Գազայի հարցում ի՞նչ ազդանշան են ուղարկում ամերիկացի ընտրողները Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Ներկայում Իսրայելի ու «Համասի» միջև ընթացող բանակցությունների նպատակն է զինադադար հաստատել մահմեդականների համար կարևոր Ռամադան ամսվանից առաջ։

Մինչ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ Միչիգանում կայացած դեմոկրատների փրայմերիզի արդյունքում նախագահ Ջո Բայդենը, կարծես, ստացավ առաջին լուրջ ազդանշանը, որ պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը մերձավորարևելյան հարցում Ամերիկայում շատերի մոտ դժգոհություն է առաջացնում։ Միչիգանում դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների արդյունքում քվեարկողների 13%-ը նշել է, որ որևէ մեկին չի տեսնում որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ Ավելորդ չէ նշել, որ նահանգում բազմաթիվ են արաբական ծագմամբ ամերիկացիները։

Իսրայելը շարունակում է օդային հարվածները Ռաֆահին՝ Գազայի հատվածի հարավում գտնվող քաղաքին, ուր ժամանակավոր ապաստան են գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ։ Զուգահեռաբար՝ հակամարտ կողմերի միջև բանակցություններ են, որոնց նպատակն է մինչև մահմեդականների համար կարևոր Ռամադան ամսվա սկիզբը՝ մարտի 11-ը, զինադադար հաստատել Գազայում:

Your browser doesn’t support HTML5

Գազայի հարցում ի՞նչ ազդանշան են ուղարկում ամերիկացի ընտրողները Բայդենին

«Հուսամ, գալիք երկուշաբթի զինադադար կհաստատվի»,- օրերս հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Մերձավորարևելյան բանակցություններում «ճեղքումը» խիստ կարևոր է նախագահ Բայդենի համար, քանի նախագահական ընտրություններին ընդառաջ Ամերիկայում աճում է դժգոհությունը Գազայում տիրող իրավիճակի պատճառով։

Թեև Սպիտակ տան ներկայիս ղեկավարը երեքշաբթի Միչիգան նահանգում հաղթանակ տարավ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, սակայն արաբական ծագմամբ ամերիկացիների հոծ համայնք ունեցող նահանգում Բայդենը բախվեց «Լսիր Միչիգանին» շարժմանը, որի նպատակն է խաղաղության վերականագնումը Գազայի հատվածում։ Քվեարկողների 13%-ը նշել են, որ որևէ մեկի չեն տեսնում որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Ընտրողներից մեկն էր պաղեստինյան ծագմամբ ամերիկացի Ադամ Աբուսալահը, ով աշխատել է Բայդենի՝ 2020 թվականի նախընտրական թիմում։

«Մենք կարծում էինք, որ նա՝ [Բայդենը] կլինի այն մարդը, ով կղեկավարի այս երկիրը մարդասիրությամբ և կարեկցանքով լի: Փոխարենը, նա առաջնորդում է [Ամերիկան] կեղծավորությամբ»,- ասում է Աբուսալահը:

ԱՄՆ համապետական մակարդակում արաբական ծագմամբ և մահմեդական ամերիկացիները չեն համարվում նշանակալի ազդեցություն ունեցող: Սակայն Միչիգանում տեղի ունեցածը կարող է վկայել, թե ինչ աստիճանի են ամերիկացիները մերժում Բայդենի քաղաքականությունը Գազայի նկատմամբ:

«Ղեկավար դեմոկրատները ենթադրում են, թե իրենց ընտրազանգվածը կքվեարկի Բայդենի օգտին, քանի որ մյուս տարբերակը պարզապես սարսափելի է: Բայց սա հիասթափեցնում է ընտրողներին, քանի որ նրանք զգում են, որ նրանց ձայնը լսելի չէ»,- ասում է Միչիգանի պետական համալսարանի ներկայացուցիչ Նուրա Սեդիքեն:

Թեև որոշ մահմեդական ամերիկացիներ վստահեցնում են՝ անգամ այդ այլընտրանքը չի կարող ավելի վատը լինել, քան Բայդենի ներկայիս կառավարումն է։

Դեմոկրատներին հարող Սամրաա Լուքմանը «Հրաժարվե՛ք Բայդենից» նախաձեռնության անդամ է։

«Եթե ինձ նման մեկը նստում է ձեր առջև ու ասում, որ պատրաստ է ընդունել [նախկին նախագահ Դոնալդ] Թրամփին՝ Բայդենին պաշտոնանկ անելու համար, սա իրոք, վկայում է, թե որքան է այս նախագահը ձախողել»,- ասում է Լուքմանը։

ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում հայտնվեց ամերիկյան ռազմաօդային ուժերի ավագ օդաչու Ահարոն Բուշնելի քայլը, ով կիրակի ինքնահրկիզվեց Իսրայելի դեսպանատան դիմաց՝ ի նշան բողոքի Գազայում տիրող իրավիճակի առչությամբ:

Սպիտակ տունը նրա մահն անվանել է «սարսափելի ողբերգություն»: Նախագահ Բայդենի մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիերն ասել է, որ իրենք հասկանում են պաղեստինյան խնդրի կարգավորման կողմնակիցների հիասթափությունը:

«Մենք հասկանում ենք, թե սա ինչ է նշանակում այդ համայնքի համար: Եվ նախագահը նույնպես հասկանում է: Մտածում ենք այդ մասին, և թե ինչի միջով է անցնում համայնքը»,- ասել է Ժան-Պիերը:

Բայց Բայդենի քննադատներն ասում են, որ նախագահը ականջալուր չէ խնդիրներին, թեև հարցումները վկայում են Գազայի խնդրի վերաբերյալ ամերիկացիների շրջանում աճող դժգոհության մասին:

«Նրանք ուշադիր են դոնորներին, այսպես կոչված ճնշման խմբերին: Ուրեմն, կուսակցությունում որտե՞ղ են որոշումներ կայացնում՝ վերնախավում։ Կուսակցությունում որտե՞ղ է մեծամասնությունը՝ առաջադեմ թևի հետ, նրանք են, ովքեր զգում են, որ ներկայիս քաղաքականությունից հեռու են արդարությունն ու խաղաղությունը»,- ասում է Արաբա-ամերիկյան ինստիտուտի ներկայացուցիչ Ջեյմս Զոգբին։

Ըստ Զոգբիի, առանց Իսրայելի նկատմամբ նախագահ Բայդենի քաղաքականության փոփոխության դժվար կլինի համոզել արաբական ծագմամբ ամերիկացիներին Միչիգանում քվեարկել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի օգտին։ Նահանգը համարվում է, այսպես կոչված, տատանվող, ուր ո՛չ դեմոկրատների, ո՛չ հանրապետականների հաղթանակը երաշխավորված չէ։ Օրինակ, 2016 թվականին Դոնալդ Թրամփը հաղթեց Միչիգանում 11 հազարից էլ պակաս ձայնով։