Հայտնի է, որ Գերմանիան բազմիցս հրաժարվել է Ուկրաինային մատակարարել իր հեռահար «Taurus» հրթիռները՝ պատճառաբանելով, թե նման զենքը կսրի ուկրաինական պատերազմը:
Սակայն անցած շաբաթ ռուսաստանյան պետական քարոզչամիջոցի՝ «Russia Today»-ի կողմից հրապարակված ձայնագրությունում գերմանացի չորս բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի ղեկավարը, ենթադրաբար, քննարկում էին Կիևին նման հրթիռներ մատակարարելու հարցը:
Լոնդոնի Քինգս քոլեջի վերլուծաբան Մարինա Միրոնն ասում է․ «Սա ցույց է տալիս, որ ինչ-որ տարաձայնություն կա [Գերմանիայի] բարձրագույն հրամանատարության և քաղաքական ղեկավարության միջև»։
Your browser doesn’t support HTML5
Ձայնագրությունում գերմանացի սպաները դատողություններ էին անում, թե արդյոք «Taurus» հրթիռները կարող են խոցել Կերչի կամուրջը, որը կապում է Ռուսաստանը բռնազավթած Ղրիմին:
Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ուկրաինայում գործում են բրիտանացի զինվորականներ, որոնք ուսուցանում են ուկրաինացիներին, թե ինչպես կիրառել բրիտանական արտադրության հեռահար «Storm Shadow» հրթիռները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը տակավին չի մեկնաբանել հրապարակումը։
Ռուսաստանը պնդում է, որ ձայնագրությունը ցույց է տալիս, թե, իրականում, «կոլեկտիվ Արևմուտքն» է մասնակցում պատերազմին։
Պաշտոնական Բեռլինը չի հերքել ձայնագրության իսկությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ կառավարական կապի համակարգերը վտանգված չեն:
«Տեղի ունեցածը մարդկային սխալն հետևանք է։ Ոչ բոլոր մասնակիցներն են պահպանել անվտանգության կարգը, ինչպես սահմանված է»,- ասել է նա։
Արևմտյան դաշնակիցները մտորումների մեջ են, թե ուրիշ ինչ տվյալներ կարող են անցած լինել Ռուսաստանի ձեռքը:
«Չգիտենք, թե ուրիշ ինչ գիտեն նրանք՝ [ռուսները]: Նրանք որոշել են բացահայտել այդ մեկ զանգը։ Հավանաբար, Ռուսաստանը գիտի [զենքի] մատակարարումների մասին։ Այս իրավիճակը, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի նպատակը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ կռվելը չէ, այլ դաշինքը ներսից ապակայունացնելը»,-նշում է Մարինա Միրոնը։
Ուշագրավ է նաև, որ ձայնագրությունը հրապարակվել է հանգուցյալ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորության օրը, և դիտորդները չեն բացառում, որ նման կերպ Կրեմլը ցանկացել է շեղել հանրության ուշադրությունը Նավալնիի հետ տեղի ունեցածից: