Ուրբաթ վաղ առավոտյան Հորդանան գետիարևմտյան ափի Տուբաս քաղաքի մոտ իսրայելցի զինվորականները գնդակահարել են երկուպաղեստինցու՝ հաղորդում են տեղիլրատվամիջոցները:
Իսրայելական կողմը կրակ է բացել սպանվածներից մեկի մեքենայի ուղղությամբ։ Երկրորդ պաղեստինցին գնդակահարվել է Տուբասից հարավ գտնվող ալ-Ֆարա փախստականների ճամբարում իրականացված ռազմական գործողության ժամանակ:
Իսրայելի բանակը դեռ չի արձագանքել տեղի ունեցածին:
Այս միջադեպերի նախօրեին Թել Ավիվը հայտարարելէր «նոր միջոցառումների», ներառյալ՝ Գազայի հյուսիսում նոր ցամաքային անցակետի կառուցման մասին, որոնց նպատակն է մարդասիրական լրացուցիչ օգնություն հասցնել Գազայի հատված:
Իսրայելական բանակի խոսնակ Դենիել Հագարին տեսաուղերձի միջոցով հայտնել է, թե նոր անցակետը «թույլ կտա ավելի շատ օգնություն հասցնել խաղաղ բնակիչներին այն շրջաններում, ուր բեռնատարների մուտքը դժվար է»:
Միջազգային մարդասիրական կազմակերպություններն ամիսներ շարունակ բողոքում են Գազա բեռնատարներով օգնություն հասցնելու խոչընդոտների առնչությամբ՝ նշելով, թե իսրայելական կողմը ամեն անգամ ձգձգում է մուտքը Գազա, բացի այդ՝ շրջանի հյուսիսային մասերում օգնություն տեղափոխող շարասյուների անվտանգության ապահովման կարիք կա:
Հագարիի խոսքով, Իսրայելն ակնկալում է, որ օրական50 բեռնատար կանցնի նոր անցակետով, և որԳազայի հատված ամեն օր շարժվող բեռնատարների ընդհանուր թիվը 350-ից աստիճանաբար կաճի՝ հասնելով մոտ 500-ի:
ՄԱԿ-ի տվյալներով, մինչև անցած տարվա հոկտեմբերի 7-ը, օրական շուրջ 500 բեռնատար էր օգնություն հասցնում Գազա։
Առ այս պահը մարդասիրական ու իրավապաշտպան ավելի քան 250 կազմակերպություններ կոչ են արել դադարեցնել սպառազինության մատակարարումը Իսրայելին և պաղեստինյան զինված խմբավորումներին:
Հինգշաբթի Միացյալ Նահանգները տեղեկացրել է, թե սահմանափակումներ է մտցրել իր դիվանագիտական ներկայացուցիչների ու նրանց ընտանիքների անդամների անձնական բնույթի ուղևորություններում՝ Թել Ավիվի, Երուսաղեմի և Բեեր Շևայի տարածքներից դուրս: