Ի՞նչ նպատակ է հետապնդում Չինաստանը ուկրաինական հարցում

Չինաստանի դրոշ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է Մեծ յոթնյակի գործընկերների հետ քննարկել Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին:

Իտալիայի Կապրի կղզում ընթանում է Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հաղոդվում է, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է բարձրացնել Չնաստանի վարած արտաքին քաղաքականության հարցը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողներին փոխանցել է, որ նախորդ ամիսներին Միացյալ Նահանգները արձանագրել է Չինաստանից Ռուսաստան այնպիսի նյութերի առաքում, որոնք օգտագործվում են ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրում, ինչը «չափազանց անհանգստացրել է» Վաշինգտոնին:

ԱՄՆ-ն վաղուց է իր մտահոգությունը հայտնում Չինաստանի գործողությունների կապակցությամբ, թե Պեկինն աջակցում է Կրեմլին՝ պատերազմ վարել Ուկրաինայում: Ընդ որում, խոսքը ոչ միայն ուղղակի ռազմական աջակցության, այլև չինական ընկերությունների կողմից ձեռնարկվող այլ բնույթի քայլերի մասին է՝ նյութերով մատակարարել ռուսաստանյան ռազմաարդյունաբերական համալիրը։

Սակայն զուգահեռաբար այլ գործընթաց է՝ չինական բանկերը վերջերս սկսել են հրաժարվել Ռուսաստան ապրանքների մատակարարման համար վճարումներ ընդունելուց, ինչը հանգեցրել է արտահանման հոսքերի նկատելի նվազմանը։ Ըստ Bloomberg-ի, այս մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, չին-ռուսական առևտուրը կտրուկ նվազել է՝ 15․7%-ով։

Your browser doesn’t support HTML5

Չինաստանի «ռազմավարական երկակիությունը» ուկրաինական պատերազմի շուրջ. փորձագետներ

Անցած տարվա արդյունքներով Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն կազմել է ռեկորդային՝ 240 միլիարդ դոլար։

Ներկայում չինական բանկերը Ռուսաստանից չեն ընդունում փոխանցումներ, նույնիսկ՝ յուանով՝ մտավախություն ունենալով, որ կհայտնվեն ԱՄՆ պատժամիջոցների ներքո, և սա անցած տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ստորագրած կարգադրության հետևանքն է, որը թույլ է տալիս ԱՄՆ ֆինանսաների նախարարությանը պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա բանկերի նկատմամբ, որոնք ոտնահարում են Կրեմլի դեմ գործող սահմանափակումները։

Ուկրաինայի պատերազմի առնչությամբ Պեկինի երկակի քաղաքականությունը ամենևին պայմանավորված չէ նրանով, որ Չինաստանում դժվարանում են ընտրություն կատարել, թե ում կողքին է հարկավոր կանգնել՝ ասում է Բեռլինի համալսարանի հետազոտող Թեմուր Ումարովը․ «Չինաստանն ունի մի շարք առաջնահերթություններ: Մոսկվայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Պեկինի համար։ Ռուսաստանը միակ խոշոր տերությունն է, որը պատրաստ է լիովին աջակցել

Չինաստանին՝ իր հակաարևմտյան քաղաքականությունում։ Ռուսաստանը մի երկիր է, որն Արևմուտքի հետ հակամարտությունում պատրաստ է ավելի հեռուն գնալ, քան Չինաստանը։ Ռուսաստանը Չինաստանի համար, իրոք, կարևոր է մի շարք առումներով՝ տնտեսական, քաղաքական, աշխարհագրական, և Պեկինը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունն այս ուղղությամբ»։

Ումարովի խոսքով, Չինաստանի համար, սակայն, պակաս կարևոր չեն նրա հարաբերությունները եվրոպական երկրների և ընդհանրապես՝ Արևմուտքի հետ. «Պեկինում սպասում են Եվրոպայի արձագանքներին, թե Չինաստանը հասկանում է իր արևմտյան գործընկերների մտահոգությունները, նրանց չի անտեսում»։

Մյուս կողմից, ըստ փոձագետի, Չինաստանը հանդես է գալիս խաղաղարար նախաձեռնությամբ, և, կարծես, նպատակ ունի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. «Չնայած այդ նախաձեռնությունը կապ չունի Պեկինի իրական շահերի հետ, քանի որ Չինաստանն, օրինակ, հրաժարվում է մասնակցել [խաղաղության] Ժնևի համաժողովին, քանզի այնտեղ չեն հրավիրել Մոսկվային։ Չինաստանը հայտարարում է, որ մասնակցելու է միայն այն ձևաչափերին, ուր ներկա են և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը։ Բայց նման հարթակներ այսօր չկան»։

Ուկրաինական պատերազմում Պեկինի դիրքորոշման հիմքում ավելի շատ այն նպատակն է, թե Չինաստանը պետք է չեզոք մնա՝ կարծիք է հայտնում քաղաքագետ Ալեքսեյ Չիգադաևը․ «Սա է պատճառը, որ չենք լսում հայտարարություններ, որոնք կարող են վկայել Պեկինի ավելի հստակ դիրքորոշման մասին՝ հօգուտ այս կամ այն կողմի: Պատերազմի սկզբից անցել է ավելի քան երկու տարի, և դեռ լսում ենք, որ Պեկինը պնդում է խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չինաստանի իրական նպատակն է պահպանել չեզոքություն»։

Խաղաղության հաստատման մասին Չինաստանի հայտարարությունները կտրված են իրականությունից՝ նշում է Չիգադաևը. «Դրանք իրագործելի չեն այն պատճառով, որ հռչակագրային բնույթ ունեն։ Կանցնի 20 տարի, և [չինական] պատմության դասագրքերում կգրեն, թե արևմտյան երկրները զենք են մատակարարել Ուկրաինային, Ռուսաստանը ռմբակոծել է ուկրաինական քաղաքները, իսկ Պեկինը կողմերին խաղաղության կոչ է արել։ Այո, սա, հավանաբար, ոմանց համար կարող է փարիսեցիություն թվալ, բայց Չինաստանում սա են համարում իրենց շահը»։

Ուկրաինայի հարցում Չինաստանի դիվանագիտական հայտարարությունները ձևական բնույթի խոսք են հիշեցնում՝ ընդգծում է քաղաքագետը․ «Ընդամենը մամլո հաղորդագրություններ են, որոնք ամեն անգամ մատուցվում են տարբեր սոուսներով: Նախադասությունները վերադասավորվում են, բայց իմաստը չի փոխվում»։