Ռուսաստանի նման՝ Հյուսիսային Կորեայի համար ևս «ամեն ինչում մեղավոր է Ամերիկան»

Անցյալ տարվա սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանի Ամուրի շրջանի Վոստոչնի տիեզերակայանում

Ռուսաստանին զինամթերք մատակարարող Հյուսիսային Կորեան որոշել է ԱՄՆ-ին մեղադրել պատերազմը «սրելու» մեջ։

Պենտագոնի հայատարարությունը, թե ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել հեռահար մարտավարական հրթիռային համակարգեր (ATACMS), որոնք կարող են հարվածել Ռուսաստանի գրաված ուկրաինական տարածքների խորքում գտնվող թիրախների, սուր արձագանք է առաջացրել Ռուսաստանում և … Հյուսիսային Կորեայում։

Մարտին՝ մինչ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինայի համար նախատեսված ավելի քան 60 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթի հաստատումը, որը տեղի ունեցավ ապրիլին, նախագահ Ջո Բայդենը Կիևին 300 միլիոն դոլար հատկացրեց։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը այն ժամանակ հայտարարեց, թե ATACMS հրթիռներ տրամադրելու Բայդենի որոշումը կայացվել է «այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է կիրառել [հյուսիսկորեական] հեռահար բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև վերսկսել ու ընդլայնել է իր հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ»։

Վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյայի՝ Associated Press-ը հայտնել էր, որ անցած տարի Վաշինգտոնը նախազգուշացրել էր Մոսկվային՝ «եթե Ռուսաստանը Ուկրաինայում կիրառի հեռահար բալիստիկ հրթիռներ, ԱՄՆ-ն Կիևին կտրամադրի նույն հնարավորությունները»։

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի նման՝ Հյուսիսային Կորեայի համար ևս «ամեն ինչում մեղավոր է Ամերիկան»

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հերքել են սպառազինության մատակարարման շուրջ պայմանավորվածությունը, սակայն բազմաթիվ փաստեր վկայում են, որ Փհենյանը Մոսկվային առաքում է հեռահար հրթիռներ, որոնք Կրեմլը օգտագործել է Ուկրաինայի դեմ։ Այդուհանդերձ, ի պատասխան ԱՄՆ կողմից Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարմանը, Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան որոշեցին մեղադրել Վաշինգտոնին «ագրեսիայի» մեջ։

Վլադիմիր Պուտինը սպառնաց ընդլայնել «սանիտարական գոտին»։ Այս եզրույթը Մոսկվան օգտագործում է՝ նկատի ունենալով ուկրաինական այն տարածքները, որոնք «օրինական ռազմական թիրախ» են ռուսական ուժերի համար։

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացավ Ուկրաինային «ավելի շատ զոհեր և ավերածություններ»։

Իր հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը խոսում է ուկրաինական պատերազմին ԱՄՆ անմիջական մասնակցության մասին՝ Ուկրաինայի կառավարությունն անվանելով «Զելենսկու խամաճիկային հանցախումբ»՝ հաղթանակ մաղթելով «հերոսական ռուսական բանակին ու ժողովրդին»։

«ԱՄՆ վարչակազմը, որը զերծ էր մնում հեռահար հրթիռների մատակարարումից՝ հայտարարելով, որ չի խրախուսում հարվածները Ռուսաստանի տարածքին, Ուկրաինային նման հրթիռներ տրամադրելով՝ հստակ ցույց տվեց պատերազմը սրողի իր իրական դեմքը։ Ստոր քաղաքականություն է վարում՝ իր լակեյներին առաջարկելով էլ ավելի հեռահար հրթիռներ՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար»,- ասված է հյուսիսկորեական ռազմական գերատեսչության ապրիլի 28-ի հայտարարությունում։

Այս հայտարարությանն է նվիրված Polygraph.info-ի հերթական հետաքննական նյութը։ Polygraph.info-ն առցանց հարթակ է, որը ստեղծվել է «Ամերիկայի ձայնի» կողմից՝ քարոզչության և ապատեղեկատվության դեմ։

Վաշինգտոնը ընդգծել է՝ Կիևը «չի կարող օգտագործել հրթիռները Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար»։

The New York Times-ի հետ զրույցում՝ Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը նշել է՝ Բայդենի վարչակազմը սահմանել է Ուկրաինային տրամադրվող ATACMS հրթիռների «օգտագործման հստակ պայմաններ»։

Հրթիռները նախատեսված են «Ուկրաինայի գրավյալ տարածքներում ռուսական ավիաբազաներին, մատակարարման գծերին և այլ ռազմական օբյեկտներին հարվածելու համար, որոնք նախկինում հասանելի չէին ուկրաինական ուժերին»։

Հյուսիսային Կորեան, ըստ ամենայնի, նման սահմանափակումներ չի կիրառել՝ Ռուսաստանին իր բալիստիկ հրթիռները փոխանցելու ժամանակ։

Փհենյանից հնչած հայտարարությունից հետո, Reuters-ը ապրիլի 29-ին հանդես եկավ հրապարակմամբ, թե Ռուսաստանն ինչպես է կիրառում հյուսիսկորեական բալիստիկ հրթիռները՝ Ուկրաինայում քաղաքացիական թիրախները խոցելու համար։

Լրատվական գործակալությունը մեջբերել է պատժամիջոցներին հետևող ՄԱԿ-ի դիտորդների՝ կազմակերպության Անվտանգության խորհրդի հատուկ կոմիտեին ուղղված ապրիլի 25-ի զեկույցը, ուր եզրակացություն է արվել, թե «2024 թվականի հունվարի 2-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում ընկած հրթիռի բեկորները հյուսիսկորեական Hwansong-11-ի մասեր են»։

ՄԱԿ-ի դիտորդները նաև հայտարարել են, որ հրթիռի հետագիծը «ցույց է տալիս, որ այն արձակվել է Ռուսաստանի Դաշնության տարածքից», ինչը ևս վկայում է Ռուսաստանի կողմից այդ հրթիռները ձեռ բերելու փաստի մասին։

Reuters-ը հիշեցնում է՝ Հյուսիսային Կորեայից նման ձեռքբերումը «խախտում է սպառազինության գծով Փհենյանի նկատմամբ սահմանված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցը՝ ի պատասխան միջուկային փորձարկում անցկացնելու Հյուսիսային Կորեայի առաջին քայլի՝ 2006 թվականին»։

Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, Hwansong-11-ը Հյուսիսային Կորեայի ռազմական նշանակության առաջին հրթիռն է։

Ըստ վերլուծական կենտրոնի, պինդ վառելիքով գործող այդ հրթիռը Փհենյանը մշակել է խորհրդային Точка-У հրթիռի հիման վրա, և այն կարող է հարվածել մինչև 140 կիլոմետր։ 2013 թվականից արտադրվող Hwansong-11-ները ձախողումներ չեն ունեցել։

Reuters-ի ներկայացրած կադրերի ու The Kiev Independent-ի հրապարակած լուսանկարի համաձայն, հյուսիսկորեական հրթիռի բեկորները հայտնաբերվել են ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքի վայրում, որը ենթարկվել էր ռուսական հարվածին։

ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է բրիտանական Conflict Armament Research կազմակերպության հետազոտությունը, ըստ որի 2024 թվականի հունվարի 2-ին Խարկովում հայտնաբերվել են հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի մնացորդներ, որոնցով ռուսական ուժերը թիրախավորել էին ուկրաինական կողմին։

Խարկովյան Gwara Media պարբերականի համաձայն, ռուսական ուժերի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին և 2024 թվականի հունվարի 2-ին Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին հասցված հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է 134 բնակելի տուն։

Այս փետրվարին ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանը «ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում 24 հյուսիսկորեական հրթիռ է արձակել»։

Հաղորդվում էր, որ ընդամենը երկու հրթիռ էր խոցել ռազմական թիրախները։ Մյուսները սպանել են առնվազն 14 ուկրաինացի խաղաղ բնակչի։ Միայն հունվարի 2-ին Խարկովի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ էր զոհվել, ևս 64-ը՝ վիրավորվել էին։

2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ն մեղադրեց Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին դատապարտել էր այդ քայլը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կօգտագործի այդ զենքը «ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու, ուկրաինացի խաղաղ բնակիչներին սպանելու և իր անօրինական պատերազմը շարունակելու համար»։

«Թույլ չենք տա [Հյուսիսային Կորեային] գաղտնի կերպով օգնել ռուսական ռազմական մեքենային»,- ասել էր Քիրբին։

Այս հունվարին ԱՄՆ-ն մեղադրեց Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ՝ խախտելով ՄԱԿ-ի պատժամիջոցները։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը արձագանքեց, թե ԱՄՆ-ն «կեղծ տեղեկատվություն է տարածում»՝ Հյուսիսային Կորեային մեղադրելով Մոսկվային հրթիռներ մատակարարելու մեջ։

Հունվարին համատեղ հայտարարությամբ՝ Եվրամիությունն ու ևս 48 երկրներ դատապարտեցին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների մատակարարումը Մոսկվային և «Ռուսաստանի կողմից այդ հրթիռների օգտագործումը Ուկրաինայի դեմ՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և 2024 թվականի հունվարի 2-ին»։

«Այս զենքի փոխանցումը խորացնում է ուկրաինացի ժողովրդի տառապանքը, աջակցում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին և խաթարում զենքի չտարածման գլոբալ կարգը»,- ասված է հայտարարությունում։

Փետրվարին Հարավային Կորեան տեղեկացրեց, որ «Փհենյանը ավելի քան 3 միլիոն հրետանային արկ է տրամադրել Ռուսաստանին»։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել էր մարտավարական հրթիռային համակարգերի համեմատաբար կարճ հեռահարություն ունեցող տարբերակը, որը Կիևն առաջին անգամ կիրառել էր 2023 թվականի հոկտեմբերին։

ԱՄՆ պաշտոնատար անձինք Reuters-ին հայտնել են, որ այս ապրիլի 17-ին Ուկրաինան «հեռահար հրթիռներ է կիրառել Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում գտնվող ռազմական օդանավակայանի դեմ»։