Վերջին շրջանում քաղաքականության մեջ ամենից մեծ փոփոխությունը, թերևս, առաջացրել է արհեստական բանականությունը, որի միջոցով, օրինակ, հնարավոր է դառնում առավել թիրախավորված «հասնել» ավելի շատ ընտրողների:
«[Արհեստական բանականության աշխատանքի] մոդելներն արագ են փոխվում: Ամեն շաբաթ ի հայտ է գալիս նորը, որը զգալիորեն լավն է, քան նախորդը»,- ասում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի վերլուծաբան Սքոթ Բաբվա Բրենենը:
Your browser doesn’t support HTML5
Այդ մոդելները հզոր գործիքներ են՝ համապետական և տեղական մակարդակներում արշավների համար՝ ասում է քաղաքական ստրատեգ Բեթսի Հուվերը․ «Պատկերացրե՛ք, քարոզարշավ, ուր ընդհանրապես բացակայում է թվային ոլորտով զբաղվող անձնակազմ, և այն չունի թվային բովանդակություն: Արհեստական բանականությունը թույլ է տալիս ունենալ այն և բավականին [տպավորիչ բովանդակություն], եթե ցանկանում են: Կամ, պատկերացրե՛ք, մի թեկնածուի, ով պայքարում է ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող գործող նախագահի դեմ: Արհեստական բանականությունը հսկայական դեր կունենա այդ քարոզարշավում»:
Հուվերի ընկերությունը՝ Higher Ground Labs-ը, ներդրումներ է կատարում՝ արհեստական բանականությունը հօգուտ Դեմոկրատական կուսակցության կիրառելու նպատակով:
«Իրոք, տեղյակ չեմ, թե հանրապետականները իրենց քարոզարշավը վարելիս՝ ինչ պատկերացումներ ունեն չափանիշների մասին, բայց գիտեմ, որ դեմոկրատները բարձր չափանիշներ ունեն, թե ինչպես ենք օգտագործելու այս նոր տեխնոլոգիաները: Իրոք, անհանգստացած չեմ, թե հետ ենք մնում այս առումով»,- ասում է Հուվերը:
2016 թվականին Թրամփի նախընտրական թիմը սոցիալական ցանցերում հսկայածավալ գովազդային արշավ սկսեց՝ կիրառելով թիրախավորված հաղորդագրություններ և աշխատելով բրիտանական հայտնի Cambridge Analytica ընկերության հետ:
Բրեդ Փարսեյլն այդ քարոզարշավի ավագ խորհրդականն էր՝ տվյալների և թվային գործառնությունների գծով: Նրա Campaign Nucleus ընկերության է վստահված Թրամփի՝ 2024 թվականի նախընտրական կայքը:
Փարսեյլի խոսքով, արհեստական բանականությունը կարող է վերլուծել ընտրողների տվյալները՝ համակիրներին որոշակիացնելու համար․ «Մի քանի տարի հետո դուք կկարողանաք ձեր բջջային հեռախոսի՝ հավելվածի միջոցով իրականացնել մի ողջ գրասենյակի գործառույթներ՝ արհեստական բանականության օգնությամբ, որը կարող է մամուլի հրապարակումներ պատրաստել, գրել ձեր նամակները, դրամահավաքի համար անհրաժեշտ աշխատանք տանել, և այս ամենը ձեր բջջային հեռախոսի միջոցով»:
Սակայն արհեստական բանականության կիրառումը, բնականաբար, չի սահմանափակվում միայն նախընտրական արշավներով։ Ամերիկյան լրատվամիջոցների ինստիտուտի և Associated Press-ի համատեղ սոցհարցման համաձայն, ամերիկացի ընտրողների 42%-ը մտահոգված է, որ լրատվամիջոցները նույնպես կդիմեն արհեստական բանականությանը՝ հատկապես նախընտրական շրջանում տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար: