Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի և միջուկային զենք կկիրառի, եթե վտանգ տեսնի իր ինքնիշխանությանը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կրեմլի խոսափողներից մեկը համարվող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
Պուտինի խոսքով, ռուսական միջուկային ուժերը «մշտապես մարտական պատրաստության վիճակում են»՝ հավելելով, որ մինչ այժմ Ուկրաինայի դեմ պատերազմում մարտավարական միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։
Դիտորդները համեմատում են Վլադիմիր Պուտինի խոսքերը երկրի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սուր հռետորաբանության հետ՝ նշելով, որ Կրեմլի ներկայիս ղեկավարն, անշուշտ, ավելի զուսպ է, սակայն Պուտինի խոսքերի տողատակում կարելի է նկատել անթաքույց սպառնալիք։
Your browser doesn’t support HTML5
Փաստորեն, Ռուսաստանի նախագահը հայտարարել է՝ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել՝ մշակված ռազմավարության համաձայն։ Պուտինը նաև որոշել է ընդգծել՝ ռուսաստանյան միջուկային զինանոցը, իբր, ամենաժամանակակիցն է աշխարհում՝ չբացառելով միջուկային փորձարկումները։
Ռուսաստանի նախագահի խոսքերին արդեն իսկ արձագանքել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը, մասնավորապես ասել է․ «Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը եղել է անխոհեմ և անպատասխանատու այս հակամարտության ողջ ընթացքում: Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա՝ առանց հիմնավորման։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, քանի որ նա պաշտպանում է իր ժողովրդին և իր ինքնիշխան տարածքը ռուսական ագրեսիայից»:
Պուտինի խոսքերին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորած վարչակազմի մեկ այլ՝ անանուն բարձրաստիճան պաշտոնյա. «Պուտինը կրկնել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում առկա դրույթը, որ իրենք միջուկային զենք կօգտագործեն, եթե իրենց ինքնիշխանությունը վտանգի ենթարկվի։ Սա նոր դիրքորոշում չէ: Որևէ պատճառ չկա մեր միջուկային ռազմավարությունում շտկումներ կատարելու համար։ Ոչ էլ նշաններ կան, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում»:
Պուտինը միջուկային հռետորաբանություն է օգտագործում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու և Արևմուտքին շանտաժի ենթարկելու համար, նաև քաջ գիտակցում է, որ, օրինակ, Եվրոպայում տագնապած են միջուկային պատերազմի հեռանկարից՝ կարծում է Կանադայի արտաքին քաղաքականության ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Սթարչակը։
«Ուստի, կարծես ասում է՝ «եկեք լուծենք Ուկրաինայի հարցը մեր պայմաններով, և այդպիսի սպառնալիքներ չեն լինի։ Նույնը տեղի է ունենում ԱՄՆ առաջարկած ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների շուրջ բանակցությունների դեպքում։ Պուտինն ու [Ռուսաստանի] արտգործնախարարությունը պատասխանում են, թե [բանակցություններ] հնարավոր են միայն այն դեպքում, երբ լուծվի Ուկրաինայի հարցը, երբ ԱՄՆ-ն դադարի ուկրաինամետ քաղաքականություն վարել։ Այսինքն, Մոսկվան խաղաղություն է ուզում իր պայմաններով և սեղանին է նետում իր բոլոր «հաղթաթղթերը»»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Սթարչակը։
Հիշեցնենք, անցած տարի Պուտինը հայտարարեց ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների շուրջ ԱՄՆ հետ բանակցությունների կասեցման, այնուհետև՝ Բելառուսի տարածքում մարտավարական նշանակության միջուկային զենքի տեղակայման մասին։
Մաքսիմ Սթարչակն ուշադրություն է հրավիրում՝ հարցազրույցի ժամանակ Պուտինն, այդուհանդերձ, խուսափեց հստակեցնել՝ Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է միջուկային պատերազմի, թե՞ ոչ, և սա արվում է միտումնավոր՝ եվրոպական մայրաքաղաքներում մտահոգությունը պահպանելու համար։ Այլ կերպ ասած, միջուկային զենքի կիրառման սպառնալիքը Կրեմլում դիտարկում են որպես զսպման միջոց:
Փորձագետի ներկայացմամբ, ուկրաինական պատերազմից հետո ռազմավարական նշանակության ռուսական միջուկային ուժերի հերթապահության ռեժիմում փոփոխություններ չեն նկատվել։ Նույնը՝ օդային և ծովային միջուկային ուժերի պարագայում է։
Հիշեցնենք, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի մեկնարկից կարճ ժամանակ անց՝ Պուտինը հայտարարեց ռազմավարական նշանակության ռուսական միջուկային ուժերի մարտական հերթապահությունը «հատուկ ռեժիմի» տեղափոխելու մասին։ Այնուհետև, սպառնաց օգտագործել «բոլոր հասանելի միջոցները»՝ պաշտպանելու բռնազավթած ուկրաինական տարածքները։
Պրահայում գործող և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին Մոսկվայի նման գործելաոճը ուղղակի շանտաժ է որակում, իսկ միջուկային թեման շարունակում է օրակարգում մնալ Արևմուտքում՝ նաև շնորհիվ լրատվամիջոցների հրապարակումների։
«Երբ ռուսական զորքերը արագորեն նահանջում էին ուկրաինական ճակատում, լրատվամիջոցները շատ էին գրում, թե Պուտինն, իբր, լրջորեն պատրաստվում է միջուկային զենքի կիրառել, և միայն Վաշինգտոնի առաջարկով՝ Չինաստանի ճնշմումն էր, որ Մոսկվային հետ պահեց նման քայլից։ Փաստորեն, Կրեմլում հասկացան, որ միջուկային շանտաժը աշխատում է և շտապեցին օգտվել դրանից: Իսկ հիմա [Պուտինը] նոր հայտարարություն է անում՝ հստակ ասելով, որ պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, միջուկային զենք կիրառել»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Պրեոբրաժենսկին։
Փորձագետի կարծիքով, Ուկրաինա զորքեր ուղարկելու Արևմուտքում սկիզբ առած քննարկումների ֆոնին՝ Պուտինի խոսքերը նաև նպատակ ունեն հասցնելու արևմտյան երկրներին, որ «թույլատրելիի սահմանների ընդլայնումը» հղի է լրջագույն հետևանքներով․ «Ուստի, նա փորձում է միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի տարածքում կապել այնտեղ ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելու հետ, որպեսզի այս հարցի ցանկացած քննարկման ժամանակ՝ անմիջապես ինքնըստինքյան ի հայտ գա միջուկային սպառնալիքի հարցը։ Կարծում եմ, Եվրոպայում երկակի վերաբերմունք կա Մոսկվայի այդ դիրքորոշման նկատմամբ. Մի կողմից, արևմտյան առաջնորդներն ու քաղաքական գործիչները մեծամասամբ համոզված են, որ Պուտինը պատրաստ չէ ծայրահեղ քայլի։ Մյուս կողմից, իրավիճակի վրա, ցավոք, բացասաբար է ազդում առկա լրատվական ֆոնը, և բոլոր քաղաքական գործիչները գտնվում են հանրային կարծիքի որոշակի ճնշման ներքո, ինչը չի կարելի անտեսել»։
Իվան Պրեոբրաժենսկու նեևրկայացմամբ, նման խնդիրը մեծ դժվարությամբ լուծեց Ուինսթոն Չերչիլը Երկրորդ աշխարհամարտից հետո, և այժմ հարկ է ապացուցել, որ Ռուսաստանն, իրականում, ի վիճակի չէ միջուկային զենք կիրառել, բայց դա հեշտ չէ անել, այդ թվում՝ վախի գործոնի պատճառով։
Ի՞նչ ցանկանում ասել Պուտինը Ուկրաինային և ԱՄՆ-ին
ԱՄՆ-ում գործող Կիրառական աշխարհաքաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ռոջեր Բեյքերը հետևյալ կերպ անդրադարձավ Պուտինի հարցազրույցին․ «Մասամբ, Պուտինը կրկնել է Ռուսաստանի 2020 թվականի միջուկային դոկտրինի տեքստը, ուր ասված է, որ եթե երկիրը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, եթե նրա վրա հարձակվեն՝ միջուկային կամ սովորական սպառազինությամբ, որը էական վտանգ կներկայացնի Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը, ապա միջուկային զենք կկիրառի»։
Ըստ փորձագետի, գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Մոսկվայում արևելյան Ուկրաինան և Ղրիմը համարում են Ռուսաստանի տարածք, և եթե առաջանա այդ տարածքի կորստի վտանգ, արդյո՞ք Ռուսաստանը կգնա միջուկային զենքի կիրառմանը, և սա էր Պուտինի նման խոսքի նպատակը՝ ստիպել արևմտյան գործիչներին մտածել այս մասին։
Բեյքերը հավելեց, թե չի կարծում, որ Կրեմլում կգնան միջուկային զենքի կիրառմանը, եթե արևմտյան սովորական սպառազինությունը շարունակի հոսել Ուկրաինա։
Փորձագետի փոխանցմամբ, Պուտինն, անշուշտ, ուռճացրել է ռուսական միջուկային ուժերի կարողությունները, թեև Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկը, միգուցե՝ ամենամեծը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մի քանի տարի աշխատում է իր միջուկային ուժերի արդիականացման ուղղությամբ, ինչպես Չինաստանը և ԱՄՆ-ն: Այդուհանդերձ, պարզ չէ՝ արդյո՞ք ռուսական միջուկային ուժերը առաջատարն են այս պահին։
Մյուս կողմից, Ռոջեր Բեյքերը, համոզված է, որ հարցազրույցի նպատակներից էր ռուս ժողովրդին վստահություն ներշնչել, թե Ռուսաստանը շարունակում է ուժեղ մնալ՝ չնայած ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը՝ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին:
Պուտինը խոսեց նաև հակամարտությունը դադարեցնելու ուղիների վերաբերյալ՝ անվտանգության լայն երաշխիքների միջոցով, որոնք պետք է ձեռք բերվեն ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հետ, և ուր քիչ բան է նախատեսված Ուկրաինայի հետ բանակցությունների առումով, քանի որ ուկրաինական պատերազմը նա դիտարկում է Արևմուտքի հետ ռազմավարական մրցակցության առաջնագիծ։
Ռոջեր Բեյքերը եզրափակում է, վերստին անդրադառնալով միջուկային կարողության հարցին՝ Պուտինը ցանկանում է, որպեսզի ներկայիս ուկրաինական պատերազմը դիտարկվի որպես հակամարտություն մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ միջև՝ եվրոպական անվտանգության ապագայի համար։ Հետևաբար, լուծումները պետք է քննարկվեն լայն՝ ռազմավարական մակարդակով, ոչ միայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: