Ալյասկայում տևական ժամանակ լուռ հրաբուխներից մեկը անցած տարի սկսեց ակտիվության նշաններ ցույց տալ, և դա ստիպեց տեղի գիտնականներին մշակել նոր տեխնոլոգիա՝ օգտագործել մեծ քանակությամբ տվյալներ հրաբխի ժայթքման մասին կանխատեսումը բարելավելու համար:
Ալյասկայի համալսարանի Ֆեյրբենքսի երկրաֆիզիկայի ինստիտուտի դոցենտ Ռոնի Գրապենթինն ասում է․ «Ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում։ Մենք կարողացանք մի քանի օրվա ընթացքում կատարել գրեթե ութ տարվա տվյալների վերլուծություն, որը նախկինում տևում էր շաբաթներ կամ ամիսներ»:
Your browser doesn’t support HTML5
Հրաբուխները դիտարկվում են արբանյակների միջոցով, որոնք, օրինակ, գրանցում են, թե ինչպես է հողը շարժվում հրաբուխների շուրջը: Այնուհետև այդ տվյալները փոխանցվում են համակարգիչներին՝ վերլուծության համար: Սակայն մեծաքանակ տվյալների ներբեռնման ու վերլուծության համար, երկար ժամանակ էր պահանջվում, մինչդեռ նոր լուծումը թույլ է տալիս այդ աշխատանքը կատարել առցանց հարթակում: Նման կերպ խնայում են ժամանակ և ստանում հրաբխի հետագա «վարքի» վերաբերյալ ավելի ճշգրիտ համակարգչային մոդելավորում՝ բարելավելով հրաբուխների ժայթքումների կանխատեսումը:
Սա հատկապես կարևոր է Ալյասկայում՝ ասում է երկրաֆիզիկոս Մաքս Էնդերսը. «Կարծում եմ, շատ առումներով առաջատար ենք այս տեխնոլոգիաների հարցում։ Ունենք բազմաթիվ ակտիվ հրաբուխներ, որոնք բավականին հաճախ են ժայթքում և պետք է վերահսկվեն»։
Էնդերսի գործընկեր Մայքլ Փոլանդի համոզմամբ, իրենց հաջողությունը կարող է Ալյասկա բերել այլ երկրների գիտնականների, որոնք կցանկանան ուսումնասիրել նոր տեխնոլոգիան։
Ինչևէ, նոր տեխնոլոգիան թույլ է տվել նահանգում գործող գիտնականներին եզրակացնել, որ Էջքամբ լեռան ակտիվությունը դեռ վտանգավոր չէ։ Այդուհանդերձ, գիտնականները սարի վրա նոր սարքեր են տեղադրել՝ հրաբխի ակտիվությունը չափելու համար։