Սովորաբար Ռամադանի մեկնարկը պաղեստինցիները՝ այլ մահմեդականների նման, դիմավորում են տոնական, սակայն այս տարի՝ հաշվի առնելով Գազայի հատվածում չդադարող ռազմական գործողությունները, բազմաթիվ զոհերն ու ավերածությունները, Ռամադանի սկիզբը, որը նախատեսված է գալիք շաբաթ, դժվար թե ուրախություն պարգևի մարդկանց:
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի:
Your browser doesn’t support HTML5
«Այստեղ և ողջ աշխարհում առկա է համընդհանուր անհանգստություն, թե ինչ է կատարվում Գազայում։ Տեսել եք, թե ինչպես են ողջ աշխարհում ցույցեր անում՝ պահանջելով հրադադար։ Տեսել ենք, թե ինչպես է Ամերիկայում մի երիտասարդ ինքնահրկիզվում՝ բողոքելով Գազայի հատվածում տեղի ունեցողի դեմ։ Հույս ունենք, որ զինադադար կհաստատվի ու հատկապես՝ Ռամադանից առաջ»,- ասում է Երուսաղեմի և Պաղեստինի մեծ մուֆտի, շեյխ Մոհամմեդ Հուսեյնը:
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը համարվում է իսլամի երրորդ սրբավայրը՝ Մեքքայից և Մեդինայից հետո։ Սովորաբար, Ռամադանի ժամանակ հարյուր հազարավոր պաղեստինցիներ են այցելում մզկիթ։
Շեյխ Հուսեյնի խոսքով, Ռամադանի ընթացքում Ալ-Աքսայում աղոթքը կարևոր է բոլոր մահմեդականների համար․ «Ալ-Աքսա մզկիթը կապված է իսլամական հավատքի հետ: Մարդիկ աղոթում են ալ-Աքսայում, քանի որ այնտեղ աղոթքն ավելի ազդեցիկ է համարվում, քան այլուր: Դուք Աստծո աչքում դիտվում եք որպես չափազանց բարեպաշտ անձնավորություն, և պարգևները լինոմ են շատ ավելին, քան ցանկացած այլ վայրում աղոթելիս»:
Ալ-Աքսայի համալիրը սրբավայր է համարվում նաև հրեաների համար, քանզի այնտեղ կառուցվել ու հետագայում ավերվել է Երուսաղեմի հրեական հայտնի տաճարը, որը գտնվում է հուդայադավանների համար ամենասուրբ վայրի՝ Արևմտյան պատի վերնամասում:
Ալ-Աքսան հաճախ եղել է պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև կատաղի բախումների, իսկ ներքևի հատվածը՝ Արևմտյան պատի հարակից վայրը, հրեաների դեմ պաղեստինցիների հարձակումների տեղ: Ուշագրավ է, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իր հարձակումը «Համասը» անվանել էր «Ալ-Աքսայի ջրհեղեղ»:
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել Ռամադանի ընթացքում սահմանափակել Ալ-Աքսա մուտք գործելու իրավունք ունեցող պաղեստինցիների թիվը: Սակայն առաջարկը, կարծես, մերժվել է Իսրայելի կառավարության կողմից, ուր կարծում են, թե նման սահմանափակումը նոր բռնությունների պատճառ կհանդիսանան:
Պաղեստինցի դիտորդները նույնպես այդ կարծիքին են:
«2021 թվականին տեսանք, թե ինչպես իսրայելցիների կողմից հավատացյալների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու խոչընդոտները հանգեցրին բախումների։ Եթե Նեթանյահուն շարունակի Բեն-Գվիրի քաղաքականությունը, կտեսնենք նույն պատկերը»,- ասում է «Ալ-Քուդս» պարբերականի մեկնաբան Ռասեմ Օբեյդաթը:
Ալ-Աքսայի մերձակայքում ժողովված մարդկանց խոսքով, անհամբեր են Ռամադանի մեկնարկին, չնայած անվտանգության հետ կապված մտահոգություններին:
«Խնդիրներ չենք ուզում: Չենք ցանկանում որևէ մեկի մահը կամ, որ որևէ մեկը վնասվի: Պարզապես ցանկանում եմ խաղաղություն ունենալ Ռամադանի ժամանակ»,- ասում է տեղի բնաիչ Նադյա Նաչեն:
«Աղոթում եմ Ալ-Աքսայում երկու պատճառով։ Նախ, Աստծո աչքում բարձրանալու համար․ Ալ-Աքսայում յուրաքանչյուր աղոթք հավասարազոր է 500 աղոթքի: Երկրորդ, մեր ներկայությունը Ալ-Աքսայում շատ կարևոր է: Եթե չգնամ, մյուսները չգնան, ապա Ալ-Աքսան դատարկ կմնա, և նրանք կգան ու կվերցնեն այն»,- նշում է մեկ այլ պաղեստինցի Սայեդ Էդդին Ալ-Կազազը:
Իսրայելը թույլ չի տալիս երիտասարդ մահմեդական տղամարդկանց աղոթել Ալ-Աքսայում նույնիսկ Ռամադանի ժամանակ՝ պատճառաբանելով, որ նրանք բախումներ են հրահրում իսրայելական անվտանգության ուժերի հետ: Իսրայելական ոստիկանության խոսքով, հավանաբար սահմանափակումներ կմտցնեն Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիների համար, ովքեր կցանկանան գալ Երուսաղեմ այս լարված ժամանակահատվածում: