Իսլանդիան հայտնվել է Ռուսաստանի քարոզչության թիրախում՝ Ուկրաինային աջակցելու համար

Այս մարտի 15-ին Իսլանդիան հայտարարեց, թե կվերապատրաստի ուկրաինական ռազմածովային կուրսանտներին՝ «մասնավորապես, ծովագնացության, ներառյալ՝ նավագնացության, ծովային հետախուզության և հատուկ, այդ թվում՝ որոնողա-փրկարարական գործողությունների ուղղություններով»:

Երկրագնդի հյուսիային մասում՝ Գրենլանդիայից ոչ հեռու գտնվող կղզի-պետությունն ունի 400 հազարից պակաս բնակչություն և ՆԱՏՕ-ի այն եզակի անդամն է, որ չունի մշտական գործող ռազմուժ։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Իսլանդիային՝ իր բառերով ասած «Կիևի ռեժիմին ցուցաբերվող օգնությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագրի» ու «սպառազինության գնումը ֆինանսավորելու և ուկրաինական զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստելու համար»։

«Իսլանդիան այն երկրների թվում է, որոնց վարձկանները մեկնել են Ուկրաինա։ Այն նաև իր տարածքում վերապատրաստում է ուկրաինական ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին։ «Խաղաղ» Իսլանդիան փորձում է հետ չմնալ իր ավագ դաշնակիցներից՝ հովանավորելով ուկրաինացի նացիստներին»:

Զախարովայի այս պնդումները ապակողմնորոշիչ են:

Նախ, Իսլանդիան չունի ռազմական նավատորմ, և ուկրաինացի ռազմածովային կուրսանտներին վերապատրսատելու է երկրի առափնյա պաշտպանությամբ զբաղվող իսլանդական ոստիկանությունը։

Երկրորդ, չկա որևէ ապացույց, որ իսլանդացիները միացել են ուկրաինական բանակին։ Դեռ ավելին՝ Իսլանդիայի կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չկռվել Ուկրաինայում:

Երրորդ, մինչ Զախարովան ենթադրում էր, որ Իսլանդիայի վրա ազդեցություն է գործում «խիստ ագրեսիվ արևմտյան հանրությունը», հարցումները ցույց են տալիս, որ իսլանդացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Ուկրաինային աջակցելուն, միաժամանակ՝ դեմ են Իսլանդիայի ու Ռուսաստանի միջև որևէ համագործակցության:

Իսլանդիան վարձակալել է բեռնատար ինքնաթիռներ՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից Ուկրաինա ռազմական պարագաներ և զինտեխնիկա տեղափոխելու համար, Կիևին տրամադրել է կահավորված դաշտային շարժական հոսպիտալ, վառելիք տեղափոխող տասը բեռնատարներ և ձմեռային հանդերձանք ուկրաինացի զինծառայողների համար։

Հանրահայտ է, որ Ուկրաինա ներխուժումն արդարացնելու համար ռուսական քարոզչությունը երևան է հանել կեղծ պատմություն այն մասին, թե իբր ուկրաինական կառավարությունը ղեկավարում են նացիստները:

«Polygraph.info»-ն և այլ լրատվամիջոցներ բազմիցս անդրադարձել են այդ ստին: