Զինամթերքի ու այլ պաշարների մեծածավալ օգտագործման ֆոնին՝ Ուկրաինայում սպասում են ամերիկյան օգնության նոր փաթեթին: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը պնդում է՝ Սենատի հավանությունը ստացած և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող աջակցության փաթեթի վերաբերյալ օրինագիծը չի ներկայացվելու Ներկայացուցիչների տան քվեարկությանը: Սենատում համոզված են՝ Կիևին օգնություն չտրամադրելը լուրջ սխալ կլինի:
«Ներկայացուցիչների տան որոշումը՝ անգամ [քվեարկության չներկայացնել] օրինագիծը, որը կոչված է աջակցել Ուկրաինային՝ Պուտինի ագրեսիայի դեմ պայքարում, [ԱՄՆ] ազգային անվտանգության հարցում ամենաանհեռատես որոշումներից մեկն է, որը հնարավոր էր պատկերացնել»,- ասում է Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Մարկ Ուորները։
Your browser doesn’t support HTML5
Գլոբալ սպառնալիքների մասին իրենց գնահատականները ներկայացնելիս՝ ԱՄՆ հետախուզական հանրության ներկայացուցիչները երկուշաբթի փոխանցել են ամերիկացի կոնգրեսականներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, թե Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային կթուլանա:
«Այժմ՝ Ուկրաինայի, եվրոպական անվտանգության և ողջ աշխարհում ամերիկյան երկարաժամկետ շահերի համար խիստ կարևոր կետում ենք: Կարծում եմ, Կոնգրեսի կողմից հաստատված լրացուցիչ աջակցության միջոցով հնարավոր է հասնել Ուկրաինայի ռազմավարական հաջողությանը և Վլադիմիր Պուտինի ռազմավարական ձախողմանը»,- ասել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
Օտարերկրյա օգնության մասին ամերիկյան օրինագիծը ներառում է նաև միլիարդավոր դոլարներ պարունակող աջակցություն Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին՝ չինական ագրեսիայի դեմ պայքարելու համար: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը երկուշաբթի օրենսդիրներին փոխանցել է, որ այդ ագրեսիան, ինչպես կանխատեսվում է, գալիք տարի կաճի:
«Պեկինը կշարունակի օգտագործել իր ռազմուժը՝ հարևաններին վախեցնելու և տարածաշրջանային օրակարգը ձևավորելու համար՝ համաձայն Չինաստանի
Ժողովրդական Հանրապետության առաջնահերթությունների: Ակնկալում ենք, որ Չինաստանը կզարգացնի առաջադեմ հարթակներ, կանցնի նոր տեխնոլոգիաների և ավելի ունակ կդառնա՝ համատեղ գործողություններ իրականացնելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով Թայվանը»,- ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները պնդում են իրենց դիրքորոշումը՝ չեն քննարկի արտաքին օգնության վերաբերյալ օրինագիծը, քանի դեռ ԱՄՆ ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ չեն կատարվել, որոնք կամրապնդեն Մեքսիկայի հետ սահմանը:
«Վերցնում ենք դժվարությամբ՝ հարկերի միջոցով վաստակած մեր դոլարները և ուղարկում 5 հազար մղոն հեռավորության վրա, և սրա վերջը չի երևում: Մինչդեռ, մեր սահմանը բաց է, և մեր համաքաղաքացիները սպանվում են մեր փողոցներում։ Սա խնդիր է»,- ասում է հանրապետական կոնգրեսական Սքոթ Փերին:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատները և որոշ հանրապետականներ ուսումնասիրում են արտաքին օգնության մասին օրինագիծը Կոնգրեսի ստորին պալատում հարկադրաբար քվեարկության ներկայացնելու տարբերակը։ Այդ օգնությունն, ինչպես հայտնի է, ներառում է նաև Իսրայելի համար նախատեսված 14 միլիարդ դոլարն ու Գազայի համար առանձնացված մարդասիրական օգնությունը: