Արհեստական բանականությունը ընդլայնում է իր ներկայությունը ԱՄՆ քաղաքական կյանքում՝ դրամահավաքից մինչև քարոզարշավ: Ամերիկյան օրենսդիրներից ոմանք ձգտում են մեծացնել վերահսկողությունը, թե ինչպես է կիրառվում արհեստական բանականությունը նախընտրակական քարոզարշավի ժամանակ, քանի որ, ըստ նրանց, այն կարող է հանգեցնել քաղաքական գործըթնացների նկատմամբ ընտրողների վստահության անկմանը:
ԱՄՆ-ում թափ հավաքող նախընտրական քարոզարշավի ժամանակ արհեստական բանանականությունն ամենից ցայտուն, թերևս, օգտագործվել է Նյու Հեմփշիրում կայացած փրայմերիզի ժամանակ, երբ հազարավոր ընտրողներ հեռախոսազանգ ստացան, և նախագահ Ջո Բայդենի ձայնով մեկը՝ այսպես ասած, կեղծ Ջո Բայդենը, հորդորում էր չմասնակցել ներկուսակցական ընտրություններին:
«Այս երեքշաբթի կայանալիք քվեարկությունը հանրապետականներին հնարավորություն է տալու կրկին ընտրել Դոնալդ Թրամփին»,- ասում էր կեղծ Ջո Բայդենը:
Նախագահ Բայդենի՝ կեղծված ձայնային հաղորդագրության հեղինակը Լուիզիանայում բնակվող աճպարար Փոլ Քարփենթերն էր, ով այն պատրաստել էր ընդամենը 150 դոլարով։
Your browser doesn’t support HTML5
Տեղի ունեցածը պատճառ հանդիսացավ, որ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը բարձրաձայնի իր մտահոգությունը․ «Ապատեղեկատվությունն ու դիփ ֆեյքերը ներթափանցում են ամերիկյան հանրություն՝ քաղաքական գովազդի և ապատեղեկատվության տարաբնույթ ձևերի տեսքով, ինչը հնարավոր է դառնում արհեստական բանականության շնորհիվ: Մեր ժողովրդավարության համար այն վտանգ է ներկայացնում»։
Անցած շաբաթ ԱՄՆ Սենատի դատական հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ արհեստական բանականության կիրառման մասին խոսեց հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին․ «Առանց պաշտպանական համակարգերի և անվտանգության մեխանիզմների՝ այս տեխնոլոգիայի վտանգները դառնում են ակնհայտ: Կարծում եմ, այժմ հարցն այն է, թե արդյոք պատրաստվում ենք ձեռքներս ծալած հետևել այս աղետալի զարգացմանը»:
Նյու Հեմփշիրում տեղի ունեցածը այլևս չափազանց հասանելի է՝ նշում է արհեստական բանականության միջոցով մարդկային ձայնի մշակմամբ զբաղվող Զոհայիբ Ահմեդը:
«Արհեսատական բանականության տեխնոլոգիաները մատչելի լուծումներ են առաջարկում, որոնցով հնարավոր է ստուգել աուդիո բովանդակությունը»,- ասում է նա:
Սակայն ձեռնարկատեր Բեն Քոլմանը պնդում է՝ նման տեխնոլոգիաների կիրառմանը զուգահեռ՝ անհրաժեշտ են դրանք կարգավորող մեխանիզմներ․ «Առկա են լավ հիմքեր՝ համապետական ու նահանգային մակարդակներում այն կանոնակարգելու համար: Երբ ինչ-որ բան եք ներբեռնում, օրինակ՝ YouTube-ից, այն անցնում է որոշակի ստուգում: Օրինակ, ստուգվում է բռնության առկայությունը տեսանյութում, քանի որ կանոնակարգված է: Նման կանոնակարգումը կարող է վերաբերել նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակությանը»:
ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովում քննարկվում են այն կանոնները, որոնց համաձայն պետք է արգելվի արհեստական բանականության օգտագործումը նախընտրական գովազդում՝ ընտրողներին միտումնավոր ապակողմնորոշելու նպատակով:
Նյու Հեմփշիր նահանգնի պետքարտուղար Դեյվիդ Սքանլանը Սենատի վերոհիշյալ հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, թե արհեստական բանականության նման կիրառությունը, ինչպես նախագահ Բայդենի կեղծ հաղորդագրության դեպքում էր, կարող է սասանել ընտրողների վստահությունը․ «Կարևոր է վստահ լինել, որ ընտրություններում չի լինի խառնաշփոթ, և որ ընտրողները կհավատան, որ դրանք անցկացվել են արդար և ճշգրիտ՝ հնարավոր ամենաբարձր չափանիշներով: Եթե կորցնենք այդ վստահությունը, ապա այն վերադարձնելը շատ դժվար կլինի»։
Նյու Հեմփշիրում օրենսդիրներն այժմ քննարկում են մի կարգավորում, որը պահանջում է քաղաքական գովազդի հեղինակներից 90 օրվա ընթացքում բացահայտել, թե արդյոք տվյալ բովանդակությունը՝ աուդիոն, ֆոտոն կամ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ: