Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրը լսելով՝ Երևան տեղափոխված հարյուրավոր ռուսաստանցիներ հավաքվել էին Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։ Անմիջապես շենքին մոտենալ նրանց չհաջողվեց, քանի որ ոստիկանները նախապես փակել էին դեսպանատան հարակից տարածքը։ Ցուցարարների բազմությունը փակեց Զաքյան փողոցի՝ դեսպանատան հանդիպակաց հատվածը։ Երթևեկության համար փողոցը բացվում էր միայն շտապ օգնության մեքենաների շարժը ապահովելու նպատակով։
Ինքնաբուխ հավաքի մասնակիցները հիմնականում ռուսաստանցիներ էին, որոնք ծաղիկներ, մոմեր, նկարներ և դրոշներ էին բերել, պարզել էին հակապատերազմյան, հակապուտինյան բովանդակությամբ պաստառներ, շատերը լալիս էին։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ալեքսեյ Նավալնիի հիշատակը, ապա վանկարկումներով, երգերով և լոզունգներով իրենց անհամաձայնությունն էին արտահայտում պուտինյան ռեժիմի քաղաքականության նկատմամբ։
Վիկտոր Ցոյի «Փոփոխություններ՝ պահանջում են մեր սրտերը» երգով Սանկտ Պետերբուրգի բնակչուհի, կիսով չափ հայ Արմինե Մորուսը իր երախտագիտությունը հայտնեց հավաքվածներին ու կոչ արեց չհուսահատվել, քանի որ դա, նրա խոսքերով, հենց Ալեքսեյ Նավալնիի հորդորն է․ «Եթե ինձ սպանեն, հիշեք, որ մենք շատ ենք և մեզնից վախենում են, դրա համար խնդրում եմ՝ մի դադարեք անել այն, ինչ անում եք, մի դադարեք ընդդիմանալ»,- ասել է Նավալնին իր աջակիցներին։
Ըստ հայտարարված նախնական վարկածի, որը դեռևս անկախ փորձագետների կողմից չի հաստատվել, Նավալնին մահացել է թրոմբի (արյան մակարդուկի) պոկվելու հետևանքով: Բայց հիշատակի ակցիայի մասնակիցները պնդում էին, թե դա սպանություն է, և սա Պուտինյան Ռուսաստանում կրկնվող վարքագիծ է՝ քաղբանտարկյալների նկատմամբ։
«Երբ սպանեցին Բորիս Նեմցովին, ես դեռ շատ փոքր էի, լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում,- ասում է Երևանում ՌԴ դեպանության շենքի մոտ հավաքվածներից մեկը՝ Դանիելը, որը Մոսկվայից տեղափոխվել է Երևան մոտ 2 տարի առաջ,- այսօր, հարցին՝ ով է հաջորդը, կարող եմ հստակ պատասխանել․ ես, դուք, բոլորս։ Ռուսաստանյան ընդդմիությանը որևէ լավ բան չի սպասվում, սա քաղաքական սպանություն է, սա նաև հարյուր հազարավոր մարդկանց՝ այս մարդկանց, կյանքի և հույզերի տապալումն է։ Ես սարսափում եմ։ Միլիոնավոր մարդկանց կյանքեր պարզապես դժոխքի է վերածվել»,- ասաց նա։
«Առաջինը, ինչի մասին մտածեցի, այն էր, որ նրան, ի վերջո, որոշեցին սպանել։ Եվ, այո, ես այդպես եմ գնահատում։ Երբ մարդուն պահում են այդպիսի պայմաններում, դա միանշանակ կարելի է սպանություն համարել, անկախ ամեն ինչ»,- ասաց հավաքվածներից մեկը՝ գնահատելով, որ ընտրություններից առաջ արդեն այսպիսի իրադարձությունը, ցույց է տալիս, որ ընտրություններից հետ իրավիճակն ավելի է վատթարանալու, և արդեն ամենևին հնարավոր չէ կանխատեսել, թե այս մարդիկ և ինքն՝ անձամբ, երբ կկարողանան գնալ տուն և անցնել իրենց բնականոն կյանքին։ «Ինչքան երկար սա կտևի՝ դժավարանում եմ ասել,- ասաց նա,- կարող է երկար տևել , թեև մենք տեսնում ենք, թե ինչպես են Պուտինի դեմ նախաձեռնությունները շատ արագ տարածվում, ինչպես դա եղավ, օրինակ, Նադեժդինի դեպքում»։
«Սա հսկայական ողբերգությունն է, ինձից մի մաս այսօր մեռավ,- ասում է Սվետլանա Մուսինովան։ - Այստեղ գալն այսօր երևի ամենափոքր բանն է, որ ես այսօր կարող էի անել, և ինձ պետք էր իմ հայրենակիցների աջակցությունը, ես ուզում էի, որ նրանք իմ կողքին լինեն, որպեսզի այսօր ես մենակ չմնամ», - նշում է պատերազմի պատճառով Երևան տեղափոխված մոսկվացի կինը, որը Նավալնիի մահվան լուրը լսելուց հետո անմիջապես շտապել էր Երևանում ՌԴ դեսպանատան մոտ՝ հավաքի։
«Առաջինը, ինչ զգացի, սարսափն էր։ Մինչ այդ մտածում էի, թե Պուտինին ձեռնտու չէ Նավալնիին հալածյալ դարձնելը, նրան սպանելը, բայց եղավ, ինչ եղավ։ Ինչ կլինի հետո՞, դժվարանում եմ ասել։ Չեմ կարծում, թե Նավալնիի մահը ընդդիմադիր շարժման նոր սկիզբ կդառնա։ Չեմ կարծում, որ կգտվի մի նոր առաջնորդ, որը կկարողանա համախմբել բոլորին։ Ես ուզում եմ, որ փոփոխություններ լինեն, բայց չեմ հավատում, թե կլինեն»,- ասում է հավաքվածներից մեկը, որն արդեն երկու տարի իրեն երևանցի է համարում, ու չի էլ պատկերացնում, թե երբ հնարավոր կդառնա իր վերադարձը հայրենիք։-«Հիմա, առայժմ իմ վերադարձը Մոսկվա ուղղակիորեն անհնար է»,- ասաց նա։
Ռուսաստանի դեսպանության մոտ՝ ի հիշատակ Նավալնիի ինքնաբուխ հավաքում, հիմնականում ռուսաստանցիներ էին, ինչը չի զարմացնում Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Ցավոք, մեր քաղաքացիները անհաղորդ են հիմնականում այս ցավին, բայց մյուս կողմից այստեղ հավաքված մարդիկ՝ իրենք էլ անհաղորդ են հայերի ցավերի նկատմամբ, գնահատեց Տիգրան Խզմալյանը՝ նշելով, որ «Համախոհների ոչ միաբանությունը հենց Ռուսաստանի և Պուտինի ուժն է»։ Նա խոսքով, իր ղեկավարած եվրոպական կուսակցության անդմաները եկել են ցույց տալու, որ սա նաև մեզ է վերաբերում, եկել են իրենց համերաշխությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր Ռուսաստանից հեռանալուց հետո իրենց փրկության հույսը կապում էին Նավալնիի հետ։ Հիմա այդ հույսը չկա, ասաց նա՝ վստահաբար պնդելով, թե ընտրություններից առաջ Պուտինը, որոշեց այրել բոլոր կամուրջները, որոնք իրեն կապում էին աշխարհի հետ։
«Սպանել գերեվարվածին, սպանել գլխավոր ընդդիմադիրին նշանակում է դեմ գնալ ամբողջ աշխարհին, և սա նշանակում է, որ և՛ նրանց համար, և՛ մեզ համար խաղաղ ելքի ոչ մի հույս չկա», կարծում է Տիգրան Խզմալյանը։