Տեզերքում, կարծես, աճում է լարվածությունը ԱՄՆ ու Ռուսաստանի միջև… ։«Ռուսաստանը արբանյակ է արձակել ցածր մերձերկրյա ուղեծիր, որը, մեր գնահատմամբ, ամենայն հավանականությամբ կարող է զենք կրել և կարող է գրոհել այդ հարթությունում գործող այլ արբանյակներ: Ռուսաստանը այս նոր զենքը տեղակայել է նույն ուղեծրում, ինչ ԱՄՆ կառավարության արբանյակն է»,- ասում է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Փենսիլվանիայի համալսարանի ներկայացուցիչ Բենջամին Շմիթը կարծիք է հայտնում, որ նման քայլը նաև տիեզերքում Կրեմլի ագրեսիվ քաղաքականության օրինակներից է:
«Այն կարող է ունենալ հակաարբանյակային զենք։ Հայտնի է որպես ստվերային արբանյակ կամ դիտորդ արբանյակ։ Կարող է մոտենալ այլ արբանյակների, որոնց կարող է զննել»,- ասում է Շմիթը:
Your browser doesn’t support HTML5
Կրեմլը արձագանքել է ԱՄՆ հայտարարությունը՝ այն անվանելով «կեղծիք» և պնդելով, թե, իբր, պատրաստակամ է աշխատել՝ տիեզերքում միջազգային համագործակցության ուղղությամբ:
«[Ռուսաստանն] է, որ կանխելու է տիեզերքը զինված դիմակայության ևս մեկ ոլորտի վերածելը։ Կշարունակենք աշխատել տիեզերքի բացառապես խաղաղ ուսումնասիրության ուղղությամբ՝ ի շահ ողջ մարդկության և հավասար հիմունքներով»,- ասում է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Այս շաբաթ՝ ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ-ին ներկայացրեց բանաձևի նախագիծ՝ տիեզերքի ռազմականացումը կանխելու վերաբերյալ:
«Այն միտված է վերահաստատել պետությունների պարտավորությունները՝ չօգտագործել տիեզերական տարածությունը՝ ցանկացած տեսակի զենք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք տեղակայելու նպատակով»,- ասում է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:
ԱՄՆ-ն քննադատել է Կրեմլի առաջարկած նախագիծը։
«Ճշմարտությունն այն է, որ ներկայում տիեզերքում Ռուսաստանն ունի մի քանի հակաարբանյակային զենքեր, որոնցից մեկը փորձարկել է 2019 թվականին: Ավելին, Ռուսաստանը բազմիցս սպառնացել է զենքով թիրախավորել արբանյակները, ներառելով՝ առևտրային արբանյակները»,- ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը:
Ամերիկացի օրենսդիրները իրենց մտահոգությունն են հայտնել:
«Վերջերս Ռուսաստանը արձակեց տիեզերքում կիրառվող զենք, որը կարող է խոցել ԱՄՆ արբանյակները։ Ռազմական հանցագործ Պուտինին պետք է զսպել․ մենք աջակցում ենք մեր դաշնակիցներին»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը:
«Այն պարզապես ցույց է տալիս, որ Ռուսաստանը կրկին ագրեսիվ քայլեր է ձեռնարկում»,- նշում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Էնդի Բարը:
2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանը անցկացրեց հակաարբանյակային զենքի փորձարկում՝ ուղեծրում բեկորների դաշտ ստեղծելով։