Հռոմի պապը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Սուրբ Հարության տոնի առթիվ ունեցած ելույթում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում: Կաթոլիկ հովվապետի խոսքերն հնչել են միջազգային հանրության աճող ջանքերի ֆոնին՝ լրացուցիչ օգնություն հասցնել Գազայի հատված:

Հանդես գալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ժողովված մեծաքանակ բազմության առջև՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Գազայում:

«Վերստին հորդորում եմ ապահովել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազայի հատված ու անհապաղ ազատ արձակել [անցած տարվա] հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդներին, նաև՝ անհապաղ զինադադար հաստատել։ Պետք է թույլ չտանք, որ ներկայիս ռազմական գործողությունները շարունակեն ծանր հետևանքներ ունենալ քաղաքացիական բնակչության համար և առաջին հերթին՝ երեխաների»,- ասել է կաթոլիկ հովվապետը:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել միջազգային հանրության կողմից հնչող կոչերը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակչությանը։ Հայտնի է, որ Կիպրոսից նավերի շարասյուն է շարժվում Գազա՝ տեղափոխելով մոտ 400 տոննա պարեն և այլ տեսակի օգնություն:

Your browser doesn’t support HTML5

Հռոմի պապը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

Ըստ «World Central Kitchen» կազմակերպության, այդ պարենը կբավարարի ավելի քան 1 միլիոն մարդու կերակուր պատրաստելու համար:

ՄԱԿ-ը հանդես է եկել նախազգուշացմամբ, թե արդեն այս ամիս Գազայի հյուսիսային շրջաններում մարդիկ կարող են բախվել սովի:

Միացյալ Նահանգների ռազմուժը՝ տարածաշրջանի արել երկրների հետ, շարունակում է օդային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինցիներին՝ ինքնաթիռներից նետելով պարենով ու խմելու ջրով լի արկղեր։

Անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համաս» խմավորման գրոհից հետո, ինչի հետևանքով զոհվեցին մոտ 1 200 իսրայելցիներ, ևս 240-ը պատանդառվեցին, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և սահմանափակելով միջազգային մարդասիրական օգնության հոսքը շրջան: «Համասի» ենթակայության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության համաձայն, ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն անցել է 32 հազարը:

Այս ամենի ֆոնին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ դեռ անցած տարվա դեկտեմբերին Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած գանգատի հիման վրա երկու նոր որոշումներ է կայացրել՝ պահանջելով հրեական պետությունից անհրաժեշտ մակարդակի հասցնել մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված և բացել Գազա տանող լրացուցիչ ցամաքային անցակետեր։

Բուն Իսրայելում՝ հանրության շրջանում չկա միակարծություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ։ Երկրում չեն դադարում բողոքի բազմահազար ակցիաները՝ պահանջելով Բենիամին Նեթանյահուի կառավարությունից զինադադար կնքել «Համասի» հետ՝ պատադներին ազատ արձակելու դիմաց։

Կիրակի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, ուր Հիսուս Քրիստոսի գերեզմանն է, Զատկի պատարագ է մատուցվել, սակայն այցելուների թիվն՝ անցած տարիների համեմատ սակավ էր, քանզի 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո պաղեստինցիների համար հատուկ թույլտվություն է հարկավոր՝ անցնելու անցակետերը և մուտք գործել Երուսաղեմ։