Սպիտակ տունը ճնշում է գործադրում Իսրայելի նկատմամբ Ռաֆահի հարցում

Սպիտակ տուն

Նախագահ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջարկել է պատվիրակություն գործուղել Վաշինգտոն՝ «քննարկելու «Համասին» թիրախավորելու եղանակները՝ առանց Ռաֆահում խոշոր ցամաքային գործողության իրականացման»: Նեթանյահուն շարունակում է պնդել, թե դա «Համասը» ոչնչացնելու միակ ուղին է։

Սպիտակ տան ներկայացմամբ, նախագահ Ջո Բայդենը խորը մտահոգություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի առնչությամբ՝ ցամաքային գործողություն ձեռնարկել Ռաֆահում: Գազայի հատվածի հարավային՝ Եգիպտոսին սահմանակից այդ քաղաքում ներկայում կենտրոնացած են մոտ մեկուկես միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներ:

«X»-ում գրառմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ առաջարկել է Նեթանյահուին պատվիրակություն գործուղել Վաշինգտոն՝ «քննարկելու «Համասին» թիրախավորելու եղանակները՝ առանց Ռաֆահում խոշոր ցամաքային գործողության իրականացման»:

Իսրայելի վարչապետը ընդունել է առաջարկը՝ պնդելով, սակայն, որ Ռաֆահ քաղաք «մտնելը» կարևոր է «Համասին» հաղթելու համար, չնայած միջազգային ճնշմանը:

Your browser doesn’t support HTML5

Սպիտակ տունը ճնշում է գործադրում Իսրայելի նկատմամբ Ռաֆահի հարցում

«Կմտնենք Ռաֆահ։ Կավարտենք «Համասի» գումարտակների ոչնչացումը։ Կվերականգնենք անվտանգությունը և կհասնենք ամբողջական հաղթանակի՝ հանուն Իսրայելի ժողովրդի և Իսրայել պետության»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելցի դիտորդների կարծիքով, գրեթե անհնար է Ռաֆահից նման քանակի քաղաքացիական անձանց տարհանումը՝ մինչ իսրայելական բանակի ցամաքային ներխուժումը, չնայած իսրայելական կողմի հավաստիացումներին, որ գոյություն ունի անվտանգության գոտիներ ստեղծելու ծրագիր:

«Ha’aretz» թերթի ռազմական հարցերով լրագրող Ամոս Հարելն ասում է․ «Մոտ մեկուկես միլիոն պաղեստինցիներ գտնվում են Ռաֆահում, և Իսրայելը ոչ մի կերպ չի կարող գործել այնտեղ՝ առանց բնակչության մեծ մասին դուրս բերելու: Հիմա այդ անելը շատ ավելի բարդ է՝ ոչ միայն մարդկանց մեծ թվաքանակի պատճառով, այլև այն պատճառով, որ նրանց մեծ մասը գնալու տեղ չունի՝ հաշվի առնելով Գազայի հյուսիսային հատվածի ավերակ վիճակը»:

Հարելը գնահատմամբ, իսրայելական բանակը ներկայում պատրաստ չէ ցամաքային գործողություն իրականացնել Ռաֆահում, որի նախապատրաստման համար, հավանաբար, մի քանի ամիս կպահանջվի:

«Իսրայելը դեռ պատրաստ չէ: Այժմ Գազայի հատվածում գործում է ընդամենը 5-6 բրիգադ՝ երկու տարբեր շրջաններում՝ Խան Յունիսում և Գազա քաղաքի հարավային մասում: Որպեսզի Իսրայելի պաշտպանության բանակը ուժեր մտցնի Ռաֆահ, կարծում եմ, անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել այդ թիվը»,- ասում է Ամոս Հարելը:

Որոշ դիտորդների համոզմամբ, Իսրայելն այնուամենայնիվ պետք է մուտք գործի Ռաֆահ, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դեմ է:

Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականի նախկին տեղակալ Չակ Ֆրեյլիխը նշում է․ «Իրականում, Իսրայելը չի կարող հաղթել պատերազմում՝ ռազմական ճանապարհով, կամ հասնել իր ռազմական նպատակներին, եթե չմտնի Ռաֆահ, քանի որ այն վերջին գլխավոր կետն է։ Այստեղ, ըստ երևույթին, թաքնված է «Համասի» մնացած ուժերի մեծ մասը»:

Ռաֆահի պաղեստինցիներից խոսքով, հազիվ են գոյատևում գերբնակեցված և ծայրահեղ աղքատ ճամբարներում:

Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, թե Ռաֆահում խաղաղ բնակիչներ են, ոչ թե մարտիկներ, և հիշեցրեց՝ Նեթանյահուն ավերել է Գազան:

«Մենք խաղաղ բնակիչներ ենք։ Չունենք զենք։ Այստեղ չկան դիմադրության մարտիկներ: Ահա, թե ինչ է անում Նեթանյահուն խաղաղ բնակչության հետ»,- ասել է նա:

Իսրայելի պաշտոնյաների խոսքով, նախքան որևէ ներխուժում Ռաֆահ՝ պաղեստինցի խաղաղ բնակիչները պետք է տեղափոխեն անվտանգ գոտիներ՝ Գազայի այլ հատվածներ, սակայն նրանք չեն մանրամասնում, թե ինչպես են տեղափոխելու ավելի քան մեկ միլիոն մարդու: