Սպիտակ տունը ընդգծել է Գազայում վեցշաբաթյա հրադադարի հաստատման անհրաժեշտությունը 

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս

Երկուշաբթի հանդիպելով Իսրայելի ռազմական կաբինետի բարձրաստիճան ներկայացուցչի հետ՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Գազայում պետք է «անհապաղ» հաստատվի վեցշաբաթյա հրադադար: Դիտորդների խոսքով, հակամարտության դադարեցումը կախված է բանակցություններից: 

Ամիսներ է, ինչ պաղեստինցիներն հրադարդար են պահանջում:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Գազայի հատվածում պետք է զինադադար հաստատվի․ «Հաշվի առնելով Գազայում մարդկային տառապանքների մասշտաբները՝ պետք է անհապաղ զինադադար հաստատել առնվազն առաջիկա վեց շաբաթվա համար, և այդ հարցը է այժմ դրված սեղանին»:

Համաձայնությունը, սակայն, որոշակի պայմաններ ունի։ Սպիտակ տան պաշտոնյաների խոսքով, «Համասը» դեռ քննարկում է Իսրայելի առաջարկը՝ ազատ արձակել բոլոր պատանդներին: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները հրաժարվել են հրապարակավ քննարկել բանակցությունների մանրամասները:

Իսրայելի ռազմական կաբինետի ներկայացուցչի հետ փոխնախագահ Քամալա Հարիսի հանդիպման ժամանակ ցուցարարների մի փոքր խումբ հավաքվել էր Սպիտակ տան մոտ՝ արտահայտելու իր դժգոհությունը:

Ամերիկա-պաղեստինյան կանանց ասոցիացիայի գործադիր տնօրեն Մոնա Սադեկն ասում է․ «Հրադադար միայն վեց շաբաթո՞վ․․․ արդար չէ: Այն սոսկ կրակի դադարեցում է: Միգուցե, նրանք պարզապես ցանկանում են ժամանակ շահել՝ ընտրությունների համար։ Խաղ է, որը մենք չենք ընդունում»:

Դիտորդների ներկայացմամբ, Հարրիսի խոսքերը կարևոր են։

Your browser doesn’t support HTML5

Սպիտակ տունը ընդգծել է Գազայում վեցշաբաթյա հրադադարի հաստատման անհրաժեշտությունը

«Կարևոր է նաև, թե ինչպես է նա այդ որակել, քանի որ վարչակազմը որոշ ժամանակ ասում էր, որ իրենք հրադադար են ցանկանում, բայց այն կարող է լինել կոնկրետ գործարքի շրջանակներում: Հարիսի կոչի միակ նշանակությունն այն է, որ առաջին անգամ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան կարողացել է ճշգրիտ և պատշաճ կերպով կարեկցանք հայտնել հակամարտության երկու կողմերի զոհերի նկատմամբ»,-ասում է վերլուծաբան Տրիտա Փարսին:

Սեղանին առկա հարցերից է, թե արդյո՞ք ԱՄՆ կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համասը» կգնա այդ գործարքին:

«Պահանջները, որ մինչ այժմ ներկայացվել են վարչակազմի կողմից՝ ազատ արձակել բոլոր պատանդներին վեցշաբաթյա հրադադարի դիմաց, դժվար թե «Համասը» ընդունի: Կարծում եմ, շատ բարդ է լինելու»,- շարունակում է Փարսին:

Պարզ չէ նաև, թե արդյոք կրակը կդադարի մինչև Ռամադանի սկիզբ՝ մարտի 11-ը: