Իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները Գազայի հարավում գտնվող ու Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքին, ուր ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։ Ոմանք բազմիցս են տեղահանվել են անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր։
Իրավիճակը Գազայում վերստին հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, և կրկին Միացյալ Նահանգները վետո է կիրառել արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը պահանջում էր անհապաղ զինադադար հաստատել Գազայում:
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր երրորդ անգամ է, ինչ Վաշինգտոնը վետո է կիրառում Գազայում նմանատիպ բանաձի նկատմամբ:
Your browser doesn’t support HTML5
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը այն անվանել է «անխոհեմ և վտանգավոր»․ «Իսրայելը սարսափելի հանցագործություններ է կատարում՝ միլիոնավոր անմեղ պաղեստինցիների անասելի տառապանքներ պատճառելով: Իսրայելը վետոյով պաշտպանվելու կարիք չունի: Այս խորհուրդը պետք է պաշտպանի պաղեստինցի երեխաներին, կանանց ու տղամարդկանց»:
ԱՄՆ-ն առաջարկել է բանաձևի իր նախագիծը, ըստ որի պահանջվում է Գազայի հատվածում հաստատել ժամանակավոր հրադադար՝ Իսրայելի և «Համասի» միջև պատանդների գործարքին զուգահեռ: Վաշինգտոնի ներկայացմամբ, առաջարկը համաձայնեցված է Եգիպտոսի ու Կատարի հետ:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է․ «Մեր նախագիծը ընդգծում է, որ Գազայի հատվածի կրճատում չի կարող լինել և մերժում է Գազայում քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը՝ ընդգծելով նաև, որ ներկա պայմաններում Ռաֆահի վրա խոշոր ցամաքային հարձակումը չպետք է շարունակվի»:
Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե «Համասի» ձեռքում պահվող բոլոր պատանդները չազատվեն մինչև այս մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը, ապա Ռաֆայի ուղղությամբ ցամաքային հարձակումը կշարունակվի:
«Ամեն օր սպառնալիքներ են հնչում։ Չգիտենք՝ ուր գնանք»,- ասում է Ռաֆահում ապաստանած պաղեստինցի Նիհալ Օբեյդը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ առաջարկած բանաձևը չի թաքցնում Վաշինգտոնի բացասական դիրքորոշումը Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի գործողությունների առնչությամբ։
Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գոուանն ասում է․ «Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է մի տեքստ, որն, իրոք, պարունակում է բավականին խիստ, թեև անուղղակի քննադատություն Գազայում Իսրայելի գործողությունների և Արևմտյան ափին հաստատված իրավիճակի առնչությամբ: Կարծում եմ, սա նշան է, որ Բայդենի վարչակազմի համբերությունը սպառվում է»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է, թե չի պատրաստվում ենթարկվել միջազգային ճնշմանը։ Այս շաբաթ Իսրայելում սպասում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդական Բրեթ ՄըքԳուրկին, որի նպատակն է համոզել Իսրայելին համաձայնության գալ պատանդների գործարքի շուրջ և հրաժարվել Ռաֆահում ցամաքային գործողությունից