ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել շաբաթ օրը Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Մեկն առնչվում է Մեքսիկայում ավտոմեքենաշինական գործարանների կառուցելու Չինաստանի քայլին:
«Եթե ընտրվեմ, 100% մաքսատուրք ենք դնելու յուրաքանչյուր մեքենայի վրա, որը կանցնի [ԱՄՆ] սահմանը, և դուք չեք կարողանա վաճառել այդ մեքենաները: Եթե չընտրվեմ, երկրին սպասում է արյունահեղություն»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Նախկին նախագահի նախընտրական շտաբը շտապել է ընդգծել, որ Թրամփի խոսքերն ամենևին էլ նպատակ չունեն հրահրել բռնություն:
Your browser doesn’t support HTML5
Հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին արձագանքել է «NBC»-ի եթերում․ «Նա պայքարում է Բայդենի դեմ, ուստի Բայդենը պետք է ասի, որ սա քաղաքական բռնություն [հրահրելու կոչ է]: [Թրամփի] կողմնակիցները պաշտպանում նրան՝ [Թրամփին], ասելով, որ խոսքերը տնտեսական [վերահաս] աղետի մասին են»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը Օհայոյից ընտրված հանրապետական Մայք Թերները «ABC»-ի հետ զրույցում արձագանքել է Թրամփի այն խոսքերին, ուր նա միգրանտներին որակել է « ոչ մարդ», և խոսել սահմանի ապօրինի հատումների շուրջ Բայդենի դիրքորոշման վերաբերյալ․ «Կարծում եմ, մարդիկ տեսնում են, որ Դոնալդ Թրամփը միակ թեկնածուն է այս մրցապայքարում, որը կկարողանա հանգուցալուծել այս ճգնաժամը»:
Շաբաթ օրվա նախընտրական միջոցառման ժամանակ Թրամփը նոր՝ սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությունը՝ կոչ անելով իր կողմնաիցներին մասնակցել այս նոյեմբերին կայանալիք Միացյալ Նահանգների համապետական ընտրություններին:
«Չեմ կարծում, թե դուք այլ ընտրություններ կունենաք այս երկրում, եթե չհաղթենք այս ընտրություններում: Չեմ կարծում, որ կունենաք ևս մեկ ընտրություն: Հիշե՛ք նոյեմբերի 5-ը։ Կարծում եմ, որ այն կլինի մեր երկրի պատմության ամենակարևոր ամսաթիվը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Անցած շաբաթ-կիրակի ամերիկյան լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահել նաև Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, թե դրամահավաքի նրա արշավը մոտեցել է նպատակային կետին, և այժմ Բայդենն ունի մոտ 155 միլիոն դոլար կանխիկ գումար, որից 53 միլիոնը հավաքվել է միայն փետրվարին։
Տեղեկությունը հրապարակվեց, երբ Բայդենը կիրակի նախապատրաստվում էր նախաճաշի ԱՄՆ կաթոլիկ համայնքի առաջնորդների հետ՝ նշելու Սուրբ Պատրիկի օրը: Ջոն Քենեդիից հետո՝ ԱՄՆ պատմության ընթացքում Ջո Բայդենը երկրորդ կաթոլիկ նախագահն է։