Ուկրաինային ու Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը աշխուժացրել է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունը: Ոլորտի ձեռնարկություններն այլևս ստանում են այնպիսի ծավալի պատվերներ, որոնց ականատես չէին եղել նախորդ տասնամյակներին:
Դիտորդները, սակայն, զգուշացնում են՝ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը դեռ այն վիճակում չէ, որ կարողանա պատշաճ կերպով արձագանքել աշխարհում կարևոր սպառնալիքներին՝ Արևելյան Եվրոպայում ռուսական ագրեսիայից մինչև Կարմիր ծովում հութի գրոհայինների հարձակումներին, որոնց թիկունքին Իրանն է։
«Մեկ շաբաթվա ընթացքում [ԱՄՆ] ռազմածովային ուժերը ավելի շատ Tomahawk հրթիռներ են արձակում, քան ձեռք է բերվել անցած ողջ տարվա ընթացքում: Սա խաղաղ ժամանակների արտադրության ծավալ է, որն անհրաժեշտ է փոխել՝ ազգային անվտանգությանը հատկացվող հավելյալ ֆինանսավորման միջոցով»,- ասում է American Enterprise Institute-ի փորձագետ Մակքենզի Իգլենը:
Your browser doesn’t support HTML5
Հայտնի է, որ ԱՄՆ Սենատի վերջերս ընդունած օրինագիծը միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է նախատեսում Ուկրաինային, Իսրայելին, ու Թայվանին:
«Այդտեղից հիսուն միլիարդ դոլարը կհատկացվի մեր ռազմաարդյունաբերությանը: Սա մեծապես վերաբերում է մեր ազգային անվտանգությանը և մեր ռամաարդյունաբերական համալիրի կարողություններին: Ուկրաինան կարևոր է ոչ միայն Եվրոպայի համար։ Այն կարևոր է ողջ աշխարհի համար»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Գաղտնիք չէ, որ Չինաստանն ուշադրությամբ է հետևում, թե ինչպես են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները արձագանքում մարտահրավերներին:
«Պեկինը կարող է հաշվարկել. նրանք գիտեն, թե մենք տարեկան քանի հրթիռ ենք գնում կամ արտադրում, և դա, իհարկե, բավարար չէ Ասիայում պատերազմը կանխելու համար»,- ասում է Մակքենզի Իգլենը:
Չինաստանը սպառնացել է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել Թայվանն իր վերահսկողության ներքո առնելու համար։ Նման տարբերակը կսրի կրավիճակը Խաղաղ օվկիանոսի ողջ տարածաշրջանում:
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են կոչ անել Ներկայացուցիչների տանը, ի վերջո, քվեարկության դնել արտերկրին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության օրինագիծը:
«Այս ամբիոնից հույս եմ հայտնում, որ այն շուտով կընդունվի և կստանա օրենքի ուժ»,- ասում է հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը:
Օրինագիծը ֆինանսավորելու է ամերիկյան ռազմական տեխնիկայի լրացուցիչ արտադրություն, որը կուղղվի Խաղաղ օվկիանոսում ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը: