Այս ապրիլի 2-ին Վիսկոնսին նահանգում կայացած փրայմերիզի ժամանակ անօրինական ներգաղթի հարցը առաջնային էր:
«Ներգաղթ, գնաճ, կյանքի իրավունք. սրանք ինձ համար առաջին երեք խնդիրներն են»,-ասում է Վիսկոնսինի բնակիչ Սքոթ Լինդեմանը։
Լինդեմանը նախկինում քվեարկել է հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին և ասում է, որ նույնը կանի:
Վիսկոնսիում Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե պատրաստվում է իրականացնել «ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսումը»՝ երկիրը ազատելով «վտանգավոր մարդկանցից»:
«Նրանք ուղարկում են բանտարկյալների, մարդասպանների, թմրավաճառների, հոգեկան հիվանդների, ահաբեկիչների: Բոլոր երկրներից ամենավատ [զանգվածը] հիմա գալիս է մեր երկիր: Նրանք գալիս են Կոնգոյից, Եմենից, Սոմալիից, Սիրիայից, ամբողջ աշխարհից: Նրանք գալիս ու երկիրը քանդում են, կործանում են մեր երկիրը»,-հայտարարել է Թրամփը:
Your browser doesn’t support HTML5
Հարվարդի համալսարանի վերջին սոցհարցման համաձայն, ներգաղթի խնդիրը ԱՄՆ ընտրողների համար գլխավորն է, և հարցվածների մեկ երրորդից ավելին այն վեր է դասել տնտեսական, առողջապահական ու հանցավորության ներկայացրած խնդիրներից։
Նախագահ Ջո Բայդենի խոսքով, ներգաղթյալները նպաստում են ԱՄՆ տնտեսական զարգացմանը և վտանգավոր չեն, ինչպես Թրամփն է ասում:
«Իմ պաշտոնավարման առաջին օրը ներկայացրեցի համապարփակ ծրագիր՝ ամրապնդելու ներգաղթի համակարգը, պաշտպանելու մեր սահմանները, որովհետև ի տարբերություն Դոնալդ Թրամփի, գիտեմ, թե ովքեր ենք մենք՝ ամերիկացիներս»,- ասել է Բայդենը:
Թրամփի կողմնակիցները վերհիշում են Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նրա՝ 2016 թվականի խոստումը: Նախկին նախագահը խոստանում է վերընտրվելու դեպքում ավարտել գործը։
«Ձեր ձայների շնորհիվ կփակեմ սահմանը, կդադարեցնեմ [մեր երկիր] ներխուժումը, վերջ կտամ սպանություններին, և մենք պարտության կմատնենք նրանց, ովքեր զբաղվում են մարդկանց առևտրով»,- հայտարարել է Թրամփը։
Անցած շաբաթ ԱՄՆ վերաքննիչ դատարանն արգելեց է Տեխաս նահանգին կիրառել մի օրենք, որը քրեականացնում է չարտոնված մուտքը նահանգ և թույլ է տալիս նահանգային դատավորներին վճիռներ կայացնել՝ ձերբակալվածներին արտաքսելու վերաբերյալ:
Բայդենի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացված ծրագիր՝ բարելավելու սահմանային անվտանգությունը:
«Այս օրինագիծը կարող է կյանքեր փրկել: Այն նախատեսում է միջոցները, որոնց կարիքն ունեն մեր քաղաքներից շատերը: Այն ինձ հնարավորություն է տալիս ժամանակավորապես փակել սահմանը, երբ ներգաղթյալների թիվը գերազանցի թույլատրելի չափը»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները դեմ են արտահայտվել այդ օրինագծին՝ հիմնվելով Թրամփի հնչեցրած առարկությունների վրա: Սենատը նույնպես չի կարողացել քվեարկել նախագծի օգտին: