Ամերիկացի պաշտոնյաների ներկայացմամբ, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի բանակցություններն իր չինացի գործընկերոջ հետ նպատակ ունեն կանխել երկու երկրների միջև լարվածությունը, չնայած Միացյալ Նահանգները հավատարիմ է տարածաշրջանային դաշնակիցներին օգնելու ի հանձնառությանը՝ Չինաստանի ագրեսիայի դեմ:
Պենտագոնի մամուլի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհն ասում է․ «Իհարկե, բանակցությունները կարևոր են, և դեմ առ դեմ հաղորդակցվելը, իրականում, թույլ է տալիս խուսափել սխալ հաշվարկից»:
Հատկանշական է, որ բանակցությունները տեղի են ունեցել մեկ շաբաթ անց, երբ Չինաստանը երկօրյա զորավարժություններ անցկացրեց Թայվանի ուղղությամբ:
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բոումենը նշում է․ «Տարածաշրջանի վիշապը սկսում է կրակ նետել մարդկանց վրա, և մենք պետք է աշխատենք մեր դաշնակիցների հետ՝ պատասխան տալու համար»:
Չինաստանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է, թե անհրաժեշտության դեպքում ռազմուժի միջոցով Թայվանի նկատմամբ կհաստատի իր վերահսկողությունը։
ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանման կողմնակից է։
Պեկինին նաև նյարդայնացնում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի խորացող պաշտպանական կապերը, մասնավորապես՝ Ֆիլիպինների հետ, ուր ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել լրացուցիչ ռազմակայաններ ունենալ:
Պեկինը ապօրինաբար պահանջում է իրեն հանձնել գրեթե ողջ Հարավչինական ծովը՝ որպես իր ջրային տարածք, ռազմական կարողություններ զարգացնելով արհեստական կղզիներում՝ ի վերջո տարածաշրջանում հաստատելու չինական վերահսկողությունը:
Դիտորդների խոսքով, Չինաստանը փորձում է դասեր է քաղել տարածաշրջանային երկրների հետ Միացյալ Նահանգների համագործակցությունից՝ սեփական նպատակներն առաջ տանելու համար:
«Տեսնում ենք, որ ագրեսորները սկսում են համախմբվել։ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև գործողությունների համակարգման միտում ենք նկատում»,- ասում է Բրեդլի Բոումենը։
Այս ամենի ֆոնին, ինչպես պնդում են ամերիկյան պաշտոնյաները, Հյուսիսային Կորեան հինգշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ խորացող համագործակցության արդյուքնում: Մյուս կողմից, այս շաբաթ հրապարկվել է ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցը, ըստ որի Ուկրաինայի դեմ Ռուսաստանը կիրառում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ: