Գազայի հատվածում գործող բազմաթիվ լրագրողներ ներկայում կենտրոնացած են Եգիպտոսին սահմանակից Ռաֆահում, ուր Գազայի հյուսիային շրջաններից տեղահանված պաղեստինցիների պատճառով բնակչության թիվն աճել է մոտ հինգ անգամ: Գազայի բնակիչների հոսքը դեպի հարավ չի դադարում։
Տեղում աշխատող լրագրողների խոսքով, յուրաքանչյուր ուղիղ միացում, տեսանյութ իրենց համար կարող է լինել վերջինը, ինչպես ցանկացած ուղևորություն դեպի տեղի շուկա՝ սնունդ կամ վառելիք հայթայթելու, հիվանդանոց՝ անհետ կորածի, վիրավորի կամ մահացածի գտնելու, անգամ՝ որևէ գիշեր, երբ գլուխը դնում են բարձին:
Պաղեստինցի լրագրող Մոթասեմ Մորթաջան ասում է, որ Գազայի հատվածում աշխատելը անչափ դժվար է․ «Իրավիճակը Գազայում շատ բարդ է։ Կարող են սպանել՝ լուր հաղորդելիս»։
Your browser doesn’t support HTML5
Տվյալները վկայում են, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվն ավելին է, քան ժամանակակից պատմության ցանկացած այլ հակամարտության ընթացքում:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (The Committee to Protect Journalists, CPJ) հայտնել է զոհված 85 լրագրողների մասին։ ՄԱԿ-ի տվյալներով այդ թիվը ավելի մեծ է՝ 122: Գազայի հատվածում աշխատող լրագրողների ներկայացմամբ, իրենց գործընկերներից, իրականում, սպանվել են 130 հոգի:
Մորթաջան ասում է, որ երբեմն լուրեր հաղորդելն ուղղակի անհնար է․ «Սահմանափակելով լրագրողների աշխատանքը՝ նրանք ձգտում են մեզ հետ պահել լուրերն արհեստավարժ կերպով հաղորդելուց։ Իսկ երբ սպանում են լրագրողին, ճշմարտությունն ասելու մեր վճռականությունը միայն ամրապնդվում է»:
Ինչպես հայտնի է, Իսրայելի կառավարությունն արգելել է միջազգային լրատվամիջոցների մուտքը Գազայի հատված։ Անցած տարվա դեկտեմբերին Երուսաղեմի Օտարերկրյա մամուլի ասոցիացիան գանգատ էր ներկայացրել Իսրայելի գերագույն դատարան՝ պահանջելով թույլ տալ լրագրողներին մուտք գործել Գազա՝ իսրայելցի ուժայինների կողմից վերահսկվող այցերից զատ:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, թե այն անհարկի խնդիր կառաջացնի Իսրայելի պաշտպանության ուժերի համար:
Իսլամ Էզզանունը, ով աշխատում է պաղեստինյան լրատվական գործակալություններից մեկում, ասում է, որ պատերազմ է ընթանում լրագրողների դեմ՝ մանրամասնելով, թե, օրինակ, Իսրայելը հաճախ խափանում է կապը, և լրագրողները պարզապես չեն կարողանում տեղեկատվություն ստանալ ակտիվ մարտական գործողությունների վայրերից։
Իսրայելի կառավարությունը բազմիցս արձագանքել է, թե նպատակ չունի թիրախավորել լրագրողներին, ինչը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու պաղեստինցի լրագրողները արժանահավատ չեն համարում: