաց, Ռուսաստանը շարունակում է թիրախավորել ուկրաինացիներին և նրանց դաշնակիցներին՝ քարոզչությամբ ու ապատեղեկատվությամբ, որոնք կոչված են շփոթեցնել նրանց:
Մոսկվայի ապատեղեկատվական արշավում նախագահ Վլադիմիր Պուտինը խաղում է առանցքային դեր։ Օրինակ, նրա վերջին «խաղաղասիրական» հռետորաբանությունը համընկավ Ուկրաինայում ռուսական օկուպացիոն ուժերի ակտիվության աճի և Կիևի արևմտյան դաշնակիցներին ուղղված սպառնալիքների հետ: Պուտինը «լուրջ հետևանքներ» խոստացավ «փոքր ու խիտ բնակեցված» եվրոպական երկրներին՝ ակնարկելով, թե որքան «խոցելի» են նրանք միջուկային զենքի առջև:
Անցած օրերին Պուտինը թիրախավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ նպատակ ունենալով իշխանությունների նկատմամբ դժգոհություն սերմանել Ուկրաինայում և լարվածություն առաջ բերել նախագահի ու խորհրդարանի՝ Գերագույն ռադայի միջև։
«Խորհրդարանը և Ռադայի նախագահը մնում են միակ օրինական իշխանությունը [Ուկրաինայում]։ Եթե ցանկանում էին նախագահական ընտրություններ անցկացնել, պետք է այն ժամանակ չեղարկեին ռազմական դրությունն ու ընտրություններ անցկացնեին»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը կեղծ տեղեկություն է տարածում։
Ո՛չ Գերագույն ռադան, ո՛չ Ուկրաինայի նախագահը չեն կարող «չեղարկել» ռազմական դրությունը և նախագահական ընտրություններ անցկացնել, քանի դեռ պատերազմ է։
Ուկրաինայի օրենսդրությունը Ռադային ռազմական դրությունը չեղարկելու լիազորություն չի տալիս։ Միայն երկրի նախագահը կարող է կարգադրել այն չեղարկել, սակայն օրենքը արգելում է նախագահին չեղարկել ռազմական դրությունը, մինչ Ուկրաինան հարձակման ներքո է, որն ուղղված է երկրի անկախության և տարածքային ամբողջականության դեմ:
Զելենսկին ներկայացրել է, և Գերագույն Ռադան հաստատել է երկրում ռազմական դրություն հաստատելու առաջարկը 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։ Այնուհետև, նախագահն ու ռադան մի քանի անգամ երկարաձգել են ռազմական դրությունը:
Հիշեցնենք, որ Զելենսկին Ուկրաինայի նախագահ ընտրվեց 2019 թվականին, և նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Սակայն Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, երկրի նախագահի լիազորություններն ավարտվում են միայն այն ժամանակ, երբ ընտրվում է նոր նախագահ։ Իսկ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը արգելում է նախագահական ընտրությունները ռազմական դրության պայմաններում։
Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Պուտինին. «Վոլոդիմիր Զելենսկին կմնա Ուկրաինայի նախագահը մինչև ռազմական դրության ավարտը»։
Հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն, այս փետրվարին ուկրաինացիների 69%-ը դեմ էր, իսկ 15%-ը կողմ՝ պատերազմական շրջանում ընտրությունների անցկացմանը:
Մայիսի վերջի դրությամբ Ռուսաստանը բռնազավթել էր Ուկրաինայի տարածքի մոտ 18%-ը։
Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ուկրաինացի խաղաղ բնակիչները շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի, մարդկանց պարզապես սպանում են ու նրանց նկատմամբ իրականացնում է բռնի ռուսացում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը մայիսի 31-ին զեկուցել էր, որ «ուկրաինական իշխանությունները փաստագրել են պատերազմի հետ կապված 128 498 հանցագործությունների ապացույցներ, որոնցից 12 353-ը վերաբերում են ռուսական ուժերի կողմից իրականացված քաղաքացիական անձանց և զինվորականների ապօրինի սպանություններին»:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների իրավիճակի մշտադիտարկման առաքելությունը հաստատել է ավելի քան 10 հազար քաղաքացիական ուկրաինացների մահվան և գրեթե 19 հազար վիրավորների մասին տեղեկությունները՝ հավելելով, թե մարդկային կորուստների իրական թվերը, հավանաբար, շատ ավելին են: Պատերազմի պատճառով նաև իրենց տները լքել է ավելի քան 10 միլիոն մարդ, որոնցից մոտ 6․5 միլիոնը ապաստան է փնտրում Ուկրաինայի սահմաններից դուրս:
Ռուսաստանի համակարգված հրթիռային հարվածները շարունակում են ավերել Ուկրաինայի տնտեսությունն ու ենթակառուցվածքները՝ փլատակների վերածելով ամբողջական քաղաքներ ու գյուղեր:
Կրեմլը նաև շարունակում է ուկրաինացի երեխաների անօրինական տարհանումը Ռուսաստան, ինչը, միջազգային իրավունքի համաձայն, ռազմական հանցագործություն է: Անցած տարի Հաագայի Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրություն իջեցրեց՝ ուկրաինացի երեխաների զանգվածային առևանգման գործում ունեցած դերի համար:
Պուտինի կողմից Զելենսկու թիրախավարումը դիտորդներին հիշեցնում են դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմայիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի կողմից կիրառվող մեթոդները:
Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի նախագահ է ընտրվել հեռավոր՝ 2000 թվականին՝ գրեթե քառորդ դար առաջ, և Ստալինից ի վեր Կրեմնլում բազմած ամենաերկարակյաց առաջնորդն է։
Իր իշխանությունը երկարաձգելու համար Պուտինը փոխեց Ռուսաստանի Սահմանադրությունը։ Երկու ժամկետ՝ ընդհանուր առմամբ ութ տարի նախագահելուց հետո, նա ևս չորս տարի զբաղեցրեց երկրի վարչապետը պաշտոնը, այնուհետև՝ արդեն փոխված սահմանադրությամբ նախագահեց ևս երկու ժամկետ՝ յուրաքանչյուրը վեց տարի, որոնց ժամկետը ավարտվեց այս տարի:
Սակայն Պուտինը կրկին փոխեց սահմանադրությունը 2020 թվականին՝ «զրոյացնելով» իր նախագահության ժամկետը, ինչը հնարավորություն տվեց նրան վերստին՝ 2024 թվականին վեց տարով «ընտրվել» երկրի նախագահ՝ մինչև 2030 թվականը։ Պարզ է, որ այնուհետև կարող է գալ երկրորդ ժամկետը, և Պուտինին, գուցե, մնա Կրեմլում մինչև 2036 թվականը։
Անցած տարիներին ռուսաստանյան ընդդիմությունը և միջազգային հանրությունը քննադատել են Պուտինի կազմակերպած «ընտրությունները»՝ այն կոչելով, ոչ ժողովրդավարական, անազատ և անարդար:
Այս տարի Ռուսաստանում նախագահական «ընտրություններից» հետո (որոնք Պուտինը «հաղթեց» ձայների գրեթե 88%-ով) Եվրախորհրդարանը հայտարարեց, թե նրա նախագահությունը լեգիտիմ չէ: Եվրոպացի օրենսդիրների` այս ապրիլի 25-ին ընդունած բանաձևը Ռուսաստանում կայացած «այսպես կոչված նախագահական ընտրությունները» կոչված են «ռուսական իշխանությունների իրականացրած խեղկատակություն», որի նպատակն է «Վլադիմիր Պուտինի համար լեգիտիմության տեսք ստեղծելը»։