Ակնկալվում է, որ դեմոկրատների փրայմերիզներում հաղթանակը պատկանելու է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, իսկ հանրապետականների ներկուսակցական ընտրություններում հաղթելու ամենից մեծ շանսերն ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, հանրապետական Նիկի Հեյլին, ով զիջում է Թրամփին, «NBC»-ի եթերում հայտարարել է, որ կշարունակի ընտրապայքարը, քանի դեռ ընտրողները կցանկանան այդ․ «Ամեն ինչ պարզ կլինի քվեարկության արդյունքում։ Պետք է սկսենք հարգել հարկատուների դոլարները, պետք է կրճատենք կառավարության ծախսերը»:
Your browser doesn’t support HTML5
Նախկին նախագահ Թրամփը «սուպեր երեքշաբթիին» ընդառաջ նախընտրել է կենտրոնանալ ներգաղթի թեմայի ուղղությամբ․ «Ոչ մի անմեղ ամերիկացի չպետք է զոհվի միգրանտների հանցագործության պատճառով: Պետք է դադարեցնել այդ: Դուք պետք է ասեք ձեր խոսքը»:
Նախագահ Բայդենը, ով անցած շաբաթ այցելել էր Տեխասի սահմանային շրջան, Թրամփին մեղադրել է ԱՄՆ սահմանների ամրապնդմանն ուղղված երկկուսակցական օրինագիծը տապալելու մեջ:
Իր հերթին՝ անցած շաբաթ առաջին տիկին Ջիլ Բայդենը բարձրաձայնեց կանանց վերարտադրողական իրավունքների մասին, որը նրա խոսքով կարևոր հարց է․ «Նա՝ [Թրամփը] մտածում է աբորտների համար սահմանել համապետական արգելք: Դոնալդ Թրամփը վտանգավոր է՝ կանանց և մեր ընտանիքների համար: Պարզապես չենք կարող թույլ տալ նրան հաղթել»:
Դիտորդները չեն կասկածում, որ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն է լինելու Բայդենը: Որպեզի այդ ընտրություններում Թրամփը կարողանա ներկայացնել հանրապետականներին, պետք է ստանա կուսակցական առնվազն 1215 պատվիրակի աջակցությունը՝ պաշտոնապես առաջադրվելու որպես թեկնածու:
Ի դեպ, երեքշաբթի օրվա բոլոր արդյունքների պաշտոնական հրապարակման համար կարող են օրեր պահանջվել։