ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի ընդունել այս ֆիանանսական տարվա համար նախատեսված երկրի պաշտպանական ողջ բյուջեն և չի քվեարկել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության նախատեսող փաթեթի օգտին: Սակայն Միացյալ Նահանգներում ուկրաինացի զինվորականների վարժանքները չեն դադարում․ վճարում է Պենտագոնը՝ իր հաշիվներից։
«Այն կարևոր առաքելություն է։ Չենք կարող երես թեքել նրանցից՝ [ուկրաինացիներից], և մեր բանակն ու ծառայությունները պետք է սկսեն դժվար որոշումներ կայացնել, որոնք կազդեն մեր ողջ զինուժի վրա»,- ասում է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Պենտագոնի ներկայացուցիչները չեն թաքցրել իրենց մտահոգությունը՝ եթե ոչինչ չփոխվի, ապա մինչև ամռան սկիզբ Եվրոպայում ու Աֆրիկայում գործող ամերիկյան զորքերի ֆինանսավորումը կարող է սպառվել, ներառյալ՝ աջակցությունը Ուկրաինային:
Պենտագոնի մամլո քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը խոսում է հետևանքների մասին. «[Նման վիճակում] խոցելի ենք։ Չենք կարող փոխել ծրագրերը: Սա նման է նրան, որ կռիվ տանք մեկ ձեռքով»:
Your browser doesn’t support HTML5
Դիտորդները հիշեցնում են՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ վերաբերում է ողջ Եվրոպային և ունակ է վտանգի տալ դնել համաեվրոպական անվտանգությունը:
«Եթե սկսեք նվազեցնել Եվրոպայում ԱՄՆ ուժերի պատրաստվածության աստիճանն ու կարողությունները, ապա այն ևս մեկ նվեր է կլինի [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինին»,- ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդ Բոումենը:
Բոումենի խոսքով, նման իրավիճակը կխրախուսի Ռուսաստանին՝ ընդլայնել իր ագրեսիան, ինչն էլ թանկ կարժենա ԱՄՆ համար, քան այսօր Կիևին ցուցաբերվող օգնությունն է:
«Այսօր ԱՄՆ-ն սպառազինություն է տրամադրում Ուկրաինային և որևէ անհրաժեշտություն չկա, որ ամերիկացիները զոհաբերեն իրենց կյանքը: Սա շատ պարզ է»,- ասում է Բրեդ Բոումենը:
Իր հերթին՝ Ուկրաինայի արտգործնախարարը Դմիտրի Կուլեբան օրերս «CNN»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը չէին զիջի Ավդիիվկան, եթե Կիևը ժամանակին «ստանար հրետանային ողջ սպառազինությունը»:
«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է Պենտագոնի փոխխոսնակից՝ արդյո՞ք ամերիկյան կողմը համաձայն է Ուկրաինայի արտգործնախարարի հետ:
«Համաձայն եմ: Ավդիիվկայում տեղի ունեցածը զորքերի նահանջ էր, և այն տեղի ունեցավ [ԱՄՆ] Կոնգրեսի անգործության պատճառով: [Դրանց միջև] ուղիղ կապ կա»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գործում է առանց ամբողջական բյուջեի: Դեկտեմբերի վերջից Վաշինգտոնը որևէ ռազմական օգնություն չի տրամադրել Կիևին: