«Սուպեր երեքշաբթիից» հետո իր հաղթանակի մասին հայտարարեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով, ըստ ամենայնի, կառաջնորդի Հանրապետական կուսակցությանը գալիք նախագահական ընտրություններում:
«Պատրաստվում ենք կրկին հզորացնել Ամերիկան, ավելի շատ, քան երբևէ: Շնորհակալություն: Սա կարևոր օր է»,- ասել է Թրամփը:
Նախկին նախագահը երեքշաբթի հաղթանակ է տարել բոլոր նահանգներում, բացառությամբ մեկի: Այլևս Թրամփի կողքին կանգնած կուսակցական պատվիրակները հարյուրներով ավելի շատ են, քան Նիկի Հեյլիի կողմնակից պատվիրակները․ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը երեքշաբթի հաղթել էր միայն Վերմոնտում, իսկ դրանից առաջ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում:
Your browser doesn’t support HTML5
Դեմոկրատների փրայմերիզներում բոլոր նահանգներում հաղթանակ է տարել Սպիտակ տան գործող ղեկավարը՝ Ջո Բայդենը։ Բացառություն է Ամերիկյան Սամոան՝ Խաղաղ օվկիոնսում գտնվող ամերիկյան տարածքը, ուր հաղթանակն անցել է մի գործարարի։
Բայդենը կոչով դիմել է ամերիկացիներին՝ արդյո՞ք առաջ են շարժվելու, թե՞ թույլ են տալու Դոնալդ Թրամփին «մեզ հետ շպրտել»:
Նիկի Հեյլին հույս ուներ, որ ավելի շատ ընտրողներ կքվեարկեն իր օգտին, անգամ՝ դեմոկրատ ընտրողներ՝ մտահոգվելով Թրամփի հնարավոր վերադարձով, սակայն այդ ռազմավարությունը ձախողվեց՝ անհրաժեշտ քանակության ընտրողների բացակայության պատճառով:
«Իմ մտահոգությունն այս ընտրությունների հետ կապված՝ իմ իմացած Ամերիկայի պահպանումն է, ինչը նշանակում է, որ Դոնալդ Թրամփը չպետք է ղեկավարի այս երկիրը: Աջակցությունը նախագահ Ջո Բայդենին կամ որևէ չափավոր հանրապետականի միտված է հենց այդ նպատակին»,- ասում է իրեն Բայդենի կողմնակից համարող Շայ Սեգալը:
Թրամփի կողմնակիցներից Ռեգ Միտչելը համաձայն չէ․ «Դոնալդ Թրամփ՝ ևս չորս տարով․․․ , եթե կարողանանք հասնել այդ նպատակին։ Որքան էլ լինեն մտահոգություններ՝ [նրա] առաջին ժամկետը լավ անցավ»:
Գաղտնիք չէ, որ երիտասարդ ընտրողներին վանում է նախկին և ներկա նախագահների տարիքը։ Առաջին անգամ ընտրություններին մասնակցող Դոնա Մենդեսը ընտրել է դեմոկրատ Մարիան Ուիլյամսոնին․ «Զգում եմ, որ Բայդենը չափազանց մեծ է՝ երկիրը ևս չորս տարի ղեկավարելու համար, և լավ կլիներ, որ վարչակազմում բազմազանություն լինի․ [այսինքն] լիներ առաջին կին նախագահ»:
Արդեն հաջորդ երեքշաբթի, երբ ևս չորս նահանգներում կանցկացվեն փրայմերիզներ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանգիստ շունչ քաշել՝ հավաքելով բավարար թվով պատվիրակների ձայներ և դառնալով ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն:
ԱՄՆ նախկին նախագահի հիմնական մրցակիցը՝ Նիկի Հեյլին չորեքշաբթի առավոտյան հայտարարել է, թե դադարեցնում է մրցապայքարը՝ «սուպեր երեքշաբթիի» ժամանակ արձանագրված արդյունքների հիման վրա: Հեյլին շնորհավորել է Թրամփին և մաղթել հաջողություն՝ նշելով, որ հաջողություն է ցանկանում յուրաքանչյուրին, ով կլինի Ամերիկայի նախագահը:
«Մեր երկիրը չափազանց թանկ է [մեզ համար], որպեսզի թույլ տանք, որ մեր տարաձայնությունները պառակտեն մեզ»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը:
Թե՛ Դոնալդ Թրամփը և թե՛ Ջո Բայդենը կոչ են արել Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց: