ՆԱՏՕ-ին անդամակցելը Շվեդիայում դիտարկում են որպես երկրի առաջըթնացի ռազմավարական նոր ուղի, և երկուշաբթի, երբ Շվեդիայի դրոշը բարձրացվեց դաշինքի կենտրոնակայանում՝ Բրյուսելում, վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարեց, որ տեղի ունեցածը «բնական քայլ» էր իր երկրի համար:
«Շվեդիան տուն է վերադարձել՝ անվտանգության գծով ժողովրդավարական երկրների միջև համագործակցության տուն: Մեր լավ հարևանների հետ անվտանգության ոլորտում համագործակցության տուն»,- ասել է Քրիստերսոնը։
Your browser doesn’t support HTML5
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է դաշինքի 32-րդ անդամին։
«Շվեդիայի անդամակցությունը վերստին ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է։ Ոչ ոք չի կարող փակել այն։ Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրել իր ուղին, և բոլորս ընտրում ենք ազատության և ժողովրդավարության ճանապարհը։ Մինչ մենք խոսում ենք՝ Ուկրաինայի խիզախ ժողովուրդը պայքարում է հենց այս արժեքների համար»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից երեք ամիս անց:
Ֆինլանդիան անդամակցեց ալյանսին 2023 թվականի ապրիլին։ Շվեդիայի անդամակցության հարցը, սակայն, ձգձգվեց՝ Թուրքիայի ու Հունգարիայի դիրքորոշման պատճառով։
Անկարայից Ստոկհոլմի հասցեին մեղադրանքներ էին հնչում, թե Շվեդիայում ապաստան են տալիս քուրդ անջատողականներին, որոնք, Անկարայի համոզմամբ, ահաբեկիչներ են։ Թուրքիայի դիքորոշման փոփոխությանը նպաստեց ահաբեկչության դեմ ուղղված նոր օրենքի ընդունումը Շվեդիայում։
Իր հերթին՝ Բուդապեշտը դեմ էր Շվեդիայի անդամակցությանը՝ Հունգարիայի հասցեին Ստոկհոլմից հնչող քննադատության պատճառով՝ կապված Բուդապեշտում ժողովրդավարության վիճակի հետ: Միայն անցած ամիս կողմերը կարողացան հաղթահարել տարաձայնությունները՝ երկկողմ պաշտպանական համաձայնագրի կքնմամբ:
Շուրջ երկու դար չեզոքություն պահպանելուց հետո Ստոկհոլմի որոշումը անդամակցել ՆԱՏՕ-ին՝ նշանակալի փոփոխություն է Շվեդիայի և նրա ժողովրդի համար:
«Մի քանի տարի առաջ, իրոք, դեմ էի, որ Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին, քանի որ կողմ էի չեզոքության քաղաքականության պահպանմանը: Բայց հիմա, կարծում եմ, որ, իրոք, կարևոր է, որ մենք դիրքավորվենք»,- ասում է Ստոկհոլմի բուհերից մեկի ուսանող Կարլ Ֆրեդրիկ Ասպեգրենը։
«Կարծում եմ, հիմա շատ ավելի ապահով է: Առաջ մի տեսակ դրսում էինք ու մի քիչ միայնակ»,- նշում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Հաքան Յուչելը։
ՆԱՏՕ-ում համարում են, որ Շվեդիան արժեքավոր գործընկեր է։ Օրինակ, շվեդական նոր սերնդի սուզանավերը, որոնք նախատեսում են գործարկել մինչև 2028 թվականը, կարող են արդյունավետ լինել ծովի հատակով անցնող ենթակառուցվածքները պաշտպանելու գործում:
«ՆԱՏՕ-ի անդամ են բոլոր սկանդինավյան երկրները, նաև բալթյան երկրները, և սա թույլ է տալիս ամբողջական ծրագրել Հյուսիսային Եվրոպայի ու Բալթիկ ծովի պաշտպանությունը: Շվեդիան հատկապես ունակ է Բալթիկ ծովում գործելու համար, որը շատ յուրահատուկ տարածաշրջան է: Այստեղ ծանծաղ ջրեր են, և դուք կդժվարանաք այստեղ, սակայն Շվեդիան է լավ այդ գործում»,- ասում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի ներկայացուցիչ Բարբարա Կունցը:
Շվեդական ռազմուժն արդեն նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ Սառը պատերազմի ավարտից ի վեր խոշորագույն զորավարժությունների անցկացմանը:
Հայտնի է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը արձագանքել են Կրեմլում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան մտադիր է ուժեղացնել ռազմական ներկայությունը երկրի արևմտյան սահմանների երկայնքով, որպեսզի «չեզոքացվի ՆԱՏՕ-ի հաջորդ ընդլայնման հետ կապված սպառնալիքները»: