Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի երկուշաբթի արված հայտարարությունը, թե դատարանը պետք է կարգադրի ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և «Համասի» ղեկավարներից Յահյա Սինվարին՝ պատերազմական հանցագործությունների պատճառով, երեքշաբթի սուր քննադատության արժանացավ ԱՄՆ Կոնգրեսում:
«Համարում եմ՝ սխալ ուղղությամբ արված քայլ է, որն ավելի դժվար կդարձնի կողմերին մեկտեղելը: Միշտ եղել է այն ըմբռնումը, որ Միջազգային քրեական դատարանը պետք է գործ ունենա այն երկրների հետ, որոնք չունեն անկախ դատական համակարգ: Իսրայելն ունի անկախ դատական համակարգ»,- ասում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բեն Քարդինը։
ԱՄՆ պետքրատուղարի ներկայացմամբ, դատարանում հնչածը միայն բարդացնում է բանակցությունները՝ Գազայում հրադադարի ձեռքբերման շուրջ։
Your browser doesn’t support HTML5
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ, ինչին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները։
««Համասի» և Իսրայելի ղեկավարության միջև հավասարություն դնելը միայն բարդացնում է նման համաձայնության ձեռքբերումը։ Կշարունակենք առաջ գնալ՝ այդ անելու համար: Բայց նման որոշումը բացարձակապես սխալ է»,- ասում է Էնթոնի Բլիքենը։
Ամերիկացի օրենսդիրերն առաջարկեցին անգամ ուշադրություն չդարձնել Խանի հայտարարությանը։
«Դատախազը, որը խորհուրդ է տալիս, արժանի չէ այն ուշադրության, որն առկա է»,- նշում է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:
Սենատորների մի մասն էլ դժգոհ էր Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունից՝ խանգարելով Բլինքենի ելույթը։
Հայտնի է, որ հրեական պետությանը ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը սուր տարաձայնություններ է առաջացրել ԱՄՆ ներքին քաղաքականությունում։ «Համասի»
վերահսկողության ներքո գործող Գազայի առողջապահական ծառայության տվյալներով, ավելի քան 7 ամիս շարունակվող զինված հակամարտության հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 35 հազարը։ ԱՄՆ պետքարտուղարության նախորդ զեկույցի համաձայն, քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու առումով Իսրայելը, հավանաբար, խախտել է միջազգային նորմերը, սակայն, հայտնի է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել օգնությունը հրեական պետությանը:
«Ուսումնասիրում ենք մի շարք դեպքեր, որոնց մասին նշված է զեկույցում։ Իսրայելն ինքն է հետաքննում է հարյուրավոր միջադեպեր՝ որոշումներ կայացնելու համար, և Իսրայելում այդ ուղղությամբ քրեական գործեր են հարուցվել: Դժվար է վերջնական որոշումներ կայացնել պատերազմի պայմաններում, երբ չենք կարող տեղում գործել»,- ասում է Բլինքենը:
Դեմոկրատները զգուշացրեցին Բլինքենին՝ աշխարհը հետևում է ԱՄՆ արձագանքին։
«Ուշադիր հետևողին ակնհայտ է, որ [անցած տարվա] հոկտեմբերի 7-ից ցայսօր Նեթանյահուի կառավարությունը չի պահպանել միջազգային նորմերը, որոնք
պահանջում են դյուրացնել և կամայականորեն չսահմանափակել կամ չմերժել մարդասիրական օգնության տրամադրումը մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Պարոն պետքարտուղար, սա վնասում է մեր նկատմամբ առկա վստահությանը ողջ աշխարհում»,:- ասում է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը։
Փոխարենն այլ դիրքերից հանդես եկավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջիմ Ռիշը, թե ԱՄՆ-ն բավականաչափ չի օգնում Իսրայելին:
«Վարչակազմը ստիպում է Իսրայելին ծախսեր կատարել։ Պետք է դադարեցնեք մեղադրել Իսրայելին։ Թույլ տվեք Իսրայելին Գազայից հեռացնել «Համասին»։ Սա առաջ գնալու միակ ճանապարհն է»,- ասում է Ռիշը։
Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի հայտարարեց, որ այլևս անկարող է օգնություն հասցնել Ռաֆահ: Բլինքենն օրենսդիրներին ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին, թե ցամաքային լայնածավալ գործողությունը Գազայի հարավում կարող է լրջորեն վնասել տեղի խաղաղ բնակչությանը: